ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն անհարմար վիճակի մեջ են գցել ՀՀԿ խմբակցությանը

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն անհարմար վիճակի մեջ են գցել ՀՀԿ խմբակցությանը
09.04.2018 | 20:54

Ամիսներ շարունակ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը ստացավ իր պատասխանը: Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու: Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Շատ ուշագրավ է հենց նրա շուրթերից նման տեղեկության մատուցումը: Վարչապետ լինելուն միշտ պատրաստ Կարապետյանն այսօր ասում է, որ ճիշտ է այս ժամանակահատվածում երկրի ղեկավարումը հանձնել Սերժ Սարգսյանին:

«Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգի սահուն անցում ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- ասում է Կարեն Կարապետյանը: Բավականին հարցեր կան այս հիմնավորման մեջ. նախ` Կարապետյանը վստա՞հ չէ, որ իր վարչապետությամբ հնարավոր է «նոր համակարգի սահուն անցում ապահովելը», բայց նա միշտ վստահեցնում էր, որ կարող է և պատրաստ է վարչապետ դառնալ: Ի՞նչ պատահեց, որ նա սկսեց իր ուժերը թերագնահատել:

Հաջորդը. Կարեն Կարապետյանը խոսում է վերջին շրջանի հաջողությունների մասին և նպատակահարմար համարում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով շարունակել աշխատանքը Սերժ Սարգսյանի ղեկավարմամբ: Փաստորեն, նա «վերջին շրջանի» հաջողությունների համար, այսպես ասած, պարտական է Սերժ Սարգսյանին: Մինչդեռ նա էր նոր մարդ համակարգում, և եթե այդ հաջողությունը լիներ, առանց նրա էլ կլիներ: Այստեղ էլ նա թերագնահատում է իր գործոնը տնտեսական քաղաքականության «վերջին շրջանի հաջողությունների» գործում:

Եվ մի զավեշտալի դրվագ էլ. այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում էր, թե դեռ հայտնի չէ վարչապետի թեկնածուի անունը, մինչդեռ արդեն երկու օր է, Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը «որոշել» են, թե ով է վարչապետ լինելու: Հետո էլ հանրապետականներն ամեն օր ասում էին, թե կուսակցությունն է ամեն ինչ որոշելու, հիմա ուր են ՀՀԿ-ն ու իր որոշումը: Մի ԳՄ նիստ էլ չեղավ, որ գոնե ձևական ասվեր, թե քննարկվել ու որոշվել է: Այսինքն, Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն անհարմար վիճակի մեջ են գցել ՀՀԿ խմբակցությանը: Հիմա էլ վերջիններս պետք է հիմնավորում գտնեն, թե ինչու իրենց հաշվի չեն առել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ



Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ