ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Հայաստանը ներդրումների համար ամենալավ երկիրը չէ»

«Հայաստանը ներդրումների  համար ամենալավ երկիրը չէ»
13.12.2013 | 00:31

ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆ
(էկոնոմիկայի նախարար)


-Բյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը բավականին խիստ գնահատականներ հնչեցրեց` ընդհուպ թալանի ու ծաղրի բյուջե, բյուջեի նախագիծը բլեֆ է, խոստումները` կեղծ ու սուտ: Ընդդիմադիրների գնահատականների մեջ թեկուզ փոքր-ինչ օբյեկտիվություն չե՞ք տեսնում:
-Օբյեկտիվության մասին չեմ կարող խոսել, քանի որ հնչած ելույթներում բյուջեի մասին ոչինչ դեռ չեմ լսել:
-Ձեր դիտարկմամբ, ինչի՞ մասին էին այդ ելույթները:
-Իմ նվազ հնարավորությունները ինձ թույլ չեն տալիս ասածների և բյուջեի միջև կապը գտնել:
-Եթե կուտակային կենսաթոշակային համակարգի օրինակով դիտարկենք, ապա հասարակությունը դժգոհում էր, իսկ ընդդիմությունը նույնը փորձում էր ԱԺ-ում իրականացնել, սակայն կառավարությունն ընդառաջ չգնաց: Բյուջեի առնչությամբ հնչած ելույթներն էլ գուցե այդ բողոքների շարունակությո՞ւնն էին:
-Հնարավոր է, չեմ կարող քաղաքական կուսակցությունների հայտարարությունները մեկնաբանել: Բայց եթե բյուջեի մասին ենք խոսում, պիտի խոսել ըստ էության:
-Ձեր կարծիքով` այս տարվա բյուջեն կբարելավի՞ սոցիալական վիճակը, կմեղմացնի՞ աղքատության մակարդակը: Ի՞նչ դրական քայլեր կառանձնացնեք:
-Բյուջեն տնտեսական քաղաքականության հիմնական փաստաթուղթն է: Սոցիալական ծախսերի տեսանկյունից բավականաչափ ընդգրկուն ծրագրեր ունենք: Կարծում եմ, որ այստեղ էական ուղղություններ են նկատվում: Իհարկե, խնդիրներ ունենք, որոնք դժվար է 1-2 տարվա ընթացքում լուծել: Պետք է նայել, թե բյուջեի ծախսերի քաղաքականությունը որն է և այդ տեսանկյունից գնահատականներ տալ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը բյուջեի 50 %-ը սոցիալական ծախսերին է ուղղում, որը ներդրումային քաղաքականության համար քիչ տեղ է թողնում: Որպես էկոնոմիկայի նախարարի, սա ինձ համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծում: Սոցիալական ծախսերը շատ կարևոր են, բայց ներդրումների կարիքը ևս մեծ է, որը թույլ կտա մասնավոր հատվածին ընդլայնողական քաղաքականություն վարել: Ամբողջ քաղաքականության հիմնական իմաստը նաև այն է, որ մենք չենք կարող եկամուտների ոչ իրատեսական աճեր կանխատեսել և իրականացնել, քանի որ դա ևս շատ վտանգավոր է: Բյուջեի դեֆիցիտի կրճատումը, աշխատավարձերի բարձրացումը շատ լուրջ տնտեսական քաղաքականության արդյունք են: Դրական քայլերը բազմաթիվ են:
-Դուք կարևորեցիք ներդրումային քաղաքականությունը: Ի՞նչ եք կարծում` Հայաստանը ներդրումային առումով վստահելի՞ երկիր է:
-Հայաստանը ներդրումների համար ամենալավ երկիրը չէ:
-Ինչո՞ւ:
-Բազմաթիվ պատճառներ կան: Սկսած աշխարհագրությունից, փոքր, սահմանափակ շուկա, ցածր եկամուտներով երկիր, դատական, հարկային, տնտեսական քաղաքականություն վարող մարմինների ցածր մակարդակ և այլն:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ