Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարդ կապրի ոչ միայն հացով, այլև Աստծո ամենայն խոսքով

Մարդ կապրի ոչ միայն հացով, այլև Աստծո ամենայն խոսքով
11.02.2014 | 10:50

Մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններից է Հիսուսի փորձությունն անապատում: Առաջին հայացքից թվում է մի սովորական պայքար մարդու և խավարի ուժերի միջև, բայց իրականում այդ հոգևոր պատերազմում Հիսուսի հաղթանակը շրջադարձային նշանակություն ունեցավ մարդկության համար, և խավարի հրեշտակը լիովին պարտված ու ջախջախված հեռացավ: Ավետարանական այն դրվագը, որտեղ ներկայացված է Հիսուս Քրիստոսի` անապատի փորձության մեջ ասված պատասխանը փորձչին, թե մարդ կապրի ոչ միայն հացով, այլև Աստծո ամենայն խոսքով, առավել ներշնչող է պահոց և ծոմապահության շրջանում: Պահքի ընթացքում Տիրոջ այս խոսքը մեծ ներուժ է հաղորդում, քանի որ աստվածային ամեն խոսք մարդու համար կյանք է և ճանապարհ դեպի փրկություն:
Փորձության այս դրվագն ունի բավականին խորունկ իմաստներ, որոնք վերաբերում են հոգեղեն և նյութեղեն աշխարհների հարաբերությանը և մարդու դերակատարությանը այս երկու աշխարհների միջև: Կան բազմաթիվ աստվածաբանական մեկնություններ անապատի փորձության վերաբերյալ: Ամենից ակնառու իրողությունն այն է մեկնաբանությունների մեջ, որ սատանան փորձում է նյութականի գերակայության միջոցով մարդուն ճնշել ու իր գերիշխանությանը ենթարկել: Թվում է, թե փորձչի միտումնավոր առաջարկությունը որևէ մեղքի կամ մեղավոր արարքի հետ կապված չէ: Քարերը հաց դարձնելը մեղք չէ. մենք կարող ենք սուրբգրային դրվագների հանդիպել, երբ խոսվում է նյութական հացի մասին, և դրա կարևորության պատճառով հրաշքներ են գործվում: Կարելի է հիշել հացի առաջին և երկրորդ բազմացումները (Մատթ. 14. 13-21, Մատթ. 15.32-39), նույնանման դրվագի հանդիպում ենք ավելի վաղ` Հին կտակարանի ժամանակահատվածում` իսրայելացիների կողմից մանանայով կերակրվելը (Ելք 16.1-22): Խնդիրը ամենևին էլ քարերը հաց դարձնելը չէր, որով ուզում էր փորձել սատանան Հիսուսին, այլ ապացուցելու այն իրողությունը, որ մարդն ամբողջովին ենթակա է նյութական աշխարհին, ուր մեղքի միջոցով սատանան իր գերիշխանությունն էր հաստատել: ՈՒստի այս քայլով խավարի հրեշտակը ևս մեկ անգամ ցանկանում էր մարդուն ցույց տալ, որ մարդն ամբողջովին ենթակա է աշխարհին, որն էլ իր հերթին ենթակա է դարձել սատանայի իշխանությանը: Այս պարագայում կատարել սատանայի առաջարկությունը նշանակում է իր ենթակայությունը ուղղակի, թե անուղղակի կերպով հայտնել նրան, ինչպես եղավ Ադամի և Եվայի պարագայում՝ Եդեմական պարտեզում (Ծննդ. 3.1-13):
Այնուամենայնիվ Հիսուսի պատասխանը հստակ է, և փորձիչը չի առարկում: Համենայն դեպս, ավետարանիչները չեն նշում նման բան: Երբ խորամուխ ենք լինում աստվածաբանական մեկնությունների մեջ, նկատում ենք, որ խավարի հրեշտակն անտեղյակ չէ իմաստասիրությանը, սուրբգրային մեկնություններին: Անշուշտ, նրա բանիմացությունը խոսում է այն մասին, որ նա հստակորեն հասկանում է Հիսուսի պատասխանի էությունը և չի շարունակում առարկել, թե ինչպես մարդ կարող է ապրել միայն Աստծո խոսքով: Հավատացյալ մարդը Տիրոջ այս խոսքի խորհուրդն ընկալում է` մանավանդ ունենալով ծոմապահության ու պահեցողության փորձառություն: Բայց և այնպես, նյութական աշխարհից կախում ունեցող մարդու համար ինչպե՞ս է հնարավոր ապրել առանց սննդի, եթե առանց դրա մարդ պարզապես սովամահ կլինի: Հստակ է, որ պարզ մեկնաբանությամբ հասկանալի է, որ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է, և մարդ կարող է Աստծո անսահման զորությամբ ապրել, եթե Արարիչը դա հարկ է համարում: Բայց այս պարագայում արարչագործության մեջ անիմաստ է դառնում Աստծո ստեղծած ամեն բարիք, որ կարող է ծառայել մարդու համար իբրև սնունդ: Արդ, Հիսուս ի՞նչ նկատի ուներ, ասելով, որ մարդ կարող է ապրել նաև Աստծո ամենայն խոսքով։
Պատմությունից կարող ենք հիշել սբ. Գրիգոր Լուսավորչի անցկացրած երկար տարիները Խոր վիրապում, ուր, այդուհանդերձ, հիշատակվում է, որ ժամանակ առ ժամանակ նրան ինչ-որ չափով կերակուր է բերվել: Հիշատակելի են նաև անապատականների ճգնակեցությունը, նրանց տևական ծոմապահությունները, բայց և այնպես բոլորն էլ որոշակի չափով սնունդ են ընդունել, որպեսզի իրենց երկրային կյանքը գոյատևի: Այո՛, հավատացյալ մարդու համար Աստծո շնորհի միջոցով անկարելի ոչինչ չկա, և մարդ կարող է Աստծո զորավոր Խոսքի միջոցով ապրել նաև առանց հացի: Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջանում՝ Ավետարանում արտացոլված փորձության վերոհիշյալ դրվագն ուսումնասիրելիս: Ի վերջո, Հիսուսի պատասխանը, թե մարդ կապրի նաև Աստծո ամենայն խոսքով, պարզապես հոգեղե՞ն զորության միջոցով ապրելուն է վերաբերում, թե՞ կա նաև այլ իմաստ այստեղ: Մենք տեսնում ենք նաև, որ սատանան չի շարունակում վիճաբանել այս հարցի շուրջ, այլ անցնում է մեկ այլ հարցադրման: Ի վերջո փորձիչը հստակորեն գիտեր, որ Արարիչը չի գնա այնպիսի ճանապարհով, որ մարդուն միանգամից պարգևի հրեշտակային կարողություն ու հոգեղեն զորություն, որի շնորհիվ մարդը կարիք չի ունենա երկրային սնունդ ընդունելու, և այս դեպքում երկրային բոլոր պտուղներն անիմաստ կդառնան մարդու համար, որոնք իբրև սնունդ են ծառայում հենց Աստծո նախատեսած ծրագրով: Նման պարագայում արարչագործությունը կստացվեր աններդաշնակ: Բայց Հիսուսի պատասխանը հստակ է, որ մարդ կապրի Աստծո խոսքով էլ, թեև այստեղ Նա չի ժխտում նաև հացով ապրելու պարագան: Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, սատանան վիճաբանության մեջ չի մտնում այս հարցի շուրջ, առարկելով, որ մարդն անկարող է անհաղորդ լինել Արարչի ստեղծած երկրային կյանքի բարիքներին և հույսը դնել միայն Աստծո խոսքով ապրելու հավատի վրա, քանի որ, ի վերջո, Աստված ինքն իրեն չի կարող հակասել` անտեսելով նյութականը, որ նաև ստեղծել է մարդու համար և մարդուն կարողություն տալ ապրել միայն Աստծո խոսքով:
Ավետարանական այս դրվագը բացահայտում է Հիսուս Քրիստոսի տված պատասխանի վերջնական լինելը սատանայի համար, և ցույց տալիս այն հանգամանքը, թե Աստծո խոսքով ապրելու իմաստը ինչքան լավ է ըմբռնում նաև փորձիչը և չի շարունակում վիճաբանել այս հարցի շուրջ: Ծննդոց գրքում կարդում ենք. «Աստված ասաց և եղավ» (Ծննդ.1.1-31): Աստծո խոսքով ստեղծվում է ամենայն ինչ, որն անհրաժեշտ է մարդուն ապրելու համար այս երկրում: Հիսուսը պարզ կերպով սատանային այնպիսի պատասխան տվեց, ուր չէին կարող լինել առարկություն և հակասություն նյութականի և հոգեղենի միջև: Այն արարչագործությունը, որտեղ և ապրում ենք, ստեղծված է Աստծո խոսքի միջոցով, ինչպես նաև մարդու համար շատ անհրաժեշտ հացն էլ է ստեղծված Արարչի խոսքով: Աստծո խոսքի միջոցով ապրել՝ մարդու համար նշանակում է ոչ միայն ապրել աստվածային հոգեղեն զորության միջոցով, այլև աստվածային խոսքի միջոցով ստեղծված նյութական բարիքներով: ՈՒստի, Հիսուսի պատասխանը որքան գերբնական կեցությանն էր վերաբերում, այդքան էլ բնական կեցությանն էր վերաբերում, ինչպես և սատանան հարցադրում կատարեց մի շատ բնական պահանջի վերաբերյալ, առանց որի մարդ այս երկրում անկարող է ապրել: Այլևս կարիք չկար առարկելու այն խնդրի շուրջ, որ մարդուն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նյութական բարիքը, որպեսզի իր կյանքը գոյատևի նաև Աստծո ստեղծած բնական օրենքով, և Հիսուսի պատասխանը ամենևին էլ չէր հակասում արարչագործության մեջ գործող օրենքներին, քանի որ Աստծո խոսքով ապրել, ընդհանուր իմաստով նշանակում է` ապրել Աստծո խոսքով ստեղծված ամենայն նյութական և հոգևոր բարիքներով:
Հատկապես պահքի ընթացքում երբեմն փորձիչը կարողանում է մարդկանց ներաշխարհում լարվածություն ստեղծել` այս անգամ հակադրելով նյութականը և հոգևորը մարդու մեջ: Ներքին այս լարվածությունը պահքի ժամանակ ավելի շատ նպաստում է ոչ թե մարդու հոգևոր աճին, այլ Աստծո ստեղծած երկու աշխարհների միջև մարդու անիմաստ պայքարին, որն ավելի ջլատում է մարդու հոգևոր ուժերը, քան օգնում նրա հոգևոր վերելքին: Մարդն սկսում է պայքարել ոչ թե մեղքի դեմ, այլ Աստծո ստեղծած նյութական կամ հոգևոր բարիքների դեմ: Պահքը նրա համար է, որ մարդ պայքարի ոչ թե նյութական աշխարհի, այլ հոգևոր և մարմնավոր մեղքերի դեմ: Արդ, այն ճանապարհը, որն ուղեցույց է մեզ համար պահքի ընթացքում, առավել կերպով պետք է նպաստի մարդու և Աստծո միջև ձեռք բերված հաշտության հարատև ամրապնդմանը, որը կարող ենք ձևակերպել մեկ բառով` հրաժարում ամենայն ինչից, որն իր մեջ մեղքի էությունն է կրում: Պահեցողության ընթացքում հրաժարումը մեղավոր աշխարհից, աշխարհիկ հետաքրքրություններից, որոշ տեսակի սննդատեսակներից մարդը պետք է ճիշտ ընկալի, որպեսզի չընկնի սատանայի ծուղակը: Այս ամենին պետք է նայել հոգևոր աչքերով, աստվածային սիրով լցված, որտեղ տիրում են հոգու խաղաղությունը, ներդաշնակությունը և մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խոսքը, որ մարդ կապրի Աստծո ամենայն խոսքով:


Պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 4884

Մեկնաբանություններ