Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բարեգործություն անելով` լավ է չիմանալ արածդ բարիքի մասին

Բարեգործություն անելով` լավ է  չիմանալ արածդ բարիքի մասին
16.10.2018 | 00:08

Երանի ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթ. 5;7)։
Թեթևակի քննելով մեր խիղճը, ըստ նախորդ չորս երանության պատվիրանների, մենք կարծես սկսեցինք հասկանալ, թե որքան մեղավոր ենք Աստծո առաջ:
Որքան կարիք ունենք ողորմության, որովհետև անհնար է անգամ թվել մեր բոլոր մեղքերը, որոնցով մենք շարունակում ենք չարչարել ու խաչել Տիրոջը: Հինգերորդ երանության պատվիրանն այս կերպ հասկացնում է մեզ, թե ինչպես կարող ենք ձգել Աստծո Ողորմությունը մեղավորներիս վրա: Ստուգենք մեր խիղճը և տեսնենք՝ ապրու՞մ ենք մենք այնպես, որ ուրիշին ողորմություն անելով, համարձակություն ունենանք Տիրոջից խնդրելու ողորմություն` հուսալով մեր մեղքերին ներում ստանալ:


Տերն ասաց. «Ինչպես ցանկանում եք, որ ձեզ հետ վարվեն մարդիկ, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ» (Մատթ. 7;12): Ո՞վ մեզնից չի զգացել կարիքը բարի խոսքի` կյանքի ծանր հանգամանքներում: Որքան ուրախ ենք մենք տեսնելու մեր կողքին բարեպաշտ և պատասխանատու մարդուն: Սրտացավ և զգայուն մարդը կրում է իր մեջ գթասրտության սկզբնական դիմագիծը: Բոլորի համար նա ցանկալի, հարազատ և օգտակար մարդ է: Իսկ ո՞վ մեզնից չի ուզում, որ հիվանդության, վշտի և փորձության ժամանակ Աստված ողորմած և գթասիրտ գտնվի մեր նկատմամբ և Իր գթառատ հայրական հայացքով նայի մեր հեծեծանքներին ու վշտերին: Դրան է տանում միայն գթասրտության ուղին: Աստծո Խոսքն ասում է. «Երանի նրան, ով մտածում է խեղճի ու աղքատի մասին, նեղության օրը Տերը կփրկի նրան» (Սաղ. 40, 1-4): Եկեք քննենք մեր խիղճը` բռնե՞լ ենք մենք գթասրտության ուղին:
Կան մարմնավոր ողորմության գործեր և կան հոգևոր ողորմության գործեր:
Մարմնավոր ողորմության գործերն են` քաղցածին կերակրել, հագեցնել ծարավյալներին, հագցնել մերկին, կամ անհրաժեշտ զգեստի կարիքն ունեցողին: Կանգ առնենք այս երեք առաքինությունների վրա: Կատարու՞մ ենք արդյոք մենք սիրով և պատրաստակամությամբ առաքինության այս գործերը: Ո՛չ:


Մենք շահասեր ենք ու ժլատ: Եթե երբևիցե կտրում ենք մեզնից չնչին մասնիկը բարեգործության համար, ապա չափազանց գոհանում ենք մեզնից և համարում ենք, որ կատարեցինք այս պատվիրանը, որովհետև մենք փնտրում ենք սեփական հանգիստը, վախենում ենք ինչ-որ բանով նեղել մեր անձերը, ինչ-որ բանում սահմանափակել և մահու չափ վախենում ենք մեր հարմարությունները զոհել ի շահ մերձավորի: Այստեղից էլ անբուժելի տառապում ենք անգթության և խստասրտության մեղքերով:
Մենք չենք փնտրում այն թշվառներին, ովքեր իրապես օգնության կարիք ունեն: Իսկ եթե մեկը մեզ ցույց տա ուրիշի աղքատությունը, ապա մենք սկսում ենք հաշվել նրա եկամուտները և քննել կյանքը` մեր ագահությանը արդարացում տալու համար:
Իսկ հնարավոր է մեկը որոշել է կուտակել «նեղ օրվա համար» իրեր կամ դրամ և հաճախ, այս մոլուցքով տարված, մերժել է մերձավորին նրա կարիքի ժամանակ: Այսպիսով գործում ենք սեփական ունեցվածքի վրա հույս դնելու մեղքը, այլ ոչ թե ապավինում ենք Տիրոջը:
Սուրբ Սիմեոն Աստվածաբանը շատ խիստ է ասում. «Ով ունի թաքցրած դրամ, նրա համար անհնար է հուսալ և հավատալ Աստծուն»:


Ով ձեզնից տառապում է նման մոլուցքով, շտապեք արձակել ձեր հոգիները, բաժանեք, տվեք կարիքավոր մարդկանց ձեր թաքցրած դրամները, նվիրեք խոնարհված տաճարի շինության համար, տվեք այն ձեր և հարազատների հոգու փրկության համար:
Ո՛վ Տեր, տրամադրի՛ր մեր սրտերը` բաժանելու գոնե այն մասը, առանց որի մենք կարող ենք հանգիստ և անկարիք ապրել, ազատի՛ր մեզ ընչասիրության մոլուցքից և մի թող, որ հույս դնենք անցողիկ և անհաստատ հարստության վրա: Դարձյալ մարմնավոր ողորմության գործեր են` այցելել բանտարկյալներին, հիվանդին, սպասավորել նրան և նպաստել նրա ապաքինմանը կամ օգնել քրիստոնեաբար պատրաստվելու մահվանը, հյուր ընդունել և օթևան տալ ճամփորդին: Մեր ծանոթների շրջապատում հաստատ կգտնվի հիվանդ, տկար և անօգնական մեկը. օգնու՞մ ենք մենք նրանց. Ո՛չ: Մենք չունենք ոչ ուժ, ոչ ժամանակ դրա համար, իսկ վեճերի, բամբասանքների, զվարճանքների, դատարկ և անօգուտ ժամանցի համար մենք չենք խնայում ժամանակը: Մի՞շտ ենք ուրախ և սրտաբաց ընդունում հյուրերին կամ անօթևաններին մեր տանը: Իրապես մեծ երջանկություն է հյուր ընդունել, մանավանդ, օթևան և հանգիստ տալ ուխտավոր մարդուն, որ եկել է Աստծուն աղոթելու և կարողության չափով ծառայելու նրան:


Տիրոջը հաճելի են ազնիվ աշխատանքով վաստակած ունեցվածքից արվող ողորմությունները, ոչ թե հափշտակությամբ, խաբեությամբ և անօրինությամբ ձեռք բերվածից։ Ողորմություն տալու համար պետք է սահմանափակենք մեր ծախսերը, այլապես աղքատների բաժինն ենք հափշտակում, քանզի մեր ավելցուկը իրենց է պատկանում: Այսպես են ուսուցանում Եկեղեցու սուրբ հայրերը:
Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն ասում է. «Ողորմությունը ոչ թե դրամ բաժանելն է, այլ քրիստոնեական գթասրտությամբ» այն կատարելը։ Իսկ դա նշանակում է, որ բարեգործությունը հոժարությամբ և ուրախ սրտով պետք է անենք, աղքատների հանդեպ հարգանքով ու անկեղծ սիրով` հիշելով, որ «երանելի է տալը, քան վերցնելը», և ոչ մի կերպ չստորացնել ու չվիրավորել այն մարդուն, ում ուզում ենք օգնել: Եվ դարձյալ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանն ասում է. «Եթե մեկն այս տրամադրությամբ չի տալիս, ապա լավ է չտալ, քանզի դա ողորմություն չէ, այլ իզուր ծախս»:


Ստուգենք մեր կյանքն ու քննենք խիղճը` ուրա՞խ սրտով ենք բարեգործում, թե՞ ոչ: Հոգետես սուրբ հայրերից մեկն ի հանդիմանություն իր անձին ասում էր. «Ես շատ ագահ մարդ եմ, որովհետև այն, ինչ տալիս եմ ուրիշներին, ափսոսանքով եմ տալիս»: Պետք է ողորմությունն անել գաղտնի: Պետք է օգնել ոչ թե սնափառությամբ և եսասիրությամբ` Աստծուց վարձք ստանալու ցանկությամբ, այլ անկեղծ սիրուց մերձավորի հանդեպ: Իսկ եթե «փող ես հնչեցնելու» քո արած բարեգործությունների մասին, ապա կխառնես դրանց քո սնափառությունն ու կեղծավորությունը: Այնժամ ուրիշներին հայտնի քո բարի գործը քեզ համար կդառնա չարիք: Դրա համար զգուշացե՛ք: Բարեգործություն անելով` լավ է չիմանալ արածդ բարիքի մասին, այսինքն, իսկույն մոռանալ այն և անցնել մյուս բարի գործերին: Իսկ Աստված, տեսնելով գաղտնին, կհատուցի քեզ հայտնապես:
Տե՛ր, ների՛ր մեզ՝ մեղավորներիս, և սովորեցրու՛ մեր բարի գործերը քրիստոնեավայել կատարել` հանուն սիրո և Քո մեծ փառքի։

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ