«Իրատես de facto»-ի նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանում աշխատանքի է ընդունում մարդկանց միայն ԽԾԲ-ի սկզբունքով: Այսօր շարունակելու ենք ներկայացնել մյուս կարդրերին: Բալասանյանը գարեջրի սեփական գործարանից` «հենակետային վարժարանից», իր մոտ է տեղափոխել Հայկ Սուլթանյանին` որպես ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ: Վերջինս նաև իր բարեկամուհուն` Նունե Բարսեղյանին է «ոտքի տեղ արել» քաղաքապետարանում` որպես քարտուղարության բաժնի պետ:
Քաղաքապետարանի «գովազդով» զբաղվում է Բալասանյանի որդու ընկերը` Հարություն Թադևոսյանը, ով Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի փեսան է: Ամեն տեղ քավորսանիկային հարաբերությունները շատ «պինդ» են, Գյումրին էլ բացառություն չէ: Բալասանյանն այդ կապի շնորհիվ աշխատանք է տվել Չուբար Զարգարյանին, ով բնակկոմունալ բաժնի պետի տեղակալն է: Առևտրի բաժնի պետ Կարեն Բադալյանը ևս Բալասանյանի սանիկն է:
Բալասանյանի ընկերը` Գագիկ Պետրոսյանը, «Կենտրոն» համատիրությունում համակարգում է սեփական տների ոլորտը: Նրա կինը` Օհաննան, ինչպես գյումրեցիներն են ասում, քաղաքապետարանի առաջին հարկի «նայողն» է, ընդհանուր բաժնում է աշխատում ու ինքն է որոշում` ով պիտի քաղաքապետի ընդունելությանն արժանանա, ով` ոչ:
Թաղային հեղինակության ներկայացուցիչ էլ կա քաղաքապետարանում: «Թուրքի» թաղի հեղինակություններից մեկի` Օդոնի որդին, սպորտի բաժնում է աշխատում:
Բալասանյանն իր երևանցի վարորդի` Գարիկի կնոջը` Լուսինեին, ևս անգործ չի թողել: Նա աշխատում է քաղաքապետարանի կադրերի բաժնում:
Ի դեպ, ինչպես Գյումրու մեր աղբյուրներն են հաղորդում, չնայած ՀՀԿ-ական աշխատողների մեծ ջարդին, որոշ կադրեր շարունակում են աշխատել իրենց կապերի շնորհիվ: Այդպես է իր գործը պահպանել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի հայրը` Արտաշես Կարապետյանը, ով մշակույթի բաժնի պետն է:
Բոլոր ղեկավարների համար կա մեկը, որը բոլորի մասին ամեն ինչ գիտի և շատ արագ իրազեկում է ղեկավարին: Այդպիսի անփոխարինելի կադր է Բալասանյանի համար ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ պայքարի բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը` «Միլիցա Սլավիկը»:
Երկու անգամ գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատված, նորից քաղաքապետարանում այլ աշխատանքի անցած Հենրիկ Գասպարյանը, որը գյումրեցիների ամենաչսիրած պաշտոնյաներից մեկն է, ըստ մեր աղբյուրի, ծնկաչոք խնդրել է Բալասանյանին, որ իրեն աշխատանք տա:
Իսկ այս պահին գլխավոր ճարտարապետի տեղը զբաղեցնում է Բալասանյանի` ավագանու անդամ փեսայի հայրը:
Ասում են` Գյումրու քաղաքապետարանում կան նաև «մեռած հոգիներ», որոնք աշխատանքի չեն ներկայանում, բայց բարձր աշխատավարձ են ստանում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ