Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Այդ «քաղցր» բառը՝ խաղաղություն

Այդ «քաղցր» բառը՝ խաղաղություն
23.08.2025 | 14:51

Օգոստոսի 18, 2025 թիվ:

ՈՒժային ազդեցիկ կենտրոններում գործող քաղաքական առևտրականների ռացիոնալ հաշվարկներով, նրանց իսկ դարբնոց-աշխատասենյակներում վերջնական տեսքի բերված ակնհայտ պարտվողական ուղերձ, որ հայկական հեռուստաեթերից մատուցվում է «գովք խաղաղության» թրքահոտ սոուսով:

Գլխավոր կոմեդիանտը, որ հայ հանրության ճաշասեղաններին դրվող ճենճաբույր ուտեստը համեմել է ավետարանական վկայություններով, խոսքի ենթատեքստում, ասես, սպառնում է՝ եթե չճաշակեցիք ու չգոհացաք, ապա… փողկապս կուտեմ:

- Է կե՜ր, ու խեղդվիր,- ակամա նետում ես

Պիկասոյի վրձնի տակից փախած այս ծաղրանկարին, արհամարհանքին խառնված զզվանքով նայում դրա հտպիտային դեմքին նյարդայնորեն թրթռացող հոնքերին, անվերջ շարժվող տեսողական, հոտառական, անգամ լսողական, օգաններին ու արտաբերում անցյալ դարում թևավոր դարձած մաղթանքը.

- Երանի՜ քեզ նկարեր Պիկասոն, աչքդ՝ ականջում, իսկ քիթդ՝ բերանում:

Եթե հերթական այս բենեֆիս-ուղեղալվացքը դիտարկենք 2026-ի հունիսին կայանալիք ընտրությունների համատեքստում, ապա ավելորդ անգամ կարձանագրվի հիմնավորում չպահանջող ընդունված դրույթը՝ քաղաքականությունն աշխարհի հնագույն արհեստներից է, երբ նրանով զբաղվում են լեզվով ու հոգով պոռնիկները:

Վկա՝ 30 րոպե 10 վայրկյան տևողությամբ «ավետիսը» ՀՀ՝ կրկին «սիրելի» դարձած, քաղաքացիներին.

«Օգոստոսի 8–ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում և այս փաստը պետք է գիտակցել»:

Գիտակցում ենք:

Ապրում ենք մի տարածաշրջանում,

որտեղ ռազմա-քաղաքական շահեր են բախվում,

որի բաց երակից անվերջ արյուն է հոսում,

որովհետև աշխարհի քարտեզի վերաձևմամբ զբաղված հայտնի կենտրոնները զենքի «լեզվով» են քանդում իրենց իսկ ստեղծած թնջուկները:

Իսկ զուգահեռ իրականությունում, ոմն «խաղաղության մունետիկ» շոու է բեմադրում և ինչ-որ նախաստորագրություններ է խոթում «սիրելի քաղաքացիների» աչքը:

Պարտությամբ նվաճված այս «հաղթանակն» է, թերևս, սրան իրավունք տվել՝ ՀՀ զինված ուժերում միանձնյա նախաձեռնելու չտրամաբանված ու խիստ վտանգավոր կրճատումներ, որոնց «աչքալուսանքը կհնչեցնի ուղերձից երեք օր անց՝ օգոստոսի 21-ին.

«2026 թ․ պետական բյուջեում գուցե պաշտպանական ծախսերի էական ավելացումներ չունենանք կամ ընդհանրապես չունենանք»:

Անշուշտ, մեր ինչի՞ն է պետք բանակը, երբ եկել է «խաղաղությունը», որն «արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն, տարածաշրջանակենտրոն խաղաղություն է», և որից «առավել քան ոգեւորված» է լեզվաշարժության այս մագիստրոսը:

«Խաղաղություն», որի «համը», պարզվում է՝ խորթ է մեր քիմքին, որովհետև «նորաձև» չկրթվեցինք, անվերջանալի ֆոտոսեսիաների ուղեկցությամբ գիրքը թարս չկարդացինք ու այդպես էլ թերուս մնացինք:

Այնքան տգետ ենք, որ «չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է»:

Եվ այն դեպքում, երբ, ինչպես վստահեցնում է պսևդո-վարչապետը. «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել»:

Ասել է՝ վերջ հայ-ադրբեջանական արյունալի թշնամությանը, որի հրահրողը, ի դեպ, միշտ էլ անանցյալ ու անհայրենիք քոչվորն է եղել:

Ավելի կատարյալ ապուշություն հնարավոր էլ չէր սպասել մեկից, որն առանց արժանապատիվ հակադարձումների կլլում է իրեն սինքրոն ձայնակցող գործընկերոջ բացահայտ սպառնալիքը.

«Մեծացնում ենք մեր ռազմական ներուժը։ Մատակարարվել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր։ Պայմանագրեր ենք կնքել մարտական նոր ինքնաթիռների գնման համար, եղածներն արդիականացվել են։ Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ աշխարհում գործընթացներն այնպիսին են, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի»:

Փորձենք կարդալ ազգությամբ քուրդ Հեյդարիչի տողերի ենթատեքստը՝ թքած ունեմ ցանկացած խաղաղության վրա, պատրաստվեք պատերազմի:

Երբ զուգահեռում ենք այս երկուսի բարձրաձայնումնրը, ընդհանուր հայտարարում ունենում ենք միակ ճշմարտությունը՝ հոգով, հավատով, գենետիկայով թուրքը, պատմականորեն միշտ էլ մեկ թշնամի է ունեցել՝ առաջադեմ մարդկությունը:

ՈՒ այդ հանրույթում, դեպի հետ՝ դեպի «սև ոչխարավորներ» «առաջընթացին» նրան դարեր շարունակ խանգարել է հայկական սեպը, որին հակամարդկային այս քաղաքակրթությունը հարյուրամյակներ շարունակ կանգնեցրել է «լինել-չլինելու» դիլեմայի առաջ:

ՀՀ վարչապետ աշխատողին, սակայն, չեն մտահոգում նման իրողությունները: Ինչպես և այն, որ իր տարփողած «խաղաղությունը» Հայաստանի կրկնակապիտուլյացիան է:

Իսկ տրամաբանական ավարտը՝ հանրապետության վերջնական լուծարումը:

Այնուամենայնիվ, ո՞րն էր ուղերձի առանցքային խնդիրը:

Պատասխանը միանշանակ է՝

աճպարարությամբ, իմա՝ տարբեր հնարքների գործադրմամբ, հայության որոշակի հատվածի ենթագիտակցությունը կոդավորելն ու վերահսկելը:

Ինչ ճանապարհո՞վ:

Բացահայտ ստի, խեղաթյուրված ճշմարտության և դյուրահավատներին համոզելու՝ օգոստոսի 8-ից հետո նեոբոլշևիկ դարձած «թավիշ»-ները ՀՀ-ում կոմունիզմ են կառուցում՝ «իհարկե՝ Ադրբեջանի հետ, եւ ոչ թե միայնակ»:

Արդեն «կրթվածներն» այդ սուտը, ի վերջո, կընդունեն որպես փաստ:

«Կրթվելը նորաձև է» պսևդո-բանաձևման գաղտնագիրն ապակոդավորելուց հետո ի հայտ է գալիս ազգային արժեքները փոշիացնող, թշնամու օրակարգը սպասարկող ծածկագիրը.

«Կրթվելուց մինչև անկախ, ինքնիշխան պետություն ձգվող ամենակարճ ուղին պարտությունն է»:

Եզրահանգումը`

պարտվելը նորաձև է, իսկ խաղաղության մունետիկ ներկայանալը հույժ շահավետ՝ միամիտների հոգիները գողանալու և 2026-ին վերարտադրվելու ճանապարհին:

Որպեսզի սեփական պարտվողականությունդ ո՛չ միայն հիմնավորես, այլև սոցիալականացնես, անձնական նախընտրությամբ կարող ես «համահեղինակել», դիցուք,

«1984»-ը և ամբողջացնել նախկինում մի քանի անգամ հնչեցրած ցնդաբանությունը՝ «գովք առ պարտություն»-ը:

Նախ հատված

2025-ի փետրվարի 1-7-ը «երկրի հակառակ կողմում»՝ Վաշինգտոնում, տարբեր ձևաչափերով հնչեցված հակատրամաբանական ցնդաբանությունից.

«… պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»:

Այժմ հատված 2025-ի մարտի 9-ին Գյումրիում հնչեցրած ցնորամտության ավարտից:

«Վերջին 7 տարիներին անցել ենք շատ բարդ և դժվար իրավիճակներով: Մենք շատ կորուստներ ենք ունեցել, բայց, ի վերջո, մենք պետք ա ունենանք համարձակություն բարձր և հստակ ասել, որ մենք ունեցել ենք շատ կորուստներ ու ձեռք ենք բերել ավելի մեծ անկախություն:

Չուզեցա ասեմ ձեռք ենք բերել անկախություն, բայց կարող ենք ասել, որ ձեռք ենք բերել անկախություն, որ ձեռք ենք բերում անկախություն, որ ձեռք ենք բերում պետականություն, որ ձեռք ենք բերում ինքնիշխանություն, որ ձեռք ենք բերում ազատություն, որ ձեռք ենք բերում ապագա»:

Եվ վերջին հատվածն ուղերձից.

«...առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»:

Մարդկային հասարակությունում ընդունված իրավական, բարոյական և, առհասարակ, բոլոր նորմերը բացասող էպատաժային այս զառանցանքը, որ է՛ ցինիզմի գագաթնակետ, ինքնաբերաբար հիշեցնում է «1984» վեպը` Ջորջ Օրուել:

1948-ին գրված և 1949-ին հրատարակված հակաուտոպիստական այդ կտավից «փախած», արդեն մեր օրերում ՔՊ կուսակցություն ստեղծած, իշխանություն յուրացրած ու ոստիկանապետություն հիմնած ուրացողը, իր ուղերձով մեկ անգամ ևս հավատարմության երդում տվեց տիկնիկավարներին` հերթական ականը տեղադրելով Հայաստանի ապագայի տակ:

Վաշինգտոնում արած սկանդալային իր հայտարարությունը խմբագրելով ու առավել «ընդգրկուն» դարձնելով սույն մարիոնետը Գյումրիում մարմնավորեց, իսկ օգոստոսի 18-ին արդեն շրջանառության մեջ դրեց Անկարայի «Բարձր դռնից» իջեցված խայծը՝ «մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսի՞ն է այն եւ ինչ տեսք ունի»:

Ինչո՞վ «1984» չէ:

Այնուամենայնիվ, ի՞նչ կապ ունեն 1950-ից ի վեր մարդկային ուղեղին ոչ հասու՝ անհայտ տարածաչափություն հեռացած Օրուելն ու նրանից 25 տարի հետո միայն` «հայ»-ի ցեցը դառնալու նախանշանով աշխարհ եկած սույն «երազողը»:

Քաղաքական ֆանտաստիկայի ժանրի այդ ստեղծագործության և քննարկվող սույնի զուգահեռումը տրամաբանական է, երբ մտովի վերհիշում ես ինչ-ինչ հատվածներ:

Որպես ասվածի հավաստում վերհիշենք վեպի առանցքային կառույցներից մեկի`ճշմարտության նախարարության, նորալեզվով`«նախաճշտ»-ի, շենքի սպիտակ ճակատին նրբագեղ տառատեսակով գրված կուսակցական կարգախոսները.

ա) պատերազմը խաղաղություն է,

բ) ազատությունը ստրկություն է,

գ) տգիտությունն ուժ է:

Որքան էլ հիշատակված կարգախոսները հայկական տարբերակում այլ հնչողություն ունեն, այնուամենայնիվ, «գաղափարազուրկ ուղերձում» թրքահոտ շեշտադրումներով արտասանած իր հակաթեզերում սա «խմբագրեց» Օրուելին, և ինքն էլ չգիտակցելով դարձավ «1984»-ի համահեղինակ:

ՈՒ քանի որ ի պատկերի յուրոմ մաշվել-բարոյալքվել են նրա` զրո կետից սկսած նախկին բոլոր բանաձևումները, ապա նախ ԱՄՆ-ից, մեկ ամիս անց Գյումրիից, իսկ օգոստոսի 18-ին ուղերձով՝ հեռուստաեթերից, իրազեկեց ՔՊ նոր կարգախոսները.

ա) կորուստն ինքնիշխանություն է,

բ) սուտը` ճշմարտություն,

գ) պարտությունը` հաղթանակ:

Հետևաբար, կեցցե՜ այն պարտությունը` մեր պարտությունը, որի շնորհիվ կորցրել ենք մեր հայրենիքի «գորշ ու դժգույն» մի հատված, բայց ձեռք ենք բերել ավելի մեծ անկախություն, ազատություն, ինչպես նաև ինքնիշխան, անկախ պետություն ունենալու հնարավորություն:

ՈՒրեմն`

«մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։

Ժողովուրդը, այսինքն դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։

Հետևապես՝

դ) անկցի՛ Արցախը:

Որովհետև մեր հայրենիքի մի հատվածի զոհաբերմամբ այսօր գտել ենք «այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ»,- եզրակացնում է ամենակործան ոգին:

Մինչ, ժանրի կանոններին համաձայն, վարագույրն իջեցնելը փաստենք՝

ներկայացրածդ անպատիվ, ստրկահաճ ապագան ոչ թե իմն է ու շատերինը, այլ քեզ նման թրքապաշտ, սողացող առանձնյակներինը:

Ես, որ էրզրումցի տատ ու պապերի շառավիղ եմ, երբեք չեմ երազել նման գալիք:

2024-ի հունիսի 12-ն անտեսելով, ծաղրում ես՝ եթե համաձայն չենք հաշմանդամ մտքերիդ ու պարտվողական ծռտիկ քայլերիդ հետ՝ հեղափոխություն անենք:

Փորձիր հաղթահարել ցոփությամբ շղարշված կոնստանտ տգիտությանդ ճահիճն ու հասկանալ՝

հեղափոխությունը քեզ նման ծախու պոռնկաբարոյի գործն է:

Մենք ընդամենը, քեզ դուրս ենք շպրտելու մեր առօրյայից ու կյանքից:

Չկասկածես՝ գալու է այդ պահը:

ՈՒ քեզ ոչ ավետարանական մեջբերումներդ են փրկելու, ոչ սաղմոսերգությունդ, և ոչ էլ կուտակածդ ՝ յոթ միլիարդի կամ ոսկու ձուլակտորների տեսքով:

Ի կատար է ածվելու՝ հայրենավաճառության քո կեղտոտ խաղերում մատաղացու գառներ դարձած անմեղ զոհերի՝

արդեն հինգ տարի երկնքից հնչող «վրե՜ժ»-ը:

Իրագործվելու է նրանց՝ չապրած ու «առ ոչնչի» համար զոհաբերած ջահել կյանքերի, սերերի, չվայելած համբույրների, կարոտների ու առաջնեկին գրկել չկարողանալու համար, «վրե՜ժ»-ի պահանջը:

Իսկ մենք, խնկարկելու ենք նրանց հիշատակը, բաժակները վեր պարզած օրհնելու ենք նորօրյա Թեհլերյանի փրկարար մատն ու խմելու նրա կենացը: Մենք դեռ երգելու ենք.

- Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից...

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ