ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Սեփական երկրում՝ վարձո՞վ

Սեփական երկրում՝ վարձո՞վ
30.05.2017 | 10:13

35-36 մլրդ դրամ, և Հայաստանը կզրկվի ռազմավարական նշանակություն ունեցող իր մի քանի կարևորագույն կառույցներից։
Համենայն դեպս, այդքան գումար է ակնկալում կառավարությունը շուրջ 47 ընկերությունների սեփականաշնորհումից, ինչը հաստատվեց 2017-2020 թթ. մասնավորեցման ծրագրով։
Մասնավորապես, օտարվում են «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, «Հայավտոկայանը», Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և մի շարք այլ ընկերություններ։


Գուցե և պետբյուջեին կատարյալ «երջանկության» համար անհրաժեշտ է 35-36 մլրդ դրամ երեք տարվա մեջ, սակայն արդյո՞ք Հայաստանի հեռանկարային ծրագրերն ամփոփվում են երեք տարում։ Ոչ, մենք դեմ չենք սեփականաշնորհմանը, բայց յուրաքանչյուր նման գործընթաց պետք է տնտեսապես և սոցիալապես արդարացված լինի։ Որքա՞ն է ճիշտ սեփականաշնորհել, օրինակ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը, որը նաև գիտահետազոտական կառույց է, այսինքն, ռազմավարական նշանակություն ունի։ ՈՒռուցքաբանությունը Հայաստանում անվճար ծառայություն է, օտարելուց հետո ինչպիսի՞ մոտեցում կիրականացվի հիվանդների նկատմամբ, սա ևս անհայտ է։


Մի քանի տարի առաջ, երբ «Հայփոստը» երկարաժամկետ կառավարման հանձնվեց, կառավարությունը վստահեցնում էր, որ շատ լավ է գիտակցում այդ կառույցի ռազմավարական նշանակությունը, ինչից ելնելով էլ այն չի օտարվի։ Այսօր պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ։ Նույնն էլ՝ «Հայֆիլմ» կինոստուդիան: Ի՞նչ սպասելիքներ ենք ունենալու այս մշակութային հսկան ուրիշին հանձնելով։ Եվ, ի վերջո, աշխարհում չլսված-չտեսնված բան է՝ կառավարությունը վաճառում է իր ընդունելությունների տունը, այսինքն, գործադիրն ինքն իրեն զրկում է սեփական հարկի տակ բարձրաստիճան հյուրեր ընդունելու հնարավորությունից, որ հետո մտածի, թե ումի՞ց տարածք վարձակալի մի քանի օրով։
Թե ինչո՞ւ է պետությունն ինքն իրեն զրկում նման կարևոր կառույցներից, անհասկանալի է։ Սա մի «հիվանդություն» է, որով անկախությունից ի վեր տառապում են բոլոր կառավարությունները։ Մենք շատ ենք սիրում ցանկացած հարցում վկայակոչել եվրոպական և ամերիկյան փորձը, սակայն չմոռանանք, որ տնտեսապես զարգացած այդ երկրներում վերը նշված ոլորտներում մասնավորին զուգընթաց գործում են պետական նույնատիպ կառույցներ, և եթե չբուժվենք ամեն ինչ օտարելու այս ծանր «հիվանդությունից», ապա դատապարտված կլինենք սեփական երկրում վարձով ապրելու։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ