ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Մի՛ գողացիր» (տասնաբանյա պատվիրաններից)

«Մի՛ գողացիր» (տասնաբանյա պատվիրաններից)
16.11.2012 | 11:54

Աշխարհում ամեն տեղ էլ գողություն կա: Ոմանք մեծ գողեր են նկատվում, ոմանք էլ` փոքր: Օրինակ, եթե մեկը մեքենայից ձայնագրիչ է գողանում, ասում ենք. «Մի մեծ բան չէր, թեթև գողություն էր», և շատ ուշադրության չենք արժանացնում ու մեքենայի տիրոջն էլ ասում ենք. «Բախտդ բերել է, էժան ես պրծել»:

Սակայն ինչ լինում է, «մանրից» է առաջանում: Ժողովուրդը մի լավ խոսք ունի. «Ձու գողացողը ձի էլ կգողանա»: Տասը պատվիրանների մեջ հստակ գրված է ու պատվիրված` «Մի՛ գողացիր», և վե՛րջ, չես կարող այսքան և այնքան գողանալ, այլ ուղղակի արգելք է դրված, որը պատժելի է և՛ մարդկային, և՛ աստվածային օրենքներով:
Խորհրդային Միության տարիներին, անաստվածության շրջանում, գողությունը, դժբախտաբար, համատարած երևույթ էր, բանվորից մինչև նախագահ օղակի նման մեկը մյուսից գողանում էր: Հիշում եմ, երբ հոգևոր ճեմարանի ուսանող էի, ամառային արձակուրդներին մորս հետ գնում էի շինարարության վրա բանվոր աշխատելու, որպեսզի կարողանամ օգնել իմ ընտանիքին` մի քիչ նյութապես թեթևացնելու տան բեռը: Ամեն օր աշխատանքից վերադառնալիս մայրս իր հետ վերցնում էր մի փոքր տոպրակով ավազ կամ ցեմենտ, փայտի կամ երկաթի կտոր: Քանի որ ես հոգևոր կրթություն էի ստացել, այդ բաներն ինձ խորթ էին երևում ու մորս դառնացած ասում էի. «Մամ, շենքի վրա աշխատում են ավելի քան հիսուն բանվորներ, վարպետներ և ինժեներներ: Եթե ամեն մեկը քեզ նման մի բան տուն տանի, պատկերացնո՞ւմ ես կառուցվելիք շենքի վիճակը»: Մայրս էլ թեթև ժպիտով, անկեղծորեն, արդարացնելու համար իր արածը, պատասխանում էր. «Է՜հ, տղաս, մեր արածն ինչ է որ, ինժեները մեքենայով է տանում»: Այդ ժամանակներում «Մի՛ գողացիր» աստվածային պատգամի «մի»-ն հանված էր և թողնված էր միայն «գողացիր»-ը: Ցավալի է, բայց իրականությունն այդ էր:
Գողությունների տեսակները շատ են ու բազմազան, բայց թողնենք դրանք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ամենամեծ գողությունը: Վստահ եմ, որ ընթերցողներից շատերը կարող են ասել` բանկերի գողությունները, որտեղից միլիոններ են գողանում, կամ ավազակային հարձակումները ընտանիքների և այլ հաստատությունների վրա: Սակայն մեզնից ոչ մեկի մտքով չի անցնում, թե ամենամեծ գողությունը որն է: Բոլորս էլ նյութական գողության մասին ենք խոսում կամ մտածում, սակայն ամենամեծ գողությունը համարվում է այն, որ Աստծու դրամապանակից ենք գողանում: Այո՛, այո՛, մի՛ զարմացեք, Աստծու դրամապանակից: Հիմա ձեզնից շատերը ծիծաղելով կասեն` «Տեր հայրը խելքը թռցրել է, ի՞նչ է խոսում, ո՞վ համարձակություն կարող է ունենալ Աստծու դրամապանակից գողանալու, կամ արդյո՞ք Աստված դրամապանակ ունի: Աստված նյութական հարստություն ունի՞, որ դրամապանակ էլ ունենա, ու մենք հասնենք երկինք և գողանանք»: Բնական է, որ այսպիսի հարցեր բոլորս էլ կարող ենք ունենալ, երբ հարցը Աստծուն է վերաբերում:
Այս հետաքրքիր պատմությունը, վստահ եմ, կլուսաբանի ձեր որոշ հարցեր։
«Հավատացյալ մի մարդ, որ տարիներ շարունակ երազել էր ուխտի գնալ Երուսաղեմ, վերջապես կարողանում է հավաքել անհրաժեշտ գումարն ու ճամփորդել: Անշուշտ, նա իր հետ վերցնում է ճամփորդության անհրաժեշտ իրեր, գնում է մեծաքանակ գորգեր` տաճարին նվիրելու համար, բարձում դրանք ուղտերի վրա և, բավական շատ դրամ վերցնելով իր հետ, ճանապարհվում է դեպի Երուսաղեմ: Մեծ դժվարություններ հաղթահարելով, նույնիսկ ավազակային հարձակումների ենթարկվելով ու փրկվելով, վերջապես հասնում է Երուսաղեմ և նույն օրը Տաճարի լուսարարապետին տեղեկացնում իր գալստյան մասին: Հանդիպելով նրան` տաճարին նվեր բերած մետաքսե թանկարժեք գորգերը հանձնում է լուսարարապետին, որը կարգադրում է դրանք անմիջապես դնել ներսում: Ժամանակը գալիս է, Տաճարի դռները փակվում են, բոլորը գնում են հանգստանալու: Հանկարծ ժամկոչը դռան արանքից ծուխ է նկատում, տեսնում է, որ գորգերը վառվում են: Մոտ գտնվող մարդիկ նրա աղաղակը լսելով` սարսափահար վազում են դեպի տաճար, բացում դռները և, ո՜վ զարմանք, հավատացյալի նվիրած գորգերն այրվել ու մոխրացել էին: Հետաքրքիրն ու զարմանալին այն էր, որ կողքի ոչ մի գորգ ու իր չէին վառվել: Ներկաներն ավելի քան ապշած և զարմացած էին ու միմյանց հարցնում էին. «Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը»: Լուսարարապետը սպասում էր պատասխանի, և հավատացյալը նրան առանձին պատմում է պատճառի մասին:
Նրա պատմածից հասկանալի էր, որ նա վաճառական է եղել: Ծնողները միշտ խորհուրդ են տվել նրան կիրակի օրերը նվիրել Աստծուն, չաշխատել: «Կիրակի օրերի շահը թող Աստծու Տան համար լինի քո նվիրատվություններով»,- ասել են նրան: Մարդը սկզբում լսել է իր ծնողների խորհուրդը և կիրակի օրերի շահույթը նվիրել եկեղեցիներին: Սակայն տեսնելով, որ մյուս առևտրականները կիրակի օրերին էլ էին աշխատում, մոռանալով ծնողների խորհուրդը, շահելու ակնկալիքով ինքն էլ է միանում նրանց ու կիրակի օրերին առևտուր անում: Ահա այդ հավաքած գումարով էլ գնում է թանկարժեք մետաքսե գորգեր և իր ուխտը կատարելու համար դրանք նվիրում Երուսաղեմի տաճարին:
Ծերունազարդ լուսարարապետը ուշադրությամբ լսելուց հետո, ասում է «Տղա՛ս, բայց դու այդ գումարը գողացել ես Աստծու դրամապանակից, քանի որ կիրակի օրերը Նրան են պատկանում: Այդ օրը չի կարելի առևտուր անել, ո՛չ էլ սակարկության մեջ մտնել Աստծու հետ, առօրյայի և կիրակիի դրամական հաշիվները բաժանելով: Աստված աշխարհը, ամեն ինչ և մարդուն վեց օրում ստեղծելուց հետո յոթերորդ օրը հանգստացավ ու Իր օրինակով մարդուն թելադրեց նույնպես հանգստանալ և Իրեն երկրպագել ու ոչ թե Իր հաշվին ապրել: Այդ պատճառով էլ Աստված քո ուխտն ընդունելի չհամարեց, և նվիրածդ գորգերն այրվեցին ու մոխրացան»:
Ամեն բարիքի հիմքը աստվածապաշտությունն է: Աստծուն տրված ամեն տեսակի նվերներ անարժեք են դառնում, երբ դրանք Նրան երկրպագելու փոխարեն են ձեռք բերվում, նման այն հավատացյալ մարդու գորգերին, որոնք կրակից մոխրացան: Հիշենք Աստվածաշնչից Աբելի ու Կայենի ընծաների պարագան: Աբելի ընծան մաքուր, սո՜ւրբ, անարա՜տ և անխարդախ էր, իսկ Կայենինը` հակառակը: Դրա համար Աբելի ընծան ընդունվեց Աստծու կողմից, իսկ Կայենինը` ոչ: Ի՞նչ պատահեց: Կայենն ատելությունից կուրացած, նախանձեց ու սպանեց իր եղբորը:
Այս պատմությունը լսելուց հետո, մենք` իբրև վաճառական, արհեստավոր, արվեստագետ կամ այլ մասնագիտություն ունեցող հավատացյալ մարդիկս, պիտի համարձակվե՞նք դիպչելու Աստծու դրամապանակին: Վաճառականի նվիրած գորգերն այրվեցին ու մոխրացան: Վերջապես ե՞րբ պիտի սովորենք պատմությունից դասեր քաղել:
Կարծում եմ, ամեն ինչ ավելի քան հստակ է` կիրակին Աստծու օրն է: Եկեք այդ օրն աղոթենք ու նվիրենք Նրան, որպեսզի հաջորդ օրերին Աստված մեր գործերին հաջողություն տա և մեզ առողջ պահի։ Կիրակի օրերի հանգստով միասնաբար փորձենք լցնել Աստծու դրամապանակը` մեր սիրով, հավատով և արդար ու մաքուր կյանքով: Ամեն:


Տ. Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ