2019 թվականին հարուցվեց աղմկոտ քրեական գործ, ըստ որի իբր ՀՀ-ից երեխաներ են վաճառվել օտարերկրյա քաղաքացիներին: Նախաքննության ամբողջ ընթացքում դեղին մամուլին հատուկ ոճով հայտնվեցին նյութեր, որտեղ տարբեր կենսաբանական ծնողներ ասում էին, թե իբր իրենց երեխաները չեն մահացել, իրենց համոզել են, որ հրաժարվեն իրենց երեխաներից, իրենց ստիպել և այլն:
Սակայն, տարօրինակն այն է, որ այդ ծնողներից որևէ մեկն այդպես էլ որպես տուժող կողմ կարծես թե չներգրավվեց գործում:
ՖԲ հարթակում ստեղծվեցին խմբեր, որտեղ սրտաճմլիկ պատմություններ էին հայտնվում երեխաներ կորցրած մայրերի մասին, թե իբր երեխաները ողջ են, անգամ արտաշիրիմում կատարվեց, սակայն բացի ՖԲ-ում աղմուկ հանելուց, որևէ փաստ այդպես էլ չեղավ և անհայտ մնաց, թե ինչով ավարտվեցին այդ աղմկահարույց պատմությունները:
Միակ հայտնի փաստն այն է, որ այդ սրտաճմլիկ պատմությունների մասով հարուցված գործերը կարճվեցին, տուժողներ ի հայտ չեկան:
Այդուհանդերձ, մեծ աղմուկ հանած Իտալիա որդեգրված երեխաների վաճառքի մասին գործը, չնայած նրան, որ տուժողներն այդպես էլ անհայտ մնացին, 2022-ին ուղարկվեց դատարան, դատական գործը փակ է, նյութերին ծանոթանալու հնարավորություն չկա, քանի որ պարունակում է որդեգրման գաղտնիք: Սակայն, տարօրինակն այն է, որ նախաքննության ընթացքում առաջին իսկ օրվանից քննչական մարմնի կողմից հրապարակվում էին գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ բանկային գաղտնիք, որդեգրման գաղտնիք և այլն: Ի՞նչ է ստացվում՝ նախաքննությունը, որը պետք է գաղտնի լիներ, դառնում է հրապարակային, իսկ դատական պրոցեսը, որտեղ պետք է վերջապես պարզվեր, թե ինչի մասին է այս գործը, դառնում է փակ:
Ինչպես տեղեկացրել էի, ես հետաքննություն եմ սկսել այս գործի վերաբերյալ և արդեն Իտալիայում որդեգրված մի քանի երեխաներ կապի են դուրս եկել և պատմել իրենց պատմությունները, որոնք ներկայացրել եմ իմ ՖԲ էջում:
Քրեական գործով անցնող մեղադրյալներից մեկն էլ Անուշ Գարսանցյանն է, ով կա իմ հետ շփված և Իտալիայում որդեգրված բոլոր երեխաների կյանքի պատմության էջերում, որտեղ բոլորը ներկայացնում են, թե ինչ պայմաններում են որդեգրվել և շնորհակալություն հայտնում հայրենիքին իրենց ընտանիք տալու համար:
Սա թողնենք մի կողմ և անդրադառնանք այս գործով իրավապահների կողմից կատարված բազմաթիվ ապօրինություններից մեկին.
Այսպես՝ «Ազատություն»-ը 2020 թվականին հրապարակում է մի սրտաճմլիկ նյութ, որում Ալավերդու բնակիչ Հերմինե Մարգարյանը պատմում է այն մասին, թե իբր իրեն ծննդատանը համոզել են հրաժարվել իր երեխայից՝ ասելով, թե երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ:
Նյութում նշվում է (բառացի մեջբերում եմ լրագրողի խոսքը).
«Դեռ երկու տարի առաջ Հերմինեն քննիչներից էր տեղեկացել, որ ծննդատանը մնացած իր աղջիկներից մեկն իրականում մինչև հիմա ողջ է, նրան որդեգրել ու տարել են արտերկիր: Իրավապահները կասկածներ ունեին, որ որդեգրումը կատարվել է ապօրինի, գործ էին հարուցել, քննիչներից մանրամասներ իմացած ընտանիքն «Ազատությանն» ասել էր, թե երկար սպասված երեխայից հրաժարվելու համաձայնությունը հիվանդանոցում կորզել են իրենցից՝ համոզելով, թե, միևնույն է, երեխան չի ապրի»:
Վերոնշյալն ապացուցում է, որ քննիչները որդեգրված երեխաների կենսաբանական ծնողներին բացահայտել են որդեգրության գաղտնիք՝ հայտնելով տեղեկություններ, որոնք օրենքով արգելված են և պատժվում են ՀՀ Քրեական օրենսգրքով:
Այսպես՝ ՀՀ ԸՕ 128 հոդվածի համաձայն արգելվում է որդեգրման գաղտնիք հրապարակելը, իսկ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածով էլ սահմանվում է պատիժ որդեգրման գաղտնիք հրապարակողի համար:
Ստացվում է, որ քննիչները խախտել են ոչ միայն երեխայի իրավունքները, այլ նաև կատարել քրեական հանցագործություն:
Ինչ վերաբերում է Հերմինե Մարգարյանին, ապա այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ եղավ այս պատմության վերջը, «Ազատություն»-ն իր հոգեցունց ռեպորտաժը պատրաստելուց հետո և այնտեղ խոսելուց երեխաների վաճառքից, ծանր հանցագործություններից, այդպես էլ չանդրադարձավ նրան, թե ինչով ավարտվեց այս պատմությունը:
Ստացվում է, որ ԶԼՄ-ն պատրաստում է մի սահմռկեցուցիչ ռեպորտաժ՝ մեղադրելով մարդկանց, սակայն հետո չի գնում հետքերով, որ ցույց տա, ի վերջո, այդ մարդիկ հանցագործություն կատարե՞լ էին, թյուրիմացություն էր տեղի ունեցել, Հերմինեն իր փոքրիկին պահանջե՞լ է, ՀՀ իրավապահ համակարգը պատժե՞լ է այդ չար վհուկներին՝ երեխաներին վաճառելու համար, թե ուղղակի պետք էր աղմկահարույց նյութ անել և մարդկանց մոտ ստեղծել տպավորություն, թե իբր Հայաստանի ծննդատներում ստիպում են հրաժարվել երեխաներից, որպեսզի վաճառեն և այդքանով սահմանափակվել:
Օդում կախված համառ լուրերի հիման վրա հարուցված այս քրեական գործով իրավապահ մարմինների կողմից խախտվեցին երեխաների իրավունքները, որդեգիր ծնողների իրավունքները, տարբեր անհասկանալի մարդիկ սկսեցին այս թեման շահարկել և խաղալ երեխաներ կորցրած ծնողների հոգեկան աշխարհի հետ՝ անգամ հասցնելով նրանց հիվանդանոց, սակայն այդպես էլ որևէ փաստ ի հայտ չեկավ, իսկ գործն էլ շարունակում է մնալ դատարանում և քննվել փակ այն դեպքում, երբ քննիչների կողմից արդեն իսկ խախտվել է որդեգրման գաղտնիքը և մնացել անպատիժ:
Ի վերջո, եթե քննիչները Հերմինե Մարգարյանի հետ են կապ հաստատել և խախտելով օրենքը հայտնել որդեգրման գաղտնիք, կարող եմ ենթադրել, որ նույն կերպ տեղեկացրել են նաև այլ կենսաբանական ծնողների՝ բազմաթիվ անգամներ խախտելով ՀՀ ԸՕ 128 հոդվածը:
Հարց է առաջանում, եթե, ըստ քննչական մարմնի տարածած լուրերի, 400-ից ավել երեխաներ են իբր վաճառվել, ընդ որում տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, ՌԴ, Իտալիա, ապա ո՞ւր են այդ երեխաները, ո՞ւր են հարուցված վարույթները, ո՞ւր են այդ երեխաների կենսաբանական ծնողները, ինչո՞ւ մինչ օրս չի հայտնվում որևէ տուժող:
Կարող է դատախազությունը հայտնել, ի վերջո, Հերմինե Մարգարյանը ճանաչվե՞ց տուժող, թե՞ ոչ, պատժվեցի՞ն քննիչները, ովքեր հանցագործություն էին կատարել, թե՞ ոչ, մինչ օրս գտա՞ն գեթ 1 թեկուզ կիսաապացույց այն մասին, որ իբր Հայաստանից երեխաներին ապօրինի որդեգրման էին տվել օրգանների վաճառքի համար, եթե ոչ, ապա ինչո՞ւ մինչ օրս չեն հերքվում այդ օդում կախված համառ լուրերը:
Ինչ վերաբերում է բազմիցս մամուլում օգտագործված Ապօրինի որդեգրում ձևակերպման անգրագիտությանն և անտրամաբանությանը, կանդրադառնամ դրան մեկ այլ նյութով:
Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ.Գ.
Ստորև ներկայացնում եմ «Ազատության» հղումը. https://www.facebook.com/share/v/16XA43UFFy/?mibextid=wwXIfr