Մաքսային միությանն անդամակցելիս տնտեսական օրակարգի ամենակարևոր հարցը ապրանքների գնաճն է: Ինչպիսի գնաճ կլինի Հայաստանում. այս և այլ հարցերի այսօր պարզաբանումներ տվեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են փոփոխվելու: Այն ապրանքները, որոնք ներկրվում են ՀՀ այն երկրներից, որոնց հետ ունենք ազատ առևտրի համաձայնագրեր, մաքսատուրքերը կլինեն զրո»,- ասաց նախարարը` հավելելով, որ այսօր Հայաստանը պատրաստում է ապրանքների ցանկ, որի շուրջ ՄՄ-ի հետ բանակցություններ պիտի լինեն, որ դրանց մաքսատուրքերը չավելանան:
Նախարարը այս հարցերում կարևորեց հանրության կարծիքը, որպեսզի ընդհանուր դիրքորոշում ձևավորվի «զգայուն» ապրանքների հարցում: Պաշտոնյայի պնդմամբ, խոսակցությունները, թե ՄՄ-ին անդամակցելիս Հայաստանում հսկայական ինֆլյացիա է սպասվում, իրականությանը չի համապատասխանում: «1,5 տոկոսը առավելագույն ինֆլյացիա կարող է լինել, եթե որևէ բացառություն չանենք, իսկ նման բացառություններ լինելու են: Ապրանքները, որ Հայաստան են ներմուծվում երրորդ երկրներից, ամենայն հավանականությամբ փոխարինվելու են կամ ՄՄ արտադրանքով, կամ ներքին արտադրանքով»,- վստահեցրեց Ավանեսյանը: Լրագրողների հարցին, թե եթե 1,5 տոկոսը ինֆլյացիայի կանխատեսումը չիրականանա, նախարարը հրաժարական կտա՞, պաշտոնյայի պատասխանը բացասական էր: «Եթե Հայաստանում ինֆլյացիան պիտի լինի 4 տոկոս, կլինի 4 պլյուս 1,5 տոկոսը: Կանխատեսման կամ գնահատականի համար հրաժարական տալուն ես ինքս պատասխանում եմ` ոչ»,-վստահեցրեց նա:
Իսկ ՄՄ-ից մեր օգուտները, ըստ կառավարության ներկայացուցչի, կլինեն ծախսերի կրճատումը, ներդրումների ավելացումը, մեր սուբյեկտները շատ այլ մրցակից երկրների համեմատ կունենան առավել բարենպաստ պայմաններ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ