Քարոզարշավի երեկվա հերոսը Կոնգրես-ՀԱԿ դաշինքն էր: Նախօրեին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` դարձյալ հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում: Երեկոյան դաշինքն Ազատության հրապարակում ամփոփել է իր քարոզարշավն առանց առաջնորդի. Տեր-Պրտրոսյանը, փաստորեն, սահմանափակվեց հեռուստատեսային երկու ելույթով` որոշակի հեռավորություն պահպանելով նույնիսկ Կոնգրես-ՀԺԿ հարթակից: Պետրոս Ղազարյանի եթերում առաջին նախագահը կտրականապես բացառել է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հեռանկարը և առհասարակ` իր ղարաբաղյան դիրքորոշումը դուրս է դրել ընտրական կոնյուկտուրայից:
«Լսե՛ք, ես պարզ, բաց հայտարարել եմ, իմ դեկտեմբերի 18-ի ելույթում էլ, որ այս հարցում մենք,այո՛, սատարում ենք Հանրապետական կուսակցությանը, Սերժ Սարգսյանին, Էդիկ Նալբանդյանին, ողջ կառավարությանը, որովհետև դա ամբողջ կառավարության ծրագիրն է, թող ոչ ոք չփախչի: Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում: Ուրիշ ոչ մի հարցում մենք Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ գնալու մտադրություն չունենք: Մենք եղել ենք ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի ամենախիստ քննադատները: Գտեք մեր ելույթները 2007 թվականից սկսած»,-ասել է նա: Համընդհանուր կարծիք կա, որ Տեր-Պետրոսյանի ընտրական մարտավարությունը նպատակ ունի ապահովել իր գլխավորած դաշինքի ներկայությունն ապագա խորհրդարանում: Գուցե դա ճիշտ է, բայց չի կարելի բացառել այլ մոտիվ: Հաշվի առնելով առաջին նախագահի տարիքն ու մի շարք այլ հանգամանքներ` չեմ բացառում, որ Տեր-Պետրոսյանն այս օրերին գործում է ոչ թե մի քանի մանդատի, այլ` պատմության համար: Մանավանդ, այլ ֆորմատով ՀԱԿ առաջնորդը չմասնակցեց քարոզարշավին:
Հիշատակված հարցարույցում Լևոն Տեր-Պետրոսյանը, ղարաբաղյան խնդրի համատեքստում, անխնա քննադատության է ենթարկել ՀՅԴ-ին, Վարդան Օսկանյանին, Սեյրան Օհանյանին: «Վարդան Օսկանյանն իրեն համարել է Մադրիդյան սկզբունքների հայրը, բայց իրենց ծրագրում ոչ մի լուծում չկա, ինչո՞ւ ծրագրում չկա լուծում, այդ ինչպե՞ս պատահեց, Մադրիդյան սկզբունքները խո՞րթ են, հիմա դարձել է խո՞րթ հայր», - հարցրել է ՀՀ առաջին նախագահը: Անդրադառնալով Սեյրան Օհանյանին` Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է ոչ վաղ անցյալի պատմությունը. «Վազգենն արեց, դո՞ւ ինչու չկարողացար անել, պարո՛ն Օհանյան։ Դու էլ վեր կենայիր ասեիր՝ ես համաձայն չեմ, հրաժարական տայիր կամ Սերժ Սարգսյանին հեռացնեիր իշխանությունից»:
Ի դեպ, դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը «բայղուշական» է որակել Լևոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները ԼՂ հարցում: Այս որակումը, համաձայնեք, այնքան էլ քաղաքական չէ:
ՀՅԴ-ն երեկ քարոզչություն է իրականացրել Երևանի Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում: Նույն Մինասյանը համոզմունք է հայտնել, թե ապագա խորհրդարանում պատկառելի ներկայություն են ունենալու` չնայած սոցհարցումները ներկայացնում են միանգամայն հակառակ պատկեր:
Հարցումներին չեն հավատում նաև կոմունիստները: Վազգեն Սաֆարյանը երեկ ասել է, որ եթե իրենք անցնեն խորհրդարան՝ օրենքի նախագիծ են ներկայացնելու ԱԺ՝ ընտրություններից առաջ բոլոր սոցիոլոգիական հարցումներն արգելելու համար։
Երեկվա ասուլիսում` ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընտրել է ընդդիմադիրներին թիրախավորու մարտավարություն: Նա «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե խորհրդարանական ընտրություններին դաշինքը համոզիչ հաղթանակ է տանելու, «ապրիլմեկյան կատակ» է որակել: Նույն հումորով Շարմազանովն անդրադարձել է նաև «Ելք» դաշինքի առաջատարության մասին պնդումներին: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն Արցախում ունեցած ելույթով արձանագրել է, որ ինքն անփոխարինելի է: «Նախ պետք է ասեմ, որ ես այդ կարծիքին չեմ: Պատմությունն է ցույց տալիս` ով է անփոխարինելի, ով ոչ: Բայց մի բանում կարող եմ համաձայնել պարոն Հովհաննիսյանի հետ, որ լինում են անփոխարինելի գործիչներ: Ինքը, օրինակ, անփոխարինելի է մի բանում. քաղաքական կապիտալը մսխելու գործում պարոն Հովհաննիսյանը չեմպիոն է»,-ասել է Շարմազանովը:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը երջանիկ կլինի մնալ պաշտպանության նախարար նաև ընտրություններից հետո: Այդ մասին նախարարն ասել է ռուսական ԶԼՄ-ների համար կազմակերպված ասուլիսում` վստահություն հայտնելով, որ ապագա խորհրդարանում հանրապետական մեծամասնություն է ձևավորվելու:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանրապետականների լավատեսությունը չի կիսում: Կայքերից մեկին նա պատմել է նաև ՀՀԿ-ի նախապատրաստած կեղծիքի մասին: ««Ծառուկյան» դաշինքը վերցնելու է մեծամասնություն, մենք տեր ենք կանգնելու մեր ամեն քվեին։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ այս անգամ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում լինելու է փոքրամասնություն։ ...Իշխանության միակ մրցակիցը «Ծառուկյան» դաշինքն է, և Հանրապետական գրեթե բոլոր ռեյտինգային թեկնածուներն իրենց ակտիվին տվել են մեկ հանձնարարական՝ ում գումար եք տալու՝ ասեք՝ «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը հանի դուրս»,-ասել է նա:
Մինչդեռ «Թրանսփարենսի ինթերենեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը երեկ դարձյալ պնդել է, որ ընտրակաշառք բաժանում է ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև` «Ծառուկյան» դաշինքը: Ի դեպ, դատախազությունն օպերատիվ արձագանքել է` հակակոռուպցիոն կենտրոնին խնդրելով տրամադրել փաստեր:
Դատախազության հետագա արձագանքը, թերևս, անորոշ է, սակայն Արևմուտքում շատ լուրջ են վերաբերվում ընտրախախտումների մասին ինֆորմացիային: Երեկ համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ-ում ԱՄՆ-ի, ԵՄ, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները: «Մենք գոհ ենք կիրակի օրը կայանալիք ընտրությունների համար նախատեսված ընտրողների նույնականացման սարքավորումների վերջին փորձարկումների արդյունքներից: Ուզում ենք գովեստով նշել Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցելու այս ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարության հանձնառու աշխատանքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից դրա արդյունավետ իրականացումը՝ խիստ սեղմ ժամկետներում:
Մենք խորապես հավատացած ենք, որ այս քայլերը կնվազեցնեն քվեարկության օրը կեղծիքներ թույլ տալու հավանականությունը և կսահմանափակեն ընտրական գործընթացներին միտված միջամտությունները տեղամասերում: Մենք հստակ փաստում ենք, որ քվեարկությունը լինելու է փակ, և որ տեղամասերում տեղակայված նույնականացման սարքավորումներն ու տեսախցիկները նախատեսված չեն արձանագրելու ընտրողի քվեն:
...Հարկ է նշել, որ ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականը չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ: Մենք տեղյակ ենք, և մեզ մտահոգում են ընտրողների ահաբեկման, քվեներ գնելու փորձերի ու որոշ մրցակցող ուժերի օգնելու նպատակով վարչական ռեսուրսի համակարգային կիրառման մասին պնդումները»,-կարդում ենք փաստաթղթում: Ի դեպ, զրույցներ են շրջանառվում, որ Արևմուտքում «սև ցուցակներ» են կազմվելու կոնկրետ ընտրակեղծարարների համար:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ