«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ՝ հազարամյակներ առաջ

Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ՝ հազարամյակներ առաջ
04.07.2025 | 13:02

Ս. թ. հունիսի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է շնորհավորական ուղերձ՝ «Թուրքիայի ցամաքային զորքերի հիմնադրման 2234-րդ տարեդարձի կապակցությամբ»։ Թե իբր՝ «թյուրքերի առաջին ցամաքային ստորաբաժանումները ստեղծվել են Մեթե խանի կողմից՝ մ.թ.ա. 209 թվականին», ուստի «խորը հարգանքով հիշում ենք մեր բոլոր պետական գործիչներին և հրամանատարներին՝ Մոդու Չանից (Մետև խանից) սկսած մինչև սուլթան Ալփ Արսլան, Ֆաթիհ սուլթան Մեհմեդից մինչև Գազի Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք»։

Դե, թուրքերին շատ չկա՝ մի քանի տարուց, երբ Փաշինյանի օգնությամբ Հայաստանը կկլանեն, մի նոր հայտարարություն էլ կանեն, թե՝ Հայկ Նահապետն էլ թյուրք էր, քանի որ ապրում էր այսօրվա Թուրքիայի տարածքում, և մի 2000 տարով էլ հետ կտանեն իրենց բանակի ծննդյան տարեթիվը։

Իսկ մե՞նք։

Առնվազն 2000-ական թթ. կեսերից սկսած՝ պարբերաբար, գրեթե տարին մեկ անգամ, քննադատում եմ Հայկական բանակի՝ ՀՀ իշխանության որոշած ծննդյան տարեթիվը, ըստ որի, այն իբր ստեղծվել է 1992 թ. հունվարի 28-ին։ Այդ մասին գրել եմ հայկական մամուլում և սոցցանցերում, ինչպես նաև հանդես եկել բազմաթիվ բանավոր ելույթներով։ Բերեմ ընդամենը մեկ-երկու օրինակ։

Դեռևս 2008 թ. փետրվարի 14-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված մի հարցազրույցում առաջարկել էի Հայկական բանակի օրվա հարցն այլ կերպ լուծել՝ հաշվելով այն Հայկի և Բելի ճակատամարտի ավանդական տարեթվից։ Իսկ 2008-ին լրանում էր այդ ճակատամարտի 4500-րդ տարեդարձը։ Նշել էի նաև, որ ադրբեջանցիները իրենց բանակի տարեթիվը հաշվում են 1918-ից, ինչը պատմականորեն սխալ չէ։

Մեկ ուրիշ առիթով հիշեցրել էի, որ ՀՀ ոստիկանությունն էլ է իր տարիքը հաշվում 1918-ից, բայց բանակը, չգիտես ինչու՝ 1992-ից, որ անհեթեթություն է։

2020 թ. հունվարի 27-ին Ֆեյսբուքի էջիս գրել եմ․

«Այսօր բազմաթիվ հայտարարություններում դարձյալ կարդում եմ, թե վաղը տոնելու ենք «Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը»։

Վերջիվերջո ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ՝ հազարամյակներ առաջ, ըստ ամենայնի՝ Ք.ա. 3-2-րդ հազարամյակներում։

Հայկական բանակ չէի՞ն, ի՞նչ էին Արտաշես Մեծ Բարերարի, Տիգրան Մեծի, Տրդատ Մեծի, Տիրան, Արշակ ու Պապ արքաների, Սմբատ, Աշոտ, Գագիկ Բագրատունի թագավորների, կիլիկյան հայոց թագավորության հզոր բանակները։ Հայկական չէ՞ր արդյոք Առաջին Հանրապետության բանակը։

Իսկ 28 տարի առաջ Հայկական բանակը ոչ թե (առաջին անգամ) կազմավորվել է, այլ ընդամենը ՎԵՐԱՍՏԵՂԾՎԵԼ։ Հասկացե՛ք վերջապես»։

Բայց դե ո՞ւմ ես ասում։ Տասնամյակներով ազգային հարցերը թողնված են բարձիթողի վիճակում։ Բութ, ծանր անտարբերություն է իշխող շրջանակներում։

Ինչևէ, գուցե թուրքերն են լսել իմ առաջարկները ՀՀ ղեկավարությանը և, տեսնելով որ արձագանք չկա, որոշել են առաջ ընկնել ու կյանքի կոչել դրանք՝ բայց արդեն իրենց շահերին համապատասխան։ Չգիտեմ։ Փաստն այն է, որ մենք այսօր ապրում ենք մի տխուր ու նվաստացուցիչ իրականության մեջ՝ պետականազուրկ և անտեր։ Հայաստանում սովորական երևույթ է դարձել ազգային հիշողությունը զոհաբերել բյուրոկրատական անհեթեթ որոշումներին՝ ինքնակամ մոռացության տալով պատմական իրավունքը։

Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանը դեռևս ազգային պետություն չէ։ Բայց մի օր պիտի դառնա։ Այլապես՝ չի լինի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ