Թումանյանին շատ են նեղացրել ու ցավեցրել: Հոգեկան դառը պահերին նա ասել է.
«Էդպես էլ մենք ժողովուրդ չդառանք, մնացինք խալխ»:
Իր որդուն՝ Արտավազդին, Թումանյանն ուղարկեց ռազմաճակատ. Արտիկը զոհվեց 1918 թվականին, Վանում, քրդերի դեմ կռվելիս:
Արտիկի մահվանը հայրը չէր հավատում:
Լուրը նրան հաղորդել է իր ռուս ընկեր, գրող Սերգեյ Գորոդեցկին, որովհետև ուրիշ ոչ ոք չէր համարձակվել այդ բոթը հայտնել նրան:
Նվարդն իր հուշերում գրել է, թե հայրիկը տան դուռը բաց էր թողնում:
«Գուցե Արտիկս տուն գա»,- ասել է:
Բանաստեղծն իր երկու դուստրերի հետ 1915 թվականի ամռանը Էջմիածնում զբաղվել է արևմտահայ գաղթականների ու որբերի խնամքով:
Այդ տարիներին է, որ Վահան Տերյանը Պետերբուրգից եկել է Երևան, որպեսզի չափահաս, գրագետ որբերից եղեռնի մասին հիշողություններ գրառի:
Ռոստովից եկել է Մարտիրոս Սարյանն ու միացել Թումանյանին, նրա հետ խնամել որբերին:
Բայց Թումանյանը Սարյանի մեջ հոգեկան խանգարման նշաններ է նկատել ու նրան ասել՝ թող գնա տուն, եթե շարունակես մնալ այստեղ, մենք կկորցնենք մեծ նկարչի: Այդ օրերն էին պատճառը, որ ամենայն հայոց բանաստեղծի մահն արագացավ:
53 տարեկանում նա զառամյալ ծերունու արտաքին, քայքայված առողջություն, մարմին ու հոգի ուներ:
Դեռ լավ է, որ Թումանյանն ավելի դժնդակ օրերը չտեսավ:
1937 թվականին նրա երեք որդիներին գնդակահարեցեին, որպեսզի թումանյանական տոհմն արու սերունդ, շարունակող չունենա:
Ու չնայած թումանյանական ազգանունը չշարունակվեց, բայց ի հեճուկս դառը ճակատագրի՝ արդեն 151 տարի մեր ամեն ինչում Թումանյան կա:
Կարեն ԱՎԵՏԻՍՅԱՆ