Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փողը հոգիներ որսալու ուռկան է

Փողը հոգիներ որսալու ուռկան է
16.11.2018 | 00:16

Հիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց Ինձ ատում է, որովհետև Ես վկայում եմ աշխարհի մասին, թե մարդկանց գործերը չար են» (Հովհ. 7;6-7):
Քրիստոնեությունը վերափոխված, վերածնված հոգիներն են, եթե այդպիսիք չկան, չկա քրիստոնեություն:


Այսօր մեր շուրջը սովորականից շատ են արդարությունը ճանաչողներն ու առաջնորդողները, և աշխարհը հավատում ու հետևում է նրանց: Այդ «ազիզ» մարդիկ բարեփոխել են նաև մեր քրիստոնեական հավատը և հարմարեցրել իրենց արդարատենչությանը: Այս գործընթացն արդեն իր ավարտին է մոտենում ողջ աշխարհում: Մեր երկիրը վերջին հանգրվանն էր, վերջին վերացված խոչընդոտը: Մեր երկիրը դիվակոչ պորտալի վերածելու նրանց ջանքերը հաջողությամբ սկսեցին պսակվել 2015-ից ի վեր և իրենց կատարմանը հասան այս տարվա հայտնի «պուպուշ» իրադարձություններով: Որոշակի լափաբաժնի վրա վազող պնակալեզների վայրահաչոցներով և ինքնակոչ քրիստոնյաների աննախադեպ նախրատիպությամբ մեր սուրբ և հին երկիրը կրկին ավերվեց:


Ընդունված է համարել, որ իշխանություն ունեն նրանք, ովքեր փող ունեն, և փողը, դրամը, մամոնան ինքնըստինքյան նույնացվում են իշխանության հետ: Սակայն փողը ինքնին իշխանություն չէ, այլ միայն իշխանությունը հաստատելու, տարածելու ու պահելու միջոց: Աստված իշխում է սիրով, սատանան` փողով: Փողը օժտված է սատանայական ուժով: Երբեմնի սատանայապաշտները բացահայտում են, թե ինչպես են իբր բարեգործական նպատակներով եկեղեցի տարված կախարդված փողերով սնանկացրել ամբողջ քրիստոնեական համայնքներ:


Նրանք, ովքեր ունեն աշխարհի հանդեպ իրական իշխանություն, փողի միջոցով իրենց են ենթարկում մարդկանց, ովքեր պետք է վարակակիրների պես այդ իշխանությունը տարածեն իրենց տանը, բակում, փողոցում, քաղաքում, երկրում: Իրական իշխանություն ունեցողները ունեն բոլորովին այլ նպատակ, քան սոսկ փող դիզելն է: Նրանք իրենց ունեցած իշխանության դիմաց այդ իշխանությունը տվողին են հանձնել իրենց հոգին, որի փոխարեն ստացել են աշխարհին տիրելու իրավունք: Անապատում Հիսուսի վերջին փորձությունն էր սատանայի հավակնոտ առաջարկը. «Այս ամենը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես» (Մատթ. 4;9):
Նրանք` աշխարհի հզորները, խղճուկ ու խաբված անճարներ են, որ իրենց խեղված կյանքի ու կորցրած ապագայի դիմաց դեռ հույս ունեն ստանալու խաբեության հոր խոստացած համատիեզերական իշխանությունը: Փողը իշխելու լծակներից մեկն է միայն, որովհետև սատանան և նրան նմանվել ձգտողները իշխում են վախերով, կասկածներով, սպառնալիքներով, զրկանքներով: Այս աշխարհը միայն ճանաչող, այս կյանքին կառչած հոգիները ենթարկվում են այդ իշխանությանը: Ենթակաները իշխողներից ստանում են ավելի քիչ փող և ավելի շատ սպառնալիքներ ու սարսափներ: Եվ, ըստ էության, փողը դառնում է նրանց միակ մխիթարությունը և, կաշառքի միջոցով հոգիներ գնելով, իշխանական հիերարխիկ սանդղակով վերև բարձրանալու հիմնական հնարավորությունը: Փողը, ի վերջո, վերադառնում է իշխողներին, որովհետև այն ընդամենը հոգիներ որսալու ուռկան է: Արդյունքում ենթակաները զրկվում են և՛ ներկա, և՛ հանդերձյալ բարիքներից, որովհետև սեփական կամքով ընտրել էին այս խաբեպատիր աշխարհը:


Ծնողները ձգտում են, որ իրենց երեխան լինի ոչ թե պիտանի, այլ հայտնի: Երիտասարդները արյունոտվելու աստիճան իրենք իրենցից «տաղանդ» են քամում ու քերում: Հռչակ և փող, ահա և կյանքի ողջ հմայքն ու բուն նպատակը: Եվ յուրաքանչյուրի մեջ աննկատ մեռնում է մարդը` Աստծո պատկերով ու նմանությամբ:
Միայն նրանք, ովքեր քաջություն կունենան Հիսուսի նման մերժելու աշխարհը և նրա իշխանին, Խաչի բարձունքից կկարողանան տեսնել ոչ թե տեսլական, այլ իրական ապագան:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ