«Նախ կառավարությունն իր ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքով լուծում է այն հարցերը, որոնք հրատապ են: Հետևողականորեն բոլոր խնդիրներն իրականացվում են: Կենսաթոշակային համակարգի ռեֆորմը տասը և ավելի տարիներ Հայաստանում քննարկվել է: Այն տեսակետները, որ այսպիսի բարեփոխումները չի կարելի հապշտապ անել, որևէ հիմք չունեն: Այս բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասնորեն լրագրողների, ՀԿ-ների հետ քննարկվել են: Այս որոշումը բխում է մեր երկրի, քաղաքացու շահերից: Այս առումով շատ հպարտ կլինեմ, եթե ես էլ համարվեմ այդ համակարգի կնքահայրը: Այս կարևոր որոշման առարկայական արդյունքները տարիների ընթացքում կերևան: Սա շատ մեծ ցանկության դեպքում, կարող եք տեսնել»,- այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսում անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ իր և Ռոբերտ Քոչարյանի փոխադարձ «որակումներին», ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ընդգծելով, որ սա ամենաշատ հանրությանն իրազեկված բարեփոխումն է:
«Մինչ ՍԴ-ի որոշումը ինչո՞ւ է գործարկվում համակարգը», հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ եթե օրենքն ընդունվել է, ապա պետք է կատարվի: Ավելին, ըստ պաշտոնյայի, ցանկացած օրենք կարելի է բողոքարկել ու այդ գործընթացները զուգահեռ կարող են գնալ: Իսկ եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի օրենքը, ինչպե՞ս են այս երեք ամիսների քաղաքացիների գումարները վերադարձնելու, այս առնչությամբ նախարարը չի ցանկանում «եթե»-ներով խոսել ու չի էլ մտածել, թե ինչպես են վարվելու:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ