Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսը և նրա նորահայտ տապանաքարը

Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսը և նրա նորահայտ տապանաքարը
31.03.2017 | 11:06

Առաջնորդի մասին մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել: Պատմագիր Հարություն Տեր-Հովհանյանը շատ համառոտ հիշատակում է, որ 1604 թ. հայերի մեծ գաղթի ժամանակ Հին Ջուղայի առաջնորդը եղել է Մեսրոպը, որը գաղթականների հետ հաստատվել է Նոր Ջուղայում և առնվազն մինչև 1613 թ. շարունակել իր հոգևոր պարտականությունը:
Ամենահին աղբյուրը, որ մատնանշում է Մեսրոպին որպես Նոր Ջուղայի առաջնորդի, 1608 թ. մի ձեռագիր մատյան է, իսկ մեկ այլ հիշատակությունում նշվում է, որ մինչ 1602 թ. Հին Ջուղայի առաջնորդն էր Հովսեփ անունով հոգևորականը:
Կաթոլիկ քարոզիչ Դիեգո դե Սանտա Անան հիշատակում է, որ առաջնորդական պաշտոնը բաժանված է եղել երկու եպիսկոպոսների միջև` չհիշատակելով նրանց անունները: Այլ ձեռագիր մատյաններում Մեսրոպ արքեպիսկոպոսն առհասարակ կոչվել է «մեր Նոր Ջուղա գավառի առաջնորդ»:
Ինչևիցե, վերը նշված հակասական և իրարամերժ տվյալները խոսում են այն մասին, որ Մեսրոպ արքեպիսկոպոսը միայն 1607-ից հետո է եղել Նոր Ջուղայի առաջնորդը:
Նվաստիս համար մի քանի տարի առաջ հարց ծագեց, թե ինչո՞ւ Մեսրոպ առաջնորդի շիրիմը մեր մյուս երջանկահիշատակ առաջնորդների նման չի ամփոփվում Սբ Ամենափրկիչ վանքի շրջափակում: Այնինչ Նոր Ջուղայի նշանավոր պատմագիր Լևոն Մինասյանն իր «Սպահանի հայոց թեմի Առաջնորդները» գրքում հիշատակել էր շիրմաքարի արձանագրությունը. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԵՎ ՇԻՐԻՄ ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ԹՎ. ՌՀԵ (1626 թ.)», իսկ գտնվելու վայրը նշել` գերեզմանատան 3 Ե մաս:


Մի օր էլ գերեզմանատան բարեզարդման հանձնախմբի գործադիր վարիչ Արման Սիմոնյանի հետ սկսեցինք որոնումները: Նախ, հայտնաբերեցինք 3 Ե հատվածը, ապա և շիրմաքարը՝ մի կողմի վրա թեքված, անշուք, խղճուկ և անմխիթար վիճակում: Այն ժամանակվա առաջնորդ Գերաշնորհ Բաբգեն արք. Չարյանի հետ երկար զրուցեցինք, և նա որոշեց, որ Կրոնական խորհրդի միջոցով սկսվի շիրիմի վերականգնման և բարեզարդման գործընթացը:
Փառք Աստծո, այժմ արդեն մեկնարկել են բարեզարդման աշխատանքները: Հարկ եմ համարում հիշեցնել, որ Նոր Ջուղայի գերեզմանատունը` իր 400-ամյա անցյալով, այստեղ ամփոփված մեծանուն հայ և այլազգի վաճառականներով, արհեստավորներով, դեսպաններով ու մշակույթի գործիչներով, մեր ժողովրդի պատմության անխարդախ վկան է և ներկայացնում է միջազգային բացառիկ արժեք` կարոտ լուրջ ուսումնասիրության և համապատասխան հոգատարության:


Նիկիտ ՄԻՐԶԱՅԱՆՑ
Նոր Ջուղա (Սպահան)
Լուսանկարները`
Արման ՍԻՄՈՆՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ