Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սա իշխանատենչություն չէ, սա ծրագիր է

Սա իշխանատենչություն չէ, սա ծրագիր է
24.05.2023 | 23:02

Սույն թվականի մայիսի 22-ին իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն այլևս բաց տեքստով հայտարարեց, որ ինքն անվերապահ որոշում է կայացրել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ.կմ տարածքով, հատուկ ընդգծելով՝ ներայալ Արցախը:

Տարածքային ամբողջականության ճանաչման խնդիրը թվային արտահայտությամբ ներկայացնելու այս հնարքը գաղտնազերծեց Հայաստանի 29 800 քառ.կմ տարածքը Ադրբեջանի կողմից անվերապահ ճանաչելու թեզի նախկինում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դնեելու իրական նպատակը:

Պահանջելով Ադրբեջանից ճանաչել Հայաստանի 29 800 քառ.կմ տարածքը Փաշինյանը, գիտակցաբար թե ոչ, հող էր նախապատրաստում Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխադարձ և համարժեք պահանջ ներկայացնելու համար՝ Հայաստանն էլ պարտավոր է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ. կմ տարածքը:

Ինչու՞ էր պետք խաղալ այս ‹‹թվերի ներկայացումը››:

Բանն այն է, որ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպմանը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համար որպես իրավական հիմք ընդունելով ԱՊՀ ձևավորման մասին 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթիի Հռչակագիրը կողմերը, որքան էլ փորձում էին խուսափել, այդուհանդերձ հայտնվել էին իրավական կազուսի առջև:

Ո՞րն է այդ իրավական ‹‹ծուղակը››:

ԱՊՀ ձևավորման մասին 1991թ. դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրին հետխորհրդային պետությունների միացման իրավական հիմքը ոչ թե Հռչակագիրն է, այլ Ալմա Աթիում ստորագրված Արձանագրությունը: Այդ է պատճառը, որ պետությունները վավերացրել են ոչ թե վերը նշված Հռչակագիրը (որին հղում էր կատարվում 2022 թ. հոկտեմբերի 6-ի պրահյան հայտարարության մեջ), այլ Արձանագրությունը:

Ընդ որում, Հայաստանն այդ Արձնագրությունը վավերացրել է 1992 թ. փետրվարի 18-ին լուրջ վերապահումներով, որոնք պայմանավորված էին 1991թ. դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ կազմից (հետևաբար և Ադրբեջանի ԽՍՀ կազմից) դուրս գալու և ինքնիշխան Արցախի Հանրապետություն հռչակելու մասին հանրաքվեի փաստով և, ըստ էության, արձանագրում էին Հայաստանի Հանրապետության կողմից արցախյան հանրաքվեի արդյունքների դե յուրե ճանաչումը:

Այլ կերպ ասած, 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթիում ԱՊՀ ձևավորման մասին Արձանագրության ստորագրման պահին Արցախը թե՛ դե ֆակտո, և թե՛ դե յուրե այլևս Ադրբեջանի կազմում չէր:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ հիշյալ Արձանագրությունն է հանդիսանում վերը նշված Հռչակագրի իրավաքաղաքական հենքը:

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն փաստը, որ Ադրբեջանը սահմանված կարգով չի վավերացրել ԱՊՀ ձևավորման մասին վերը նշված Արձանագրությունը (ուստի դե յուրե չի դարձել ԱՊՀ անդամ), այլ միայն ստորագրել է ԱՊՀ կանոնադրությունը, ապա առավել ակնհայտ է դառնում, որ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման անվերապահ անհրաժեշտությունը որպես Ալմա Աթիի Հռչակագրից բխող պահանջ ներկայացնելը իրավական առումով խոցելի է, իսկ քաղաքական առումով՝ սնանկ:

Ահա թե ինչու Փաշինյանը (ենթադրում եմ ոչ առանց Եվրամիության և Ադրբեջանի փորձագիտական խորհրդատվության) մեջտեղ բերեց տարածքային ամբողջականության ճանաչման ‹‹իրավական›› նոր մոտեցում՝ տարածքային ամբողջականության ճանաչում տարածքի մակերեսով: Այս պարագայում իրավական բոլոր կիքսերը շրջանցվում են և երկրները տարածքային ամբողջականության ճանաչման խնդրում առաջնորդվում են ոչ միայն ձևական միջազգային իրավունքով, այլ միմյանց աշխարհագրական տարածքի կոնկրետ մեծության ճանաչմամբ՝ թվային արտահայտությամբ:

Ավելին, ոչ պակաս կարևոր է նաև այն, որ իր այս մոտեցմամբ Փաշինյանը հասնում է նաև անկլավների խնդրում Ադրբեջանի պահանջների բավարարմանը՝ դրանց ռազմավարական նշանակության խնդիրը նենգափոխելով զուտ համաչափելի տարածքների փոխանակման խնդրով:

ՈՒստի ճանաչելով Ադրբեջանի տարածքը 86 600 քառ. կմ չափով, Փաշինյանը ոչ միայն լուծում է Արցախը Ադրբեջանին զոհաբերելու հարցը, այլև Հայաստանը դարձնում է իր ոխերիմ հարևանի ‹‹նախասրահում մշտապես սպասող հաճախորդ››:

Ընդ որում, նա Հայաստանի այդ կարգավիճակը փաստորեն դարձնում է անշրջելի՝ զրկելով մեզ երբևէ զարգանալու տարրական հնարավորություններից:

Զավեշտն այն է, որ Հայոց երկու պետականությունների այդչափ անկարող և ծնկած վիճակը 44-օրյա պատերազմի դառը պարտության ուղղակի հետևանքը չէ: Այսօրյա մեր վիճակը պատերազմական գործողությունների դադարից հետո ընդունված որոշումների հետևանք է:

Սա արդեն իշխանատենչություն չէ, սա ծրագիր է:

Ակամայից մտածում ես. մի՞թե մեր սերունդն է հայության այն սերունդը, որին բաժին է ընկել Հայոց Պատմության վերջին էջը շրջելու անփառունակ առաքելությունը:

Դժվար է հաշտվել այդ մտքի հետ:

Եվ պետք չէ՛ հաշտվել այդ կործանարար մտքի հետ:

Համոզված եմ նույնիսկ այս առաջին հայացքից շատ դժվար իրավիճակից դուրս գալու ելքեր կան: Մեր ժողովուրդն իր բնատուր իմաստնությամբ ավելի բարդ իրավիճակներից է դուրս եկել, իհարկե որոշակի կորուստներով, բայց դուրս է եկել: Մենք էլ դուրս կգանք այս իրավիճակից:

Լուծումներ կան, բայց դրա համար ամենակարևոր գործոնը մեր համախմբվածությունն է բոլորիս միակ Հայրենիքը փրկելու գաղափարի շուրջ:

Փրկիչներ չկան, մեր փրկությունը մեր ձեռքերում է:

Կրկնում եմ` իրավիճակը շտկելու, արտաքին սպառնալիքները մեղմելու, իսկ հետագայում նաև չեզոքացնելու հնարավորություն կա՛:

ՈՒղղակի յուրաքանչյուրս պետք է գիտակցի, եթե չսթափվենք և չմիավորվենք, ապա դատապարտված ենք:

Առանձնապես մեծ և պարտավորեցնող է հասարակության սերուցքի՝ մտավորականության դերը: Այսօր առավել քան երբևէ մտավորականը անելիք ունի: Մտավորականությունը պետք է դառնա մեր ժողովրդի միասնականության ‹‹մերանը››:

Արևելքի մեծ մտածող Օմար Խայամն ասում է. նա ով հոգեպես ընկնում է, նա մահանում է ժամանաակից շուտ:

ՈՒրեմն կոտրվել չկա՛ և մենք դարձյալ սկսելու ենք Արցախից և արցախցի հերոս մեր քույրերի և եղբայրների հետ միասին:

Ապագան մերն է:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

24.05.2023թ

Դիտվել է՝ 3606

Մեկնաբանություններ