ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Մենք թաղելու վարպետ չենք»

«Մենք թաղելու վարպետ չենք»
25.02.2014 | 14:19

«Արդյոք մենք թաղմա՞ն, թե՞ ճշմարտության հանձնաժողով ենք ուզում ստեղծել»,- այս հարցադրումով «գազային» հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության մասին սկսեց իր ելույթը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` հայտարարելով, որ ժողովրդին հստակ հարցերի պատասխաններ է ակնկալում:

«Ցավոք, այն, ինչով դուք զբաղվում եք, ըստ էության, ճշմարտության թաղումով զբաղվող հանձնաժողով է լինելու… Դուք չեք ուզում մտնել մի դաշտ, որտեղ դուք շատ թույլ եք»,-ասաց Զուրաբյանը, իշխանության այն դիտարկումներին էլ, թե ընդդիմությունը շոու է սարքում, վստահեցրեց, որ հասարակությունը շատ լավ տարանջատում է շոումեններին պետական մտածողություն ունեցող անձանցից, և եթե ընդդիմությունը այդ ոճով աշխատի, շուտ կվարկաբեկվի:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, ասաց, որ իրենց չպետք է հետաքրքրի, թե ինչ նպատակով, ինչ «հետին մտքով» են իշխանությունները նախաձեռնել այս հանձնաժողովի ստեղծումը, այլ իրենց հարցերի պատասխանը: Զոհրաբյանը հերթական անգամ նկատեց, որ չեն վստահում իշխանությանը, քանի որ մեծամասնությունն իր քվեարկությամբ մեկ գազային ընկերության «ֆան կլուբը, դուստր ձեռնարկությունն է»:
ՀՀԿ-ի անունից խոսեց Հովիկ Աբրահամյանը և հորդորեց պարբերաբար «բռնկվող պատգամավորներին» հանդարտ խոսել, քանի որ հորդառատ անձրևը միանգամից է կտրվում: ԱԺ խոսնակը նկատեց, որ գործ ունենք հարցը «խճճելու վարպետների հետ» և իր բնորոշմամբ՝ «անկեղծ» ելույթում հորդորեց ընդդիմադիրներին հավատալ: «Ինչի՞ եք մեզ քննադատում, թե ուզում ենք ինչ-որ բան թաղել: Մենք թաղելու վարպետ չենք: Չունենք այդ փորձը»,- ասաց Աբրահամյանը` նկատելով, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնը և զբաղվել են ապօրինություններով պատասխան կտան: «Հիմա ինչի՞ մասին եք դուք խոսում, ինչո՞ւ եք վարկաբեկում դեռ չծնված հանձնաժողովը: Ձեր ցանկությունն ի՞նչ է: Հասարակության մոտ տպավորություն կա, որ չեք ուզում հանձնաժողով ստեղծել: Սկսել եք ասել, թե թաղում ենք, թաքցնում, չունենք նման նպատակ: Չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն, որ լինելով այդ պաշտոնում և զբաղվել ապօրինությամբ: Եթե ուսումնասիրությունների արդյունքով նման մարդիկ լինեն կպատժվեն»,- վստահեցրեց խոսնակը, նշելով, որ ինչ առավելություն ունի հանձնաժողովի նախագահը, որ այդքան շատ է ընդդիմությունը ցանկանում լինել այդ պաշտոնում: Հովիկ Աբրահամյանը նաև ընդդիմությանը հանգստացրեց, թե ընդառաջելու են նաև նրանց հանձնաժողովի աշխատանքների ավարտի ժամկետի հետ կապված և եթե կարող են հիմնավորված զեկույց ներկայացնել, պատրաստ են դա լսելու, երբ իրենք կկամենան: «Եթե որոշ մարդիկ կան, որ ցանկանում են հանձնաժողովում դեմագոգիայով զբաղվել, ես, որպես ԱԺ նախագահ, դեմ եմ… Այն հարցերը, որոնք այսօր հանրությանը հուզում են, մենք պարտավոր ենք վեր հանել և հանրությանը տեղեկացնել: ՈՒզում եմ պարբերաբար «բռնկվող» գործընկերներին հորդորել, որ հանդարտվեն: Հանդարտությունը լավ բան է: Մենք էլ կարող ենք պարբերաբար գոռալ, խոսել, բայց մենք լավ հասկանում ենք, լավ խոսում են: Կարելի է ամեն ինչ հանդարտ ասել: Հիշեք, հորդառատ անձրևը շուտ է կտրվում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ