Կառավարությունը շարունակում է օգնության կարգով պետբյուջեից գումարներ հատկացնել սիրիահայերին, բայց «ստացող» չկա: Բանն այն է, որ սիրիահայերի մի ստվար հատված կրկին վերադարձել է Սիրիա կամ պարզապես մեկնել Հայաստանից, սակայն պետբյուջեից նույն քանակությամբ գումարներ են դուրս գրվում: Ո՞Ւր են գնում այդ փողերը, եթե հասցեատերերը չկան: Խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻՑ, ով հարցի հասցեատեր համարեց սփյուռքի նախարարությանը: «Սիրիահայերի հետ կապված բոլոր աշխատանքները համակարգել և համակարգում է սփյուռքի նախարարությունը: Ստեղծվել է հանձնաժողով, որտեղ մենք էլ ներկայացուցիչ ունենք: Նրանք հիմնականում զբաղվածության գործակալության մեր անդամներն են եղել, որոնք այս ընթացքում փորձել են աշխատանքի տեղավորման հետ կապված հարցեր լուծել: Ամփոփ պատկերը, թե ինչպիսին է եղել օժանդակությունը, և որքան մարդ ինչպիսի ծրագրերում է ընդգրկվել, ձեզ կարող է ներկայացնել միայն սփյուռքի նախարարությունը»,- նշեց նախարարը:
Դե ինչ, առաջիկայում կփորձենք այս հարցի առնչությամբ լսել նաև սփյուռքի նախարարության պարզաբանումը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ