ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Քարոզարշավ. օր հինգերորդ. Տարոն Մարգարյանը չի «նկատում» կրեատիվ ընդդիմադիրներին

Քարոզարշավ. օր հինգերորդ. Տարոն Մարգարյանը չի «նկատում» կրեատիվ ընդդիմադիրներին
26.04.2017 | 16:32

Համոզված կարելի է պնդել, որ արդարացված չէ Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը համապետականից հետո: Անզեն աչքով տեսանելի է, որ երևանյան գործընթացն ավտոնոմ չէ և հանդիսանում է ԱԺ ընտրությունների իներցիոն շարունակությունը: Միայն այս հանգամանքը հերիք է, որ ընտրական գործընթացը «հոգնած» ու կանխատեսելի լինի: Չնայած դրան` ընդդիմությունը փորձում է դրանում ակտիվություն մտցնել` ընտրական նոր տեխնոլոգիաների միջոցով:


Օրինակ, Զարուհի Փոստանջյանը երեկ առավոտվա ութից եղել է Նժդեհի հրապարակում և արձանագրել է տրանսպորտի անմխիթար վիճակը: Քաղաքապետի թեկնածուն չի ընդունում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հակափաստարկը, թե «Գազել»-ները նոր ավտոբուսներով փոխարինելու, տրամվայը վերականգնելու համար քաղաքային բյուջեն չի բավարարում. «Երբեք փող չի լինի՝ եթե դու զբաղվելու ես գողությամբ, յուրացմամբ և չարաշահումներով: Այդ հնարավորությունները կան, բայց այդ հնարավորությունները չեն թույլ տալիս, որպեսզի մենք օգտագործենք, որովհետև մենաշնորհ է՝ գծատերերը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, և այդ գումարները իրենք են յուրացնում: Այդ թվում նաև Տարոն Մարգարյանը»: Ի դեպ, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդը Տարոն Մարգարյանին լուրջ մեղադրանք է հասցեագրել, ասելով, թե նա հարստացել է հանրային միջոցների հաշվին:


Քաղաքապետի մյուս թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում է կազնակերպել Կենտրոնի վարչական շրջանի աշխատակազմի շենքի մոտից` առաջարկելով «ժողովրդական իշխանության» ձևավորում: Նա ուղիղ եթերում առաջարկել է քաղաքացիներին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար թեկնածու առաջարկել և խոստացել, ընտրվելու դեպքում, Երևանի առնվազն երկու շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին:


Իսկ մինչ այդ նա հայտարարել է, թե ցանկանում են Երևանում հաստատված կոռումպացված և կլանային իշխանությունը փոխարինել հաշվետու, ժողովրդական իշխանությամբ: «Ելքի» թիմը երեկ ակտիվ է եղել Նոր Նորք վարչական շրջանում` քարոզչություն իրականացնելով նաև ավտոտնակների տանիքների վրա: Նոր Նորքում Փաշինյանը խոսել է իր և գործող քաղաքպետի տարբերությունների մասին: «Իմ ու Տարոն Մարգարյանի տարբերությունը գիտե՞ք որն է՝ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքը գիտի իր ծառայողական ավտոմեքենայի պատուհանից, իսկ ես Երևանում գործնականում ամեն բակում եղել եմ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Փաշինյանը:


Տարոն Մարգարյանն ու նրա նախընտրական շտաբն աստիճանաբար արձագանքում են ընդդիմության մեղադրանքներին` վերջիններիս մեղադրելով շոումենության մեջ: Գործող քաղաքապետը պարզաբանել է, թե ինչու է մերժում բանավիճելու ընդդիմության առաջարկը: «Եթե բանավեճի իմաստը մեր համաքաղաքացիներին Երևանի զարգացման մեր ծրագրերի և կատարած աշխատանքի հաշվետվության ներկայացումն է, ապա ես նման ձևաչափի կարիք չունեմ մեր բնակիչներին ներկայանալու համար: Դա անում եմ այնպես, ինչպես միշտ եմ արել՝ ուղիղ շփվելով մարդկանց հետ, իրենց խնդիրները լսելով և լուծումներ առաջարկելով: Եթե բանավեճի իմաստը շոուն է, ապա Երևանը ոչ թե շոուների, այլ սրտացավ և մասնագիտական կառավարման կարիք ունի: Այստեղ մեր մրցակիցներին ոչինչով օգնել չեմ կարող»,-ասել է Տարոն Մարգարյանը: Ավելի հեգնական է արտահայտվել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարնազանովը. «Մենք խնդիր ունենք մեր իրականացրած աշխատանքը ներկայացնելու բակ առ բակ։ Սա շոու չէ, սա ընտրություն է, որը պահանջում է նախ և առաջ ուղիղ շփում ընտրողի հետ, ինչն էլ անում է մեր քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը։ Եթե մնացածը գտնում են, որ ավելի շահեկան է բարձրանալ տանիքներ և հեծանիվով շրջել, դա իրենց խնդիրն է, իրենց էլ ենք հաջողություն մաղթում»:
Իսկ բակային հանդիպումներում` Տարոն Մարգարյանն ընհանրապես չնկատելու է տալիս ընդդիմությանը: Գործող քաղաքապետը երեկ Շենգավիթում խոսել է իր թիմի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի մասին:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ