Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ինձ գրկի՜ր Արիկի պես»

«Ինձ գրկի՜ր Արիկի պես»
02.05.2017 | 12:44

1993 թ. գրողների միության առաջին հարկի փոքրիկ սենյակում տեղավորված «Առագաստ» շաբաթաթերթի խմբագրություն հաճախ էր այցելում Արարատի շրջանի Լուսառատ գյուղի բնակիչ Եղիշե Ջալլաթյանը՝ մեր հավատարիմ ընթերցողներից մեկը: Նա ոչ միայն հողի ջերմեռանդ նվիրյալ էր, այլև սահմանի արթուն պահապան: 1992 թ. ամբողջ գարուն-ամռան գիշերները նա Երասխի պաշտպանական դիրքերում էր՝ դաշտ ու այգու հոգնեցուցիչ աշխատանքից հետո: Արդեն տարեց մարդու համար այդքան լարվածությանը դիմանալը հեշտ չէր, բայց Եղիշեն չէր նեղվում, սահմանը պահելը նրա համար ամենակարևորն էր, ապրելու իմաստը: Հայրը՝ Հովհաննես Ջալլաթյանը, սեբաստացի էր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Կիլիկիայի, Սիսի, Հաճնի պաշտպաններից: Չուզենալով, որ իր չորս զավակներն օտար հողում արմատավորվեն, 1946 թ. առաջիններից մեկը բռնեց Մայր Հայաստանի ճամփան: Արդեն յոթանասունամյա այր՝ նա տակավին փայփայում էր երազանքը. «Երանի՜ էն օրը, որ կտեսնեմ եռագույն դրոշն Արարատի գագաթին»:


Փափագում էր իր ձեռքով հայոց Եռագույնը բարձրացնել Փոքր Մասսի գագաթին: Երբ ամռան կիզիչ արևին Երասխի զառիվեր գագաթները բարձրանալիս Եղիշի շունչը բռնվում էր, հոր պատմություններն էին ուժ տալիս հաղթահարելու վերելքը՝ պատմությունները Հաճնի քաջ պաշտպան Սարգիս Ջեբեջյանի, Սեբաստացի Մուրադի, մյուս քաջերի մասին: Ի՜նչ դաժան էր այդ ամառ նայել դեղձի ու խաղողի այրված, չորացած այգիներին... տեղ-տեղ աղերսանքով հողվորին էին կանչում ջրակարոտ խաղողի ողկույզները: Գնդակոծությունները չթողեցին, որ մարդիկ տիրություն անեն իրենց այգիներին, ի՜նչ երազանքներով տնկած մատաղ ծառերը ջրեին:
Մի ոտքը գյուղի դաշտ ու այգիներում, մյուսը՝ Երասխի գագաթներին. այսպես անցկացրին գործի ամենաեռուն ժամանակը Արարատի շրջանի գյուղերի հողագործներից շատերը:
1992 թ. մայիսն էր: Կրկին Եղիշենց ջոկատը գնաց Երասխավան՝ հերթապահության համար զենք ու զինամթերք ստանալու: Հենց շտաբում էլ նա առաջին անգամ լսեց խորհրդավոր կապիտանի մասին, որ երկու շաբաթից ավելի պաշտպանության այդ գոտում անցնելով դիրքից դիրք՝ հերթապահող ջոկատների տղաներին սովորեցնում էր պաշտպանական կառույցներ ստեղծելու և ականանետին տիրապետելու նրբությունները: Պատմում էին, որ նրա արձակած ականները սարսափ են տարածում թշնամու շտաբում ու դիրքերում: Երևում էր, որ կապիտանն այդ գործի հմուտ գիտակ էր:


Եղիշենց ջոկատում բոլորն էլ ռազմական փորձ չունեցող, հողագործ մարդիկ էին: Անում էին՝ ինչ կարող էին, ինչ պահանջվեր:
Բավական մութ էր, երբ նրանց գլխավերևում անսպասելիորեն հայտնվեց անծանոթ մի երիտասարդ ու սկսեց նախատել, որ զգոն չեն, ոչ մեկը չի նկատել իր սար բարձրանալն ու մոտենալը: Հետո ինչ, որ թիկունք է: Պաշտպանական դիրքերում գիշերը զինվորը պետք է ոչ միայն լսել, այլև տեսնել կարողանա, որովհետև թշնամին կարող է հանկարծակի հայտնվել թիկունքում: Դժվար չէր կռահել, որ անսպասելի հյուրն այն կապիտանն էր, որի մասին պատմում էին շտաբում: Ներկայացավ՝ ԱՐԿԱԴԻ ՍԵՄԵՐՋՅԱՆ: Քիչ անց նա արդեն ծանոթ ու հարազատ մարդ էր: Հետաքրքրվում էր, թե ով ինչ հմտությունների է տիրապետում, ականանետին ծանո՞թ է, թե՞ ոչ: Ասում էր, որ այդպիսի լեռնային տեղանքում ականանետը հզոր զենք է: Հաջորդ ամբողջ օրը բոլորին առանձին-առանձին սովորեցրեց ինչպես օգտագործել այդ զենքը: Ոգևորում, հորդորում էր.


- Բոլորդ, բոլորդ անխտիր պետք է հրաշալի տիրապետեք այս զենքին:
Երասխավանի վրա թշնամու հերթական գրոհի նախօրեին Աշոտ Ազատյանին մի փոքրիկ նամակ տվեց, ասելով, որ եթե իրեն դժբախտություն պատահի, նամակը հասցնեն իր ընտանիքին: Այդ օրը մարտը Երասխում հաղթանակով պսակվեց: Արկադիի արձակած ականներն ահ ու սարսափ էին առաջացնում թշնամու դիրքերում: Օրեր անց տղաները կրկին բարձրանում էին դիրքեր, անհամբեր՝ տեսնելու սիրելի կապիտանին:
Եղիշե Ջալլաթյանի պատմածից.
-Տարիքս առած մարդ եմ և անվարան կարող եմ ասել, որ Արկադի Սեմերջյանը բացառիկ անձնավորություն էր, իմ ամբողջ կյանքում ավելի հմայիչ, ազնվաբարո, խիզախ մարդու չեմ հանդիպել: Իսկական դյուցազուն էր, անկրկնելի: Որոշ ժամանակ անց նա մեկնեց Գորիս: Անհանգիստ էր, ուզում էր տեսնել այնտեղի դիրքերի վիճակը: Անցան ամիսներ: Դեկտեմբերյան մի իրիկուն հեռուստացույց էի նայում. լուրեր էին հաղորդում ռազմական գործողությունների վայրերից: Եվ հանկարծ կարճ ու ժլատ մի նախադասություն. «Լաչինի մարտերում զոհվեց մայոր Արկադի Սեմերջյանը»: Աչքերս մշուշվեցին: Հոգիս փշրվեց: Ա՛խ, որքան կարճ է քաջերի կյանքը: Արկադին մեկն էր նրանցից, ում կյանքը հազար կյանքի արժեք ուներ...
Չդիմացավ Եղիշը, Խոր վիրապից հասավ Երևան, որոնեց, գտավ Սեմերջյանների տունը: Պարզ ու համեստ կահավորանքին ուշադիր նայողը շատ պակաս բաներ կնկատեր: Հուզմունքը մի կերպ թաքցնելով՝ հարցեր էր տալիս իրեն այնքա՜ն թանկ մարդու մասին, ուզում էր իմանալ նրա ապրած կյանքն ամբողջությամբ:


Արկադի Սեմերջյանը ծնվել է Երևանում՝ 1957 թ.: Սովորել է Վ. Բելինսկու անվան դպրոցում: 1982 թ. ավարտել է ՈՒկրանիայի Կոմունարսկ քաղաքի լեռնամետալուրգիական ինստիտուտը՝ շինարար-ինժեների մասնագիտությամբ: Աշխատանքի վերջին վայրը Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարանն էր: 1988 թ. Օրբելու փողոցում գտնվող ֆիզիոթերապևտիկ ինստիտուտում հանդիպում է բժշկուհի Նելլիին: 1990 թ. ծնվում է նրանց դուստրը՝ Լենան:
Մայրն արցունքը կուլ տալով՝ պատմում էր, որ Արկադին երեխայի պես հափշտակված էր սահմանների պաշտպանության գործով: Երբ թախանձում էին՝ այս անգամ չգնալ կամ գոնե մի քիչ երկար մնալ տանը, ժպիտով ասում էր. «Ինձ թուրքի գնդակ չի դիպչի»: Երբ երկար էր բացակայում, փոքրիկ Լենան թոթով լեզվով խնդրում էր տատին. «Ինձ գրկի՜ր Արիկի պես»:
Ռետինատեխնիկական իրերի գործարանում հայտնեցին, որ վերջին այցին ասել է.
-Մնացեք բարով, գուցե էլ չհանդիպենք...


Արկադիենց տնից դուրս գալուց հետո, թեև արդեն երեկո էր, Եղիշեն ուղևորվեց դեպի Եռաբլուր, որտեղ ամփոփված էր սիրելի հրամանատարի աճյունը: Մթնշաղից, թե հուզմունքից թարմ շիրմաթմբերի մեջ որոնեց ու չգտավ Արկադիի գերեզմանը: Շատ շիրմաթմբեր դեռ անանուն էին: Գուցե Արկադիի անունն էլ դեռ չէին հասցրել գրել: Եղիշեն ցնցված էր. ծառահատ կացինը չէր խնայել անգամ ազատամարտիկների շիրմաթմբերն օղակող ծառերը...
...Հաջորդ օրը Եղիշեն եկավ «Առագաստի» խմբագրություն: Տխուր էր, կոտրված: Պատմեց սիրելի հրամանատարի մասին ու ծոցագրպանից հանեց քառածալ մի թուղթ: Մարտից առաջ Արկադի Սեմերջյանի գրած այն նամակն էր, որ հանձնել էր ազատամարտիկ Ազատին:
-ՈՒզում եմ, որ դուք՝ գրողներդ, հաղորդակցվեք իսկական հայորդու էությանը:


«Նելլի՛, սիրելիս, թանկագինս, ների՛ր:
Ների՛ր ամեն ինչի համար և չարությամբ մի՛ հիշիր... Ների՛ր, որ քեզ դժբախտ դարձրի: Երևի մեզ չի վիճակված միասին ծերանալ: Դու իրավունք ունես իմ արարքը դատապարտելու: Լենոչկան ինձ կհասկանա, երբ մեծանա: Թող Աստված պահպանի քեզ ու նրան: Թող ձերոնք ինձ չարությամբ չհիշեն: Համբուրում եմ պինդ-պինդ: Աստված ձեզ փրկի ու պահպանի: Կրկին համբուրում եմ: Վաղը կռիվ է լինելու... Նամակս քեզ կհանձնի իմ զինվորը:
Քո Արիկ
17 մայիսի, 1992 թ.»:

Որքա՜ն սեր ու նվիրում կա այս տողերում և մեղավորության զգացում հարազատների հանդեպ, որ նրանցից առավել հայրենիքն է սիրում...


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հ. Գ. 1992 թ. հոկտեմբերի 4-ի մի տեղեկանքում նշված էր. «Մարտական գործողությունների ժամանակ Լաչինի միջանցքում հոկտեմբերի 1-20-ին մայոր Արկադի Սեմերջյանը անձամբ ոչնչացրել է երկու «Տ-72» տանկ, երկու «Զիլ-131» բեռնատար՝ զինամթերքով ու կցորդով, և թշնամու շտաբը»:


«Արծիվ-5» գումարտակի վաշտի հրամանատար Արկադի Սեմերջյանն ու նրա մարտիկները Շուշիի ազատագրման նախօրեին ոչնչացրել են Շուշին պաշտպանելու շտապող ադրբեջանցիների մեծաքանակ համալրումը՝ մարտական տեխնիկան ու զորքը: Թշնամական թիրախները խոցվել են նրա հրանոթի առաջին իսկ հարվածից:
Չմոռանանք ծաղիկներ դնել Արկադի Սեմերջյանի շիրմաքարին...

Դիտվել է՝ 6786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ