Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ խանութներ «խոտան» ապրանք են փորձում քաղաքացիներին «մատուցել»: irates.am-ի խմբագրությանն էր դիմել Հերմինե Հակոբյանը, ով ևս խաբեության զոհ է եղել:
Երրորդ մասում, հրապարակի մերձակայքում գործող կոշիկի խանութում նա պատվեր է տվել` վստահելով հայրենի արտադրողի որակին: Հերմինեի պնդմամբ, «Արմեն շուզ» ֆիրման է պատրաստում այդ խանութի կոշիկները: Պատվեր տալուց հետո նշանակված օրը գնում է «սապոգը» վերցնելու, բայց, պարզվում է, որ այն ոտքին չի «նստում», ավելին, բավականին թերություններ ունի: Վերադարձնում են արտադրողին, որը թերությունը բացատրել է կոշիկի մեկ համար մեծ լինելով ու խոստացել շտկել այն:
Սրանով, սակայն, գործը գլուխ չի գալիս, խանութը պահանջում է նաև լրացուցիչ գումար` ձևափոխելու համար: Հերմինեի համբերությունը հատում է, ու նա պահանջում է վերադարձնել իր գումարը: Սակայն մի քանի օր չեն պատասխանում զանգերին, դրանից հետո զանգում, ասում են. «Կոշիկը նորմալ ա, էկեք տարեք, իսկ եթե` ոչ, մենք քեզ փող չունենք տալու»: Հուզված աղջիկը պատմեց, թե այս ու շատ այլ բաներ նրան ասել են շատ կոպիտ ու գռեհիկ ձևով:
Ճարահատյալ աղջիկը փորձում է գտնել արտադրողին, որն էլ համոզում է կրկին փորձել ձևափոխված կոշիկը: Չնայած նախկինի պես վատ չի լինում, բայց արտաքին թերությունները վերացած չեն լինում:
Հիմա Հերմինեն անելանելի վիճակում է. պահանջում է իր գումարը, բայց խանութը հրաժարվում է որևէ կոպեկ վերադարձնելուց, փոխարենն առաջարկում է` սպասել մինչև հերթական խաբված քաղաքացուն թակարդը կգցեն ու նրա պատվիրած կոշիկը կգնի, հետո այդ գումարը կվերադարձնեն Հերմինեին: «Հերիք չէ ինձ խաբել են, մի հատ էլ իրենց հետևից վազել են տալիս ու վիրավորական ձևով ամեն անգամ կոպտում են: Անելանելի դրության մեջ եմ, ստացվում է` ապրանքը չեմ վերցնել, փողս ևս չեմ կարող հետ ստանալ»,- դժգոհեց Հերմինեն` վստահեցնելով, որ անգամ պատրաստ է այս խանութին դատի տալ սպառողի իրավունքները խախտելու համար:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ