«Իրատես de facto»-ի հյուրն է Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար, վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունում պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
«ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՂԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆԻՐԵՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՈՒՅՍԵՐ Է ՏԱԼՈՒ»
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում ՈՒկրաինայում, Կիևը դարձել է Արևմուտք-Ռուսաստան հակասությունների լուծման վա՞յր, ՈՒկրաինան ապրում է այն ժամանակները, որ մենք անցել ենք 90-ականներին, թե՞ ազգային հարցեր են դրված:
-ՈՒկրաինան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, մեծ ռեսուրսներ ունի, 40 միլիոնից ավելի բնակչություն: Անցյալ դարասկզբից ազգայնականությունը ՈՒկրաինայում ուժ է եղել: Պատահական չէ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվել էր, բայց ՈՒկրաինայում պատերազմը շարունակվում էր բենդերների դեմ մինչև 50-ական թվականները, այնտեղ միշտ եղել է սլավոնական ժողովուրդների մեջ դոմինանտ կեցվածք պահելու խնդիրը: Պատահական չէ նաև, որ ՈՒկրաինայում արևմտյան ու արևելյան հատվածների բաժանարար գիծ է անցնում: Եվրոպայի կենտրոնում գտնվող ՈՒկրաինան ցանկանում է ապրել եվրոպական արժեքներով: ՈՒկրաինայում, այո, պայքար է գնում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, մի կողմից կան աշխարհաքաղաքական շահեր, մյուս կողմից՝ ուկրաինական ժողովուրդն ուզում է իր տեղը հաստատել աշխարհում և վերջնականապես դուրս գալ ռուսական տիրույթից՝ չկորցնելով իր ինքնությունը: ՈՒկրաինայում կա իշխանություն, որը ենթարկվում է աշխարհաքաղաքական բևեռներից մեկին՝ Ռուսաստանին և այնքան կոռումպացված է, որ չի կարողանում դուրս գալ ռուսական տիրույթից, հարկադրված է անել քայլեր, որոնք վնասում են պետության ինքնիշխանությանը: Այնուհանդերձ, երկրում այնպիսի հուժկու ալիք է բարձրացել, որ ընդգրկում է հասարակության բոլոր շերտերը, ամենագլխավորը՝ այդ գործընթացներում կարևոր դեր ունեն էլիտաները, որոնք չեն կորցրել իրենց դեմքը և պաշտպանում են իրենց արժեհամակարգը:
-Ռուսաստանի տված 15 միլիարդը բավարար գումար չէ՞ր, որ ՈՒկրաինան հանուն իր տնտեսական խնդիրների գնար դեպի Մաքսային միություն, որին միտված էին նախագահ Յանուկովիչի ստորագրած վերջին օրենքները:
-Այդպիսի խնդիրները փողով լուծելը իմաստ չունի: Ստեղծված իրավիճակից, բնականաբար, օգտվեցին ՈՒկրաինայի իշխանությունները՝ իրենց ֆինանսական դեֆիցիտի հարցը լուծեցին՝ օգտագործելով ժողովրդական ալիքը:
-Եվրամիությունն էլ էր փող տալիս, բայց ասում էր՝ հսկելու եմ՝ ինչպես ես ծախսելու:
-Այո, ԵՄ-ն էլ է փող տալիս, բայց Յանուկովիչը ավելի շատ վախենում է Ռուսաստանից, նա, ի վերջո, ռուսական հատուկ ծառայությունների հսկողության տակ գործող քաղաքական գործիչ է, որ ընտրությունը կատարեց հօգուտ ռուսական փողի, որովհետև էժան փող էր, հազիվ թե վերադարձնելու խնդիր ունի կամ էլ որևէ մեկը կպահանջի ասել, թե ինչ արեց այդ փողերը: Իրենց թվում էր, որ այդ փողերով ամեն ինչ կհանդարտվի, բայց պարզվեց՝ ոչ: Կա ավելի կարևոր նպատակ, որին ժողովուրդը փորձում է հասնել փողոցային պայքարով: ՈՒկրաինայում կան ազգայնական հզոր օջախներ, որոնց խնդիրը դարեր շարունակ ռուսական տիրույթից դուրս գալը և իրենց ինքնուրույն տեղը Եվրոպայում հաստատելն է:
-Ի՞նչ ազդեցություն կունենան ուկրաինական իրադարձությունները:
-ՈՒկրաինայի հաջողության արդյունքում Ռուսաստանը հարկադրված կլինի փոխել այլ պետությունների վրա ճնշում գործադրելու իր քաղաքական գործիքները: ՈՒկրաինայի հաջողությունը նշանակում է Ռուսաստանի ձախողում, որ Ռուսաստանի ներսում եղած ժողովուրդներին իրենց անկախության, ինքնիշխանության ձեռքբերման հույսեր է տալու: Երբ Ռուսաստանը թուլանում է, երկրի ներսում սկսվում են կենտրոնախույս գործընթացներ: Ի վերջո, չեչենական պատերազմը դեռ շարունակվում է, եթե ոչ բուն Չեչնիայում, Դաղստանում ամեն օր պայթյուններ են լինում, զոհեր: Պայքարը տեղափոխվել է Ռուսաստանի խորքերը՝ հիշեք Պյատիգորսկի, Վոլգոգրադի պայթյունները, լարված իրավիճակ է առաջանալու Սոչիում՝ օլիմպիական խաղերի հետ կապված: Ահաբեկչական գործողություններն էլ քաղաքական լուծումների պահանջ են:
«ԻՐԱՆԸ ՏԱՐԲԵՐ ՄԵՍԻՋՆԵՐՈՎ ՄԵԶ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉԿՈՐՑՆԵԼ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
-Օգոստոսին Իրանում իշխանության եկած Հասան Ռուհանին կարճ ժամանակում փոխեց իրավիճակը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղությամբ իրադարձությունները կզարգանան, Հայաստանն անելիք ունի՞ իբրև Իրանի մերձավոր հարևան:
-Երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարեց Իրանի նախագահին, ազդանշան էր, որ աշխարհում փոփոխություններ են սկսվել: Հզոր Ամերիկայի նախագահը զանգահարում է թշնամի հայտարարված տերության նախագահին և քաղաքական խորհրդակցությունների սկիզբ է դնում: Նշանակում է՝ հասունացել է այն պահը, երբ միայն ուժով հարցեր լուծելու քաղաքականությունն անհեռանկար է, երկխոսության ճանապարհն է դառնում իրականություն: Այդ գործընթացը չի կարող Հայաստանի վրա չներգործել: Հայաստանն անպայման պետք է օգտվի հնարավորությունից՝ իր կորցրած ինքնիշխանությունը վերականգնելու համար: Գոնե էներգետիկ համակարգում դա ակնհայտ է: Ղարաբաղի հարցում ևս դա մեզ կտա լրացուցիչ հնարավորություն՝ հասնելու արժանապատիվ խաղաղության՝ հաշվի առնելով Իրանի հազարամյակներով կուտակած պետական-քաղաքական իմաստնությունը, որ դրսևորվում է նույնիսկ այն դեպքերում, երբ Հայաստանում այդ գիտակցությունն ընդհանրապես կորցրել են: Իրանը տարբեր մեսիջներով մեզ հորդորում է չկորցնել պետականությունը, կարծես Հայաստանի ինքնիշխանությունը շատ ավելի կարևոր է Թեհրանի համար, քան Հայաստանի գործող իշխանությունների: Դա հազարամյակների իմաստնության արդյունք է: Իրանը բացառիկ պետություն է, որ հազարամյակներով չի կորցրել պետականությունը, ինչպես էլ փոխվել են քաղաքական համակարգերը, քաղաքական գործիչները գործել են ի շահ պետության. պետք է եղել, կոշտ դիրքորոշում են ունեցել, պետք է եղել՝ ճկուն, անկախ կրոնական պատկանելությունից: Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չազդել աշխարհի վրա, մենք պարտավոր ենք օգտվել պատեհ պահից:
-Ի՞նչ է նշանակում Արևմուտք-Իրան հարաբերությունների փոփոխությունը գլոբալ առումով:
-Աշխարհը երկու կարևոր խնդիր է լուծում: Առաջին հերթին՝ օգտագործել Իրանի էներգետիկ ռեսուրսները, ապա՝ մեղմացնել Իրանի ազդեցությունն իսլամական աշխարհի ծայրահեղական դրսևորումների վրա, վերացնել վախն Իրանից՝ միջուկային զենքի ստեղծման առումով: Այդ խնդիրները լուծելու համար աշխարհը հասկացել է, որ առճակատման չարժի գնալ, երբ կա բանակցությունների ճանապարհը: Իրան-Եվրոպա գազատարն անպայման պետք է անցնի Հայաստանով: Եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում, ընդդիմությունը պարտավոր է այդ պահանջը դնել իշխանության առաջ և բացատրել ժողովրդին, որ Իրանի պես հարևանի պայմաններում գազի համար հսկայական գումար մուծել և չտաքանալն անմիտ է: Ժողովրդին չբացատրելու հետևանքը հայտնի է՝ վերցնում են ճամպրուկները և լքում Հայաստանը: Արտագաղթի նման պայմաններում, երբ Հայաստանում մեկ միլիոն մարդ մնա, շատ բարդ է լինելու կորցրածը վերականգնելը: Մարդիկ հեռանում են՝ հեռանկար չտեսնելով, անգամ պատերազմի ժամանակ այսքան չեն հեռացել: Նաև կառավարության կոռուպցիայի, անողնաշար քաղաքականության, օֆշորային բացահայտումների պատճառով են հեռանում:
-ՈՒշ չէ՞ Թեհրանի հետ բանակցությունների համար:
-Ոչ, Թեհրանը իր հազարամյակների պատմության մեջ լավ գիտի Հայաստանի արժեքը, և այդ պատճառով է ասում՝ Հայաստանի իշխանավորներ, չկորցնեք ձեր ինքնիշխանությունը, դա ոչ միայն ձեզ է պետք, դա ինձ է պետք: Բայց Հայաստանի իշխանությունները գերադասում են զբաղվել շատ ավելի մանր-մունր հարցերով, քան լուրջ: Գուցե դա հետևանքն է այն իրողության, որ իշխանություններն իրենք էլ մանրացան՝ իրենց առջև չդնելով աշխարհաքաղաքական խնդիրներ: Լինելով տարածաշրջանի լիդեր պետություն 90-ականներին՝ մենք կորցրինք մեր դիրքը: Մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանում ի հայտ էր եկել այնպիսի լիդեր, որ իր կեցվածքով և քաղաքական համակարգի տրամաբանությամբ արդեն հաստատել էր իր տեղը ու Հայաստանի դիրքը: Հոկտեմբերի 27-ի պատճառով մենք կորցրինք արժեհամակարգային դերը, որ հետո ստանձնեց Վրաստանը: Ադրբեջանը այսպես թե այնպես, շահեկան վիճակում է իր բնական ռեսուրսներով, ժողովրդավարական խնդիրներում որևէ ձեռքբերում չունենալով՝ Ադրբեջանը պետության ինքնիշխանության առումով կորուստներ չտվեց, և այսօր նրանց հետ հաշվի են նստում: Իսկ մենք կորցրինք ինքնիշխանության արժեքը, և այսօր մեզնից վերցնում են այն, ինչ իրենց պետք էլ չէ: Պարզապես ցույց են տալիս, որ մեկ որոշմամբ կարող են մեր տիրույթում իրենց ցանկացած հարցերը լուծել: Պատահական չէ, որ Ռուսաստանից արդեն բավականին ցինիկ տեսակետներ են հնչում. Հայաստանի վարչապետը պետք է նշանակվի՝ Ռուսաստանի հետ համաձայնեցնելով: Թե ՈՒկրաինայում, թե Իրանում տեղի ունեցող գործընթացները մեզ հնարավորություն են տալիս այդ վիճակից դուրս գալու, մեր մեջքը ուղղելու և արժանապատիվ տեղը հաստատելու գոնե Կովկասում: Ժամանակն է հասկանալու, որ Կովկասում է լուծվելու մեր խաղաղության խնդիրը: Մոսկվան ընդամենը իր շահերն է փորձելու պահպանել, իսկ խնդիրը լուծվելու է Կովկասի երեք հանրապետությունների տիրույթում: Եթե Եվրամիության մոդելը Կովկասում կիրառվի, խնդիրները շատ ավելի արագ կլուծվեն:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԻՆ ՎԱՅԵԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՈՎ ՎԱՂՈՒՑ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ, ԶԲԱՂՎԱԾ Է ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ»
-Ինքնիշխանության կորստի պատճառո՞վ է, որ ՀՀ էներգետիկայի նախարարը Իրանի դեսպանի` Հայաստանին հազար խորանարդ մետրը 100 դոլարով գազ վաճառելու հայտարարությունից հետո ոչ թե Թեհրան բանակցելու, այլ Մոսկվա` «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը վաճառելու գնաց:
-Դա ինքնիշխանության կորստի փաստի արձանագրում է, իսկ էներգետիկայի նախարարը պաշտոնին վայել գործառույթներով վաղուց չի զբաղվում, զբաղված է աճպարարությամբ՝ հանրությունից թաքցրած իրողությունները «հիմնավորելու» համար: Նա պարտավոր է ապահովել երկրի էներգետիկ անվտանգությունը, բայց իր գործունեությամբ, ինչպես ողջ կառավարությունը, սպասարկում է ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ օտարի շահերը: Դա ցույց տվեցին և Ազգային ժողովում քննարկված վերջին օրինագծերը, որոնք գնահատվեցին որպես պետական դավաճանություն, բայց ընդունվեցին, և որևէ քաղաքական գործընթաց չհաջորդեց: Մոռացվեց դավաճանության փաստը, և մեկ այլ օրակարգով պայքար սկսվեց՝ կենսաթոշակային պարտադիր ապահովագրության դեմ:
«ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ, ԲԱՅՑ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՕԳՆԵՆ»
-Խնդիրներն են շա՞տ, թե՞ հարցերն են պատվիրված: Ինչո՞ւ Հայաստանի քաղաքական էլիտան ոչ Մաքսային միությանն անդամակցության, ոչ բոլորի գրպանին խփող գազային խնդիրները այդքան բուռն քննարկման առարկա չդարձրեց:
-Ոչ միայն իշխանությունն է կորցրել իր ինքնիշխանությունը, այլև քաղաքական էլիտան է կորցրել իր տեղը քաղաքական դաշտում: Եվ ընդդիմությունն է կորցրել իր ներքին ինքնիշխանությունը: Ընդդիմությունը չունի քաղաքական օրակարգ, չի տեսնում այն ճանապարհը, որով երկիրը պետք է դուրս գա ճգնաժամից: Քանի դեռ համակարգային փոփոխությունների մասին միայն լոզունգներով են խոսում, բայց ծրագիր չի առաջադրվում, ոչինչ չի փոխվելու:
-Վստա՞հ եք, որ երբ խորհրդարանական կամ արտախորհրդարանական որևէ քաղաքական ուժ այդ ծրագիրը ներկայացնի՝ իր հիմնավորումներով ու կատարման մեխանիզմներով, ժողովուրդը նրա հետևից կգնա:
-Ծրագիր ներկայացնողը այնպիսի քաղաքական ուժ կամ անհատ պետք է լինի, որ իր գործունեությամբ որևէ կասկած չհարուցի: Այս տարիներին, ինչ իրենից կախված էր, ժողովուրդն արել է: Երբ վստահել է, դուրս է եկել պայքարի:
-Թե՞ ավելի շատ դեմ է եղել, քան կողմ:
-Երբ տեսել է, որ իրեն փորձում են օգտագործել իրենց խնդիրները իշխանության հետ լուծելու կամ կեղծ ընդդիմադիր գործունեություն ծավալած ուժերի հետ շահեկան կապեր ձևավորելու համար, ժողովուրդն անմիջապես գնացել է այնտեղ, որտեղ իրեն ավելի ապահով է զգում՝ կամ մնացել է տանը, կամ հեռացել Հայաստանից: Այսօրվա դեֆիցիտը նաև քաղաքական արժեհամակարգի մեջ է: Ինչո՞ւ ենք ուզում, որ ՈՒկրաինայում ժողովուրդը հաղթի, որովհետև մենք էլ ենք հաղթանակ ուզում: Մենք ունեցել ենք այդպիսի հաղթանակների հնարավորություն և 2003-ին, և 2008-ին։
-Բայց մենք չենք ունեցել դրսի աջակցություն, ինչպես ՈՒկրաինայում:
-Որովհետև դուրսը նաև քո քաղաքական նպատակների անկեղծությունը պետք է տեսնի: Արևմտյան արժեքների մասին խոսում ենք, ռուսական ռազմաբազաների գոյությունը 49 տարով երկարացնում: Իշխանությունը կարող է ինքնապահպանման համար գնալ գործարքի, բայց ոչ ընդդիմությունը, որը պետք է ժողովրդին տանի այնտեղ, որտեղ իրեն ավելի լավ է զգում, ապահով ու բարեկեցիկ: Ընդդիմությունը չկարողացավ կողմնորոշվել իր քաղաքական նպատակների մեջ, և մենք կորցրինք հնարավորությունը: Ի վերջո՝ 2008-ին մենք ունեցանք մարտի մեկ: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն այն ուժերին, որոնք Սահմանադրությամբ այդ լիազորությունն ունեն, այլև Սահմանադրության խախտումով հնարավորություն տվեց բանակը ներգրավել ներքաղաքական զարգացումներում: Փաստահավաք խմբի 0038 հրամանն այդ իրողության բացահայտումն էր: Բանակի մասնակցությունը ներքաղաքական գործընթացներին. բանակը ներքին թշնամի չի կարող ունենալ, բանակն ունի միայն արտաքին թշնամի: Այն երկրները, որտեղ կա զինվորական էլիտա, ունենում են քաղաքական կայուն համակարգ և զարգանալու հնարավորություն: Երբ բանակը ներգրավվում է ներքաղաքական կյանքում, միայն արյուն է թափվում: Այն ժամանակա իշխանությունները չկարողացան այդ գայթակղությունից զերծ մնալ, և այսօր էլ մենք դրա պտուղները քաղում ենք: Ես կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ չենք կարողանում զինված ուժերում բարեփոխումներն այն աստիճանի հասցնել, որ վերանան ներքին դժբախտ պատահարները, որ որևէ կասկած չլինի, թե դժբախտ պատահարի պատճառով է զինվորը մահացել, այլ ոչ թե ոչ կանոնակարգային հարաբերությունների:
-Լավ, Արևմուտքը մեզ կաջակցի, եթե մեր մտադրությունների լրջության մեջ համոզվի, բայց աշխարհում պարզ առևտուր է գնում՝ ո՞վ պիտի փոխհատուցի Ռուսաստանին Հայաստանի կորուստը:
-Եթե դու ճիշտ խաղացող լինես տարածաշրջանում, ինքդ կգտնես փոխհատուցումը և կհասնես ուժերի հավասարակշռության, բայց ոչ կախվածության: Մենք ունեցել ենք այդ իրավիճակը մինչև հոկտեմբերի 27-ը: Պետք է լուծվի իշխանության ողնաշարի վերականգնման խնդիրը, բայց մեզ պետք է օգնեն: Որպեսզի օգնեն, պետք է տեսնեն, որ դու այդ օգնությունը ցանկանում ես:
-Հունվարի 28-ը Հայաստանի ազգային բանակի տոնն է, կա՞ այդ գիտակցումը:
-Դա մեր անկախ պետականության կարևորագույն տոնն է: Ինձ, որ կանգնած եմ եղել բանակի ձևավորման ակունքներում, և ոչ միայն ինձ, այլև հազարավոր մարդկանց, որ նահատակվել են ու հիմա Եռաբլուրում են կամ Արցախում, այդ տոնը ուժ է տալիս դիմակայելու ու պահպանելու մեր ինքնությունը: Մենք հպարտանում ենք մեր բանակի ձեռքբերումներով: Ես շնորհավորում եմ առաջին գծում կանգնած մեր զինվորներին, սպայակազմին ու Վազգեն Սպարապետին, որովհետև առանց նրա այդ կայացած արժեքը մենք չէինք ունենա:
Հարցազրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ