ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես պատգամավոր երբևէ այդ գործերին մանրամասն չեմ ծանոթացել»

«Թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես պատգամավոր երբևէ այդ գործերին մանրամասն չեմ ծանոթացել»
28.03.2014 | 00:17

«Իրատես de facto»-ն հաճախ է անդրադարձել ցմահ դատապարտվածների խնդիրներին, ներկայացրել նրանց մտահոգությունները` պարբերաբար տպագրելով նաև վերջիններիս «բաց նամակները»: Ցմահ դատապարտվածներին մշտապես մտահոգել է իրենց առնչվող օրենքի ձգձգումը: Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ լսել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանից, որն այդ օրենքի համահեղինակն է: «Նախ ցմահ դատապարտումը լուրջ պատժատեսակ է և ծանր հանցագործությունների ու եզակի դեպքերի համար է կիրառվում: Առաջին քայլը, ինչն օրենսդիր մարմինն իրականացրեց, այն էր, որ ավելացրեց ազատազրկման վերին սահմանը»,- շեշտեց պատգամավորը, հավելելով, որ դրանով հնարավորություն է ընձեռվում, որ ցմահ դատապարտման պատիժը փոխարինվի, ենթադրենք, քսան տարվա ազատազրկմամբ: Սա չի նշանակում, որ որոշ դեպքերում չի լինելու պայմանական վաղաժամկետ ազատ արձակում, սակայն ակնհայտ է նաև, որ այդ նորմը, ըստ պատգամավորի, չի կարող լայնորեն կիրառվել: «Այսինքն, հնարավորությունը պետք է լինի, բայց թյուր տպավորություն է, որ եթե դա եղավ, բոլորի հանդեպ է կիրառվելու: Ոչ: Տարբեր հանգամանքներ են այստեղ դեր խաղում` և՛ անձը, և՛ կատարված հանցագործությունը, և՛ հասարակությունում տիրող իրավիճակը: Մի մոռացեք, որ կա նաև հակառակ կողմը` զոհերի հարազատները»,- փաստեց Դավիթ Հարությունյանը, հիշեցնելով աշխարհում հայտնի այն դեպքերը, երբ որոշ դատապարտվածներ, պատժից ազատվելով, դարձել են տուժածների հարազատների ոխի թիրախ, քանի որ մարդիկ համարում են, որ արդարադատությունը չի կայացել:
Անդրադառնալով օրենքին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այն բալանսավորված օրենք է, իսկ ձգձգման առնչությամբ դժվարացավ հստակ պատասխան տալ, վստահեցնելով, որ օրենքը մոտ ժամանակներս կքննարկվի:
Ցմահ դատապարտվածների այն պնդումներին, որ եթե գլխավոր դատախազը կամենա, մեկ ամսում կարող է բոլորի գործերն ուղարկել վերանայման, պատգամավորը հակադարձեց. «Սա այս օրենքի հետ ոչ մի առնչություն չունի: Ցանկացած գործ կարող է վերանայման ուղարկվել, եթե նոր փաստեր, հանգամանքներ կան: Ես չգիտեմ՝ իրենք ինչ նկատի ունեն, բայց, նման գործերի մասին որևէ կարծիք արտահայտելուց առաջ, պետք է գործին իսկապես լավ ծանոթանալ: Թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես պատգամավոր ես երբևէ այդ գործերին մանրամասն չեմ ծանոթացել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ