«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Անհամեմատելի են «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ Երկրորդ ցարը

Անհամեմատելի են «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ Երկրորդ ցարը
03.07.2025 | 14:04

Նիկոլը հաճախ է շահարկում «իմպերիաների քաղաքականության» թեման՝ փորձելով արձանագրել նիկոլական «ինքնիշխանության» դրական կողմերը: Բայց իրականությունն այլ է:

Օրինակ, եթե Հայ Եկեղեցու և անձամբ Վեհափառի հալածանքների մասով փորձենք համեմատել «ինքնիշխան» Նիկոլին ու Նիկոլայ Երկրորդ ցարին, շատ տխուր եզրահանգումների կգանք՝ պետականության, հանրային բարոյականության, ինչու ոչ՝ նաև անձնական բարոյականության ու դաստիարակության տեսանկյունից:

Այսպես.

Հայ եկեղեցու գույքի բռնագրավման ցարական հրամանագրի ժամանակներում «Կովկաս» թերթի հաղորդմամբ՝ 1903 թվականի հոկտեմբերի 14-ին Կովկասի կառավարիչ, գեներալ Գրիգորի Գոլիցինի վրա (եկեղեցական գույքի բռնագրավման գլխավոր համակարգողն էր) մահափորձ է կատարվել։ Հարձակվողները երեքն են եղել, և նրանցից մեկը հասցրել է Գոլիցինի գլխին մի քանի հարված հասցնել դաշույնով։ Գոլիցինի կառապանի և պահակախմբի արագ գործողությունների շնորհիվ պաշտոնյան մահացու վնասվածքներ չի ստացել, իսկ հարձակվողները չեն հասցրել փախչել։

Նրանցից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ, իսկ մյուս երկուսը մահացու վիրավորվել են։

Այս մահափորձի կազմակերպման գործում ցարական վարչակազմը կասկածում էր Հայ Եկեղեցուն (հետագայում պարզվեց, որ կասկածներն անհիմն էին): ՌԴ պետական արխիվում պահպանվել է մահափորձի հաջորդ օրով՝ 1903-ի հոկտեմբերի 15-ով թվագրված Ռուսական կայսրության Ներքին գործերի նախարար Վյաչեսլավ ֆոն Պլևեյի հանգամանալից զեկուցագիրը Նիկոլայ Երկրորդ ցարին (РГИА, ф. 821, оп. 138, д. 90), որտեղ նախարարն անխնա քննադատության է ենթարկում Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսին, իշխան Գոլիցինի վրա մահափորձը կապում է Հայ Եկեղեցու հետ և ցարին առաջարկում է քրեական հետապնդում սկսել Վեհափառի և Հայ Եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ:

Միաժամանակ, զեկուցագրում նախարար ֆոն Պլևեն նշում է, որ «Կաթողիկոսին պետք է դատել, սակայն օրենքով հետապնդում կազմակերպելու համար Խրիմյան Հայրիկի պատկառելի տարիքը և հայ բնակչության շրջանում ունեցած ժողովրդականությունը կառավարության համար զգալի անհարմարություններ են ստեղծում»:

Անշուշտ, Կովկասյան վարչակազմի և Ներքին գործերի նախարարության միահամուռ մոտեցում-առաջարկությունը ցարին կարող էին դրդել «վճռական գործողությունների»՝ ընդհուպ մինչև Վեհափառի կամ բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություն, հատկապես, որ մահափորձի մոտիվացիան առկա էր:

Ինչ արե՞ց Նիկոլայ Երկրորդ ցարը. արգելեց Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը:

Ավելին՝ մերժեց նախարար ֆոն Պլևեյի առաջարկը՝ գոնե թե նամակով տեղյակ պահել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ նա այլևս «չի վայելում ցարի բարեհաճությունը»: Շատ չանցած Նիկոլայ Երկրորդը նաև հետ կանչեց Հայ Եկեղեցու «սեկուլյարիզացիայի» (գույքի բռնագրավման) ցարական հրամանագիրը:

Իմպերիայի այս վերաբերմունքը Հայ Եկեղեցուն համեմատե՞նք «ինքնիշխան» Նիկոլի վերաբերմունքի ու նրա արածների հետ: Իմաստ չունի. ամեն բան պարզ է ու տեսանելի է: Ամեն դեպքում, եթե երկրային կյանքի ուղղին Նիկոլայ Երկրորդ ցարն ավարտեց Եկատերինբուրգի Իպատևյան առանձնատան նկուղում, բայց, ի վերջո, սրբադասվեց, ապա Նիկոլին դա ոչ մի կերպ չի սպառնում:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ