Վերջին քսան տարում Հայաստանում չեն եղել ընտրություններ, որոնց ընթացքում չխոսվի վարչական ռեսուրսի չարաշահման կամ ընտրակաշառքի մասին: Այդ հոռի երևույթները եղել են, դրանց առնչվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հազարավորները խոսել են դրանց մասին, բայց այդ ամենը եղել է վերացականի մակարդակում, որովհետև փող տվողն ու վերցնողը, ճնշողն ու ճնշվողը չեն բացահայտվել: Վերջին ընտրությունները, կարծես, ամենաանաղմուկն էին, անգամ մարդիկ քողարկված ծաղրում էին Կոնգրես-ՀԺԿ դաշինքին` դրանց արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու համար, բայց երկու սկանդալ ակնհայտորեն ստվերեցին, հարամեցին ընտրությունները:
Այդ սկանդալները քողարկել, լոկալացնել, «հայավարի տակով անել» հնարավոր չէ, որովհետև դրանք դարձել են ոչ միայն հանրային խոսակցության թեմա, այլ միջազգային արձագանքի, սևեռուն հայացքի թիրախ:
Ենթադրենք` դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները քաղաքացիական ջանքերի արգասիք էին ու, ինչ-որ տեղ, կանխարգելիչ բնույթ ունեին, մանավանդ, դրանցում անհատական պատասխանատվությունը ստորադասվում էր խմբակայինին` թիրախի դերում դնելով ՀՀԿ-ին:
«Սաս գրուպի» ձայնագրության պարագան որակապես տարբեր է, որովհետև կա կոնկրետ թիրախ, ու ձայնագրությունն էլ հրապարակայանցվեց ընտրություններից հետո, երբ Արտակ Սարգսյանը հաղթել է կոնկրետ ընտրատարածքում և, պատկերավոր ասած, նրան «փչացնելը» միայն բարոյական հաղթաթուղթ է ընդդիմության համար: Ասել կուզի` ընդդիմությունը, նույնիսկ ցանկության կամ հնարավորության դեպքում, հազիվ թե գնար նման «բացահայտման»` ՀՀԿ ռեյտինգայինների «ռազբորկային» մասնակից դառնալու համար: Տրամաբանական ենթադրություն է առաջանում, որ ապրիլի 2-ին ընտրությունները կատարվել են, այսպես կոչված, այսբերգային մակարդակում, բուն ընտրությունն այս օրերին է` կուսակցական գրասենյակներում, որտեղ ֆիլտրվում են համամասնական ու վարկանիշային ցուցակները: Համակարգային տրանսֆորմացիան բարդ գործընթաց է. տեղի է ունենում շահերի լուրջ բախում, իշխանությունն ամենևին էլ մոնոլիտ չէ, եթե անգամ օրական հարյուր անգամ նման պնդում անի Էդուարդ Շարմազանովը: Եվ ուրեմն` «ՍԱՍգեյթը» ներիշխանական խմորումների դրսևորում է: Արտակ Սարգսյանը միակ ռեյտինգայինը չէ, որ քվեներ է ապահովել նման հարկադրանքի, մարդկանց նվաստացնելու ճանապարհով, բայց հենց նա հայտնվեց սկանդալի, միջազգային «խոշորացույցի» կիզակետում:
Գլխավոր դատախազությունը մի «անշառ» հաղորդագրություն էր տարածել, որ սկանդալային ձայնագրությունը իրենց կողմից ուսումնասիրվում է, ու դա բավական էր, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունն անմիջապես գործընթացը միջազգայնորեն լեգիտիմացնի, ստեղծի իրավիճակ, երբ կոնկրետ սկանդալը կարող է հանգուցալուծվել միայն առնվազն կոնկրետ մարդու քաղաքական պատասխանատվության հետևանքով: ԱՄՆ-ը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել: Այսինքն, ամերիկացիները բաց տեքստով ակնարկում են, որ Հայաստանի իշխանություններից, իրավապահ մարմիններից կոնկրետ արդյունք են ակնկալում: Ավելին, դեսպանատունը հայտարարությունով փորձում է կանխել այն նախադեպը, որը տեղի ունեցավ «114 ձայնագրությունների» գործով, երբ իրավական հարթության մեջ թիրախավորվեցին ոչ թե վարչական ռեսուրս չարաշահողները, այլ` այդ փաստը հրապարակայնացնողները: «Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Խնդիրն ավելի շատ բարոյաքաղաքական, քան իրավական հարթության մեջ է: Իշխանությունները չեն կարող կասկածի տակ դնել «անցնցում ընտրությունների» լեգիտումությունը, ըստ այդմ` սկանդալի քաղաքական հետևանքները պետք է լոկալացնեն, սլաքները կուսակցությունից ուղղեն մեկ մարդու ուղղությամբ: Կարող է այնպես ստացվել, որ Արտակ Սարգսյանը զրկվի մանդատից` դեռ այն չստացած: Միջազգային հանրությունը կգոհանա` ինչպես ժամանակին հանգստացավ մեր հասարակությունը, երբ «Հարսնաքարի» հայտնի դեպքերը հանգեցրին Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու «ինքնակամ-հարկադրական» քայլին:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ