ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու որդուն» (Ղուկ. 22:48)

«Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու որդուն»  (Ղուկ. 22:48)
29.03.2013 | 12:25

Գեթսեմանիի պարտեզում Հիսուսն այս հարցը տվեց Իր աշակերտ Հուդա Իսկարիովտացուն:
Մինչ այդ Հուդան զինվորներին ցույց էր տվել իր ուսուցչին և ասել. «ՈՒմ հետ ես համբուրվեմ, նա՛ է, նրան բռնեցեք» (Ղուկ. 22:48):
Եթե ընդունում ենք, որ Հիսուս մեզ հետ ու մեր մեջ է, նշանակում է` այսօր էլ Բեթղեհեմի աստղը` իբրև կյանքում մոլորված հոգիների ուղեցույց, շողում է երկնակամարում, այսօր էլ մենք Մարիամի ու Մարթայի պես ողբում ենք մեր հանգուցյալներին և մտածում, որ եթե Աստված այստեղ լիներ, մեր հարազատը չէր մեռնի, այսօր էլ անառակ որդիների պես շատերս թափառում ենք բախտի նավով` մոռացած հայրական տունն ու հայրենիք: Ինչպես միշտ, այսօր էլ մեր շուրջն են փարիսեցին ու մաքսավորը, թերահավատ Թովմասը, կարճահասակ Զաքեոսն ու ձեռքերը լվացող Պիղատոսը, մատնիչ Հուդան ու աստվածասպան ժողովուրդը:
Ամեն բան իր տեղում է, դերերը նույնն են, միայն անցել է երկու հազար տարի, և տարբեր են դերակատարները: Մե՛նք ենք դրանք` այսօրվա ապրողներս:
Այսօր ես ուզում եմ խոսել դրանցից միայն մեկի` Հուդա Իսկարիովտացու մասին, բայց ոչ թե նրա, որը, ապրելով երկու հազար տարի առաջ, համբուրելով մատնեց իր Վարդապետին, այլ ա՛յն Հուդայի, որն այսօր էլ կա և ապրում է: Մե՛ր միջի Հուդայի, քանի որ, երբ մենք սկսում ենք խոսել Հիսուսի ժամանակներից, այնպես է թվում, թե մենք խոսում ենք անցած-գնացած բաներից: Ո՛չ, այսպիսի մոտեցումով մենք սպանում ու կործանման ենք հասցնում քրիստոնեությունը: Հերովդես թագավորն այսօ՛ր էլ փնտրում է Նորածին Արքային` Մանուկ Հիսուսին, Բարի Սամարացին մի՛շտ մեզ հետ ու մեր մեջ է, և Հուդան մատնում էր երեկ, կմատնի նաև այսօր ու վաղը:
Այստեղից կրկին հարց է ծագում` «Ո՞րն է տարբերությունը Հուդայի և մյուս մեղավոր մարդկանց միջև, ինչո՞ւ Հիսուս ներեց գողին, ավազակին, շնացողին ու անառակին, բայց չներվեց Հուդան, արդյոք սա անարդարություն չէ՞»:
Եթե մակերեսորեն մտածենք` Հուդայի արարքը մեծ հանցանք չէր: Ինչո՞ւ, որովհետև Հիսուսին բոլորն էին ճանաչում, Նա քարոզում էր երես առ երես Տաճարում ու փողոցներում, ժողովրդի մեջ էլ գիտեին Նրան: Հուդան ուղղակի ցույց տվեց մեկին, ում բոլորը ճանաչում էին, ուրեմն ինչո՞ւ մարդու նկատմամբ այդքան անսիրտ ու դաժան լինենք:
Այդ բոլորը, սակայն, մեզ թվում է առաջին հայացքից: Փորձենք գտնել բուն արմատը և ավելի խոր հասկանանք, թե ի՞նչ է նշանակում մատնիչ: Աստված հանդուրժում է բոլոր մարդկային մեղքերը և պատրաստ է ներելու, բայց Նա չի՛ ներում մատնիչներին, մանավանդ, երբ նրանք մատնում են սուսիկ-փուսիկ, ժպտերես, կեղծ բարոյականության և համբույրի քողի տակ:
«Ո՞վ է մատնիչը»: Հիշենք հայոց պատմությունը. քանի՜-քանի՜ բերդեր են ընկել մատնիչների պատճառով, քանի՜-քանի՜ անմեղ կյանքեր ու ճակատագրեր են կործանվել նրանց մատնությամբ: Մատնիչն ունի մարդկային բոլոր մեղքերը` հպարտություն, նախանձ, չարություն, ագահություն, ատելություն, վախկոտություն ու խորամանկություն:
Վերջապես` ո՞վ է մատնիչը: Մատնիչը նա է, որին օգտագործում ու հետո կախաղան են բարձրացնում հենց իրենք` նրան վճարողները` պատճառաբանելով. «Այսօր նրա՛ն մատնեցիր, վաղն էլ մեզ ես մատնելու»: Ահա՛ թե որտեղ է թաքնված չարի գլուխը: Ա՛յս է մատնիչի վախճանը:
Ռուս մեծ մանկավարժ Սուխոմլինսկին իր հուշերում այսպիսի մի դեպք է պատմում. «Երբ ինձ նշանակեցին բանտի հատուկ ուղղիչ դպրոցի տեսուչ (խոսքը պատանիների բանտի մասին է, ուր գողերին ու ավազակներին դաստիարակում էին), ես մտածում էի` ինչպե՜ս կառավարել երկու հազար գող ու ավազակ 14-ից 18 տարեկան հանցագործ տղաների: Մի քանի օրից ինձ մոտ կանչեցի յոթ աշակերտի, որոնց քիչ թե շատ վստահում էի, ու ասացի, որ պետք է ինձ օգնեն, որ կառավարենք դպրոցը: Տղաների մեջ նրանք պետք է տեսնեին, թե ինչ էր կատարվում, ու ինձ տեղեկացնեին:
Մի քանի ամիս ես ամեն ինչ հսկում էի: Իմ աշակերտները գալիս ու պատմում էին ինձ օրվա լուրերը: Ես հանգստացնում էի սխալ գործողներին, պատժում ու հեռացնում: Այդ յոթ հոգին բարեխղճորեն կատարում էին իրենց տեսչի հանձնարարությունը, սակայն մի քանի ամսից ես դադարեցրի իմ աշխատաձևը: Ինչո՞ւ, որովհետև սարսափեցի: Ես դաստիարակում էի յոթ լրտես ու յոթ մատնիչ: Եվ որոշեցի, որ եթե ես չպետք է լինեմ այնպիսին, որ հավատան, վստահեն ու կիսվեն ինձ հետ, ուրեմն ես լավ մանկավարժ չեմ»:
Մեզ թվում է, որ մատնությամբ, զրպարտությամբ, ուժով ու չարախոսությամբ կարող ենք մեր կյանքում հաղթանակներ տոնել, բայց դա առնվազն չհասունացած մարդու սխալ մտքի արդյունք է: Գուցե մատնությունն ու զրպարտությունն էլ կարող են հաղթանակներ տոնել, բայց որքա՜ն կարճատև են դրանք, վկան առկա է` մարդկության պատմությունը: Եվ միա՛յն սիրո հաղթանակն է մնայուն ու հավերժական, վկան Հիսուս Քրիստոսն է:
Աշխարհակալները, ավա՜ղ, միայն իրենց վախճանին զգացին, թե կյանքը սպառել էին նյութական արժեքների ձգտումով: Մարթին Լյութեր Քինգը, նրանցից մեկի մասին խոսելով, ասում է. «Ֆրանսիայի մեծ զորահրամանատար Նապոլեոն Բոնապարտը, մի ակնարկ կատարելով իր ապրած կյանքի վրա, հայտարարեց. «Ալեքսանդր Մեծը, Կեսարը, Շարլըմանը և ես կառուցեցինք հսկա կայսրություններ, սակայն դրանք բիրտ ուժը ունեցան իբրև հենարան: Ժամանակներ առաջ Հիսուս սկսեց մի կայսրություն, որի հենարանը եղավ սերը և մինչև այսօր միլիոնավոր մարդիկ զոհվում են Նրա համար»: Բոնապարտը նույնիսկ խոստովանել է. «Բացի ավետարանից` ես ոչ մի բանի առաջ ծունկի չեմ գա, որովհետև ես աշխարհը գրավեցի զենքով, բայց Հիսուս առանց զենքի` սիրով»:
Բոլորս էլ ունենք մեր սխալներն ու թերությունները, մեղավոր ենք, ինչպես Հիսուսի աշակերտները: Շատերը լքեցին Նրան, Պետրոսն ուրացավ, Թովմասը կասկածեց Նրա Հարությանը, մյուս աշակերտները դավաճանեցին ու փախան խաչից ու Խաչյալից, բայց բոլորն էլ Սուրբ Հոգու զորությամբ մեծ քարոզիչներ դարձան, ու նրանց սխալները չհիշվեցին: Միայն Հուդան կրեց մատնիչի անսրբելի կնիքն ու մարդկության հավերժական անեծքը:
Ովքե՞ր են մատնիչները: Իտալացի մեծ մտածող Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» մատնիչներն ու հայրենիքի դավաճանները տառապում են ու պիտի տառապեն դժոխքի ամենաստորին մասերում:
Մի՛ մատնեք, որ ձեզ տեսնելով` ձեր ընկերներն իրենց ճանապարհը չշեղեն և ձեզ մոտենալով` ձեր իսկ բարեկամները խոսակցությունը կիսատ չթողնեն:
Մի՛ մատնեք, թող ձեր պատճառով մարդիկ չդատվեն և չխաչվեն, լավագույն դեպքում Պիղատոսի պես լվացեք ձեր ձեռքերը, և ինչ լինելու է, թող լինի, բայց մի՛ խաբվեք երեսուն արծաթով, որ չլսեք Տիրոջ ձայնը. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»: Մի՛ վերցրեք կյանքի այդ դերը և մի՛ փորձեք խաղալ այն:
Ամեն օր աղոթե՛ք, որ հեռու մնաք չար գործերից, մանավանդ մատնությունից, նախանձից, անեծքից, քանի որ աղոթող մարդը չի կարող այս մոլորություններն ունենալ, որովհետև բարության և ճշմարտության գլխավոր աղբյուրը հանդիսացող մեր Տերը` Հիսուս Քրիստոսը, նրա մեջ է: Ամեն:

Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5047

Մեկնաբանություններ