Պատրաստ ենք հաշվարկներով, վերլուծություններով ներկայացնել իրավիճակը, թե ինչով է ԵԱՏՄ անդամակցությունը լավ Հայաստանի համար` սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց.
«Կառավարությունը գնահատե՞լ է ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը: Հայաստանն ի՞նչ կորսված հնարավորություններ ունի: Հաշվի առնելով, որ ջանասիրաբար մղվում ենք ԵԱՏՄ, կառավարությունն ունի՞ սցենար, որի պարագայում կհամարեք, որ պետք է դադարեցնել անդամակցությունը, թե մենք կսպասենք, որ ինքն իր սեփական մահով մահանա»: Ի պատասխան վարչապետն ասաց. «Ինչո՞վ է ԵԱՏՄ-ն լավ, դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ում չլինեինք, այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց մենք չենք կորցրել շուկաներ ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով: Եթե կարող եք հուշել, սիրով կլսեմ: Ընդհանրապես ԵԱՏՄ անդամ լինելով, ես չգիտեմ շուկաներ, որոնց նկատմամբ մենք ավելի պակաս ուշադիր ենք: Կգա՞ պահը, որ ԵԱՏՄ-ից դուրս գանք, այս պահին նման մտավախություն չենք տեսնում: Եթե այդ ակումբի անդամ լինելով, դուք ռիսկեր եք տեսնում, որ այլ շուկաներից հետ ենք ընկնում, խնդրում եմ հուշեք»: