Ապրիլի ընտրության ելքը դեռ անցած սեպտեմբերին վճռվեց, երբ վերևում «իշխանափոխություն» կատարվեց` քաղաքական սահմանագիծը իշխանություն-ընդդիմություն «նավթալինոտ» հարթությունից տեղափոխելով ՀՀԿ-ի հին ու նոր «ոգիների» հակադրության «անմշակ» դաշտ:
Իշխանափոխության հարցն այսպիսով` ընտրության, համենայնդեպս` ընդդիմության օրակարգից դուրս եկավ: «Իշխանափոխություն» իրականացրեց Կարեն Կարապետյանը` քարոզարշավում հաղթելով սեպտեմբերին պարտված «ժառանգորդին»: Մի քիչ լավ չի հասկացվում, թե Կարապետյանն ինչն ինչով է փոխում: Դե, բառերով գիտենք` քրեաօլիգարխիան հեռանում է, բայց եկողի անունը չգիտենք, որովհետև «դոնախառն» կամ «պիպոյանման» կերպարները հիմա գեղեցիկ անուն ունեն` Հայաստանի ներդրողների ակումբ: Բայց, ինչքան ես կարողացա հասկանալ, էդ «ներդրողները» մեր հիմնական «ներկրողից» տարբերվում են նրանով, որ քյաբաբի փոխարեն սպագետի են ուտում կամ իտալական մենյուով սնվում են հասարակության աչքին, իսկ «աչքից հեռու»` մեր քյաբաբի նմանը չկա:
Այսինքն, որ Ալեքսանյան Սամվելը մի քիչ ռուսերեն սովորի, ներկրողից` ներդրող կդառնա: Դրա համար էլ էլիտայում նրա մնալու շանսը տվեցին` չնայած այդ նոր էլիտա կոչվածով զբաղվելու ժամանակ դեռ ոչ ոք չի ունեցել: Եթե նոր էլիտայի հարցով խորանաանք, կպարզվի, որ, օրինակ, «Թոխմախի Մհերը» դրան չի կարող ինտեգրվել` միայն տարիքի պատճառով, Գորիսցի Սուրիկը` ակցենտի, «Մետաքսի Գագոն»` մաշկի գույնի, և այսպես շարունակ:
Բայց կարևորը «նոր ոգին» է, որի բովանդակությունը գեղեցիկ ժպիտն է, որից վերև գուցե անկենդան ու ոչինչ չասող աչքեր են: Եթե ժպիտը կա, աչքին նայողն ո՞վ է: Կարևորը` ընտրողն աչք ուներ ու «նոր ոգու» գեղեցիկ ժպիտը գնահատեց, 80%-ով սիրահարվեց նրան:
Մի օր կարող է պարզվել, որ «նոր ոգին» կոմունիզմի պես մի բան է` նրան ոչ հանդիպող է եղել, ոչ էլ` հետը զրուցող:
Այդ օրը կհասկանանք, թե «նոր ոգին» այս մարտ-ապրիլին ինչու էր ժպտում: Գարնանը այդպես է ընդունված: Արանքում` մարտի 8-ն էր. մեռելի դեմքով կանանց ծաղիկ չեն տալիս, մանավանդ, ասում են` մատղաշների ոչ թե 80, այլ 180%-ն է «նոր ոգու» բույրով ապրել: Բայց շարունակենք ամսաթվերը հիշել ու Խաբելու օրը չմոռանանք, որովհետև անեկդոտն էլ` ժպիտով են պատմում: Ապրիլի 2-ին լրջանալու օրն էր, բայց Ապրիլի 1-ի իներցիան թույլ չտվեց:
Դե, ժպտալով էլ ընտրություն արվեց, հետո այդ ժպիտը դարձավ հեգնանք, որովհետև ժողովուրդը չհասկացավ, որ դիմացինի ժպիտի պատճառն արդեն ոչ Մարտի 8-ն է, ոչ էլ` ապրիլի 1-ը, այլ հենց ինքը, որ դարձել է հին ու նոր «ոգիների», բարու ու չարի հեքիաթի զոհը:
«Հին ոգին» «ժառանգորդ» չդարձավ, բայց որդուն իր «շուստրի» քաղաքկանության և «փչացած», բայց «մարսված» կապիտալի «ժառանգորդը» դարձրեց: «Նոր ոգին» անժառանգ կհեռանա` կոմունիզմի ուրվականի պես, հետո կսկսվի իշխանության «պերեստրոյկան»` կոմունիստական, կներեք` հանրապետական «լավագույն ավանդույթներով», պայթող ու չպայթող «փուչիկներով»: Կարևորը` սիրեք դիմացինի ժպիտը, գուցե հանդիպեք «նոր ոգուն»...:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ