ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՀԺԿ-Ն ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՍԵԼ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՉԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ»

«ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՀԺԿ-Ն ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՍԵԼ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՉԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ»
07.12.2010 | 00:00

Անցյալ շաբաթ օրը` դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստերի դահլիճում վերստին համագումար էր. այս անգամ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) 7-րդ համաժողովն էր: Ներկա էին ՀԱԿ-ի անդամ գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Հրավիրվածների թվում էին նաև «Ժառանգությունը», կոմկուսը և ՆԺԿ-ն: Հայաստանի ընդդիմադիր դաշտի գունապնակը կկարողանայինք ամբողջական համարել, եթե ՀՅԴ-ն ևս լիներ, բայց ասին՝ չեն հրավիրել, չեն եկել: Հասկացանք:
Համագումարի սկզբում խոսեց Ստեփան Դեմիրճյանն ու ներկայացրեց ՀԺԿ-ի անցած ճանապարհը, այդ ընթացքում իշխանությունների գործողությունները, գնահատականներ տվեց Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը: Իհարկե, չշրջանցվեցին նաև հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը: «Մարտի մեկի էջը կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առջև կանգնեն այդ իրադարձությունների պատասխանատուներն ու տասը զոհերի մահվան մեղավորները: Չլիներ հոկտեմբերի 27-ը, չէր լինի մարտի 1-ը»: Իսկ ՀԱԿ-ՀԺԿ համագործակցության մասին ասվեց. «ՀԺԿ-ն արել է առավելագույնն ընդդիմադիր դաշտի միավորման համար: Մենք վերահաստատում ենք համագործակցությունը ՀԱԿ-ի հետ ու մեր սկզբունքներին հավատարիմ ենք մնում… Եթե մինչև հիմա ՀԺԿ-ն արդյունքների չի հասել, չի նշանակում, որ չենք հասնելու: ՀԺԿ-ն կլինի պայքարի առաջին շարքերում»: Այս մասով էլ ամեն ինչ պարզ էր ու կանխատեսելի:
Այնուհետև ամբիոնը տրամադրվեց հրավիրվածներին: ՀԺԿ-ին դավաճանողների մասին խոսեց Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ առաջարկելով ՀԺԿ-ն ներառել Գինեսի գրքում, քանի որ միակ կուսակցությունն է, որ երեք ընտրությունում հաղթել է, բայց իշխանությունը նրանից խլել են: Իսկ ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ իր ելույթում հիշեց «արտաշեսգեղամյանական տեսակին» և «իսկական ու պատվերով ընդդիմադիրներին»: ՆԺԿ-ի ղեկավար Արամ Կարապետյանն էլ, որ նստել էր ոչ առաջին շարքում` «ՀԱԿ-ականների» հետ, այլ բավականին վերև՝ շարքային կուսակցականների կողքին, ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում ամեն ինչ վիրտուալ է, քանի որ ղեկավարներից ոմանք ժամանակին եղել են «պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ», հետո էլ թե` կան անուններ, չկան համակարգեր: «Օրինակ, կոալիցիան մի անգամ հավաքվել ու քննարկել է` պանիրն ինչո՞ւ է բարձրացել»,- նշեց Կարապետյանը: Բա դա մարդկությո՞ւն է: Բայց ինչ կապ ունեին պանիրն ու ՀԺԿ-ն, անհայտ մնաց:
Ներկաներին մի լավ ուրախացրեց ԺՈՒԿ-ի փոխնախագահ Վարդան Գրիգորյանը: ՀԺԿ-ի հասցեին բառ իսկ չասած, վերջինս, անցնելով ՀԱԿ-ին, ասաց. «Ես այս տարիների ընթացքում երկու քաղաքական գործչի եմ ճանաչում, ովքեր իրենց արածից հետո կրկին վերադարձել են քաղաքականություն, երկուսն էլ հպարտորեն տանում են ժողովրդի սերն ու համակրանքը, դրանք են՝ Կարեն Սերոբի Դեմիրճյանը և Հակոբ Լևոնի Տեր-Պետրոսյանը»: Դահլիճը փռթկաց, իսկ Գրիգորյանն էլ շփոթվեց և ուղղեց իրեն՝ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը: Հետո ամբիոնից իջավ, մոտեցավ Տեր-Պետրոսյանին, սեղմեց նրա ձեռքն ու ներողություն խնդրեց լեզվի սայթաքման համար: Մարդ ես, կպատահի: «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն էլ անմասն չմնաց, իր խոսքն ասաց, անշուշտ, Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին:
Հետևելով ՀԺԿ համագումարը «պատված» կուսակցությունների ղեկավարների ելույթին, կարելի էր մտածել, թե վերջիններս ոչ թե համագումարը ողջունելու էին եկել, այլ առիթն օգտագործելու, որ իրենց «սրտի խոսքը» բարձրաձայնեն: Ասվածն ամբողջացրեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «գաղափարախոսության» մասին դատողություններով: «Պատեհության» գործոնը «կիրառելով»` Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ պատասխանեց իշխանությունների այն մեղադրանքին, թե ՀԱԿ-ը, «կազմված լինելով տարբեր գաղափարախոսություններ ներկայացնող կուսակցություններից, իբրև թե ընդհանրապես որևէ գաղափարախոսություն կամ ծրագիր չունի, բացի իշխանության ինքնանպատակ ձգտումներից»: Ներկայացրեց, բացատրեց ու պարզաբանեց: Իշխանություններ, լուսավորվեք, կարդացեք ու մի մեղադրեք:
Իսկ մենք անցնենք օրվա առիթին: Ճանապարհելով հրավիրյալներին՝ ՀԺԿ-ն «շունչ քաշեց» ու անցավ գործի: Ընտրվեցին նոր վարչություն, քաղխորհուրդ և կուսակցության ղեկավար: ՀԺԿ նոր վարչությունը բաղկացած է 81 անդամից, որն էլ իր կազմից ընտրել է քաղխորհուրդ՝ 14 անդամով: Իսկ կուսակցության նախագահ է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ