«Իրատես de facto»-ն իր վերջին համարներից մեկում անդրադարձել էր սիրիահայերին տրվող օգնությանը և նշել, որ չնայած նրանց մի մասը հեռացել է Հայաստանից, սակայն պետությունը շարունակում է նույն չափով գումար տրամադրել: Ո՞Ւր են գնում այդ գումարները։ Այս և այլ հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ սփյուռքի նախարարությունից, որտեղ նախ հերքեցին մեր տեղեկությունը և նշեցին, թե Հայաստանի կառավարությունը պետբյուջեից ամեն ամիս սիրիահայերին գումար չի տրամադրում: «Պետական բյուջեի միջոցները հասցեագրվում են կրթության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, տարածքային կառավարման և ընդհանրապես, բոլոր ուղղություններով, որտեղ պետական բյուջեն ՀՀ քաղաքացիների համար ծրագրեր է անում, դրանցում ներառված են նաև սիրիահայերը, որոնց համար որոշակի ծառայություններ արտոնյալ են: Այսինքն, պետական բյուջեն համապատասխան նախարարության խողովակով ֆինանսավորում է, բայց ոչ թե առանձին հատկացում է կատարում այս կամ այն նախարարությանը, որ այդ գումարները բաժանվեն սիրիահայերին»,- փոխանցեցին մեզ նախարարությունից, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե, ի վերջո, թեկուզ միջնորդավորված, ում համար են գումարներ ծախսվում, եթե այդ մարդիկ Հայաստանում չեն:
Փաստորեն, ինչպես վստահեցնում են նախարարությունում, սիրիահայերին «առձեռն» գումարներ չեն փոխանցվում, բայց իրենց նշած ծառայությունների համար չէ՞ որ պետբյուջեից գումարներ են հատկացվում, այդ դեպքում ո՞ւմ գրպանն են դրանք գնում:
Փորձեցինք նաև վիճակագրական տվյալներ խնդրել նախարարությունից, թե որքան սիրիահայ է Հայաստանից հեռացել: 2012-2014 թթ. ընթացքում Հայաստան է տեղափոխվել շուրջ 16000 սիրիահայ, որոնցից 5000-ը վերադարձել է Սիրիա կամ մեկնել այլ երկրներ՝ Եվրոպա, ԱՄՆ և այլն: Ներկայումս Հայաստանում ապրում է 11000-ից ավելի սիրիահայ: Ասել է, համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանից երկու տարվա ընթացքում սիրիահայերի 31,3%-ը հեռացել է, այսինքն՝ մեր պայմաններին «չի դիմացել»: Ի դեպ, մեր ուսումնասիրությունների համաձայն, այդ արտահոսքը այսօր էլ չի դադարում, չնայած պետությունը մշտապես շեշտում է, որ նրանք կառավարության ուշադրության կենտրոնում են: Այս առումով նախարարությունը մեզ նաև տրամադրել է այն արտոնությունների շարքը, որոնցից օգտվում են սիրիահայերը:
Առողջապահական խնդիրներ ունեցողները առողջապահության նախարարության միջնորդությամբ ստանում են անվճար ստացիոնար բուժօգնություն և անցնում են համապատասխան հետազոտություններ: 2012-ից մինչ օրս անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում է ստացել 608 սիրիահայ, 1000-ից ավելին օգտվել է պոլիկլինիկայի ծառայություններից: Առողջապահության նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվել են 15 սիրիահայերի սրտի և այլ վիրահատություններ:
Կրթության ոլորտում ևս բավականին արտոնություններ են տրվել սիրիահայերին: 2013-ին կառավարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը փոխհատուցել են 400 սիրիահայ ուսանողների կրթավճարները, 2014-ին նույն քանակի սիրիահայ ուսանողների կրթավճարներ են հատկացրել կառավարությունը, ՀԲԸՄ-ն, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը:
Դպրոցական անվճար կրթություն է ստանում սիրիահայ 850 աշակերտ, իսկ մանկապարտեզ է ընդունվել 60 սիրիահայ երեխա:
Կառավարությունը նաև մի շարք այլ վճարներից է ազատել մեր հայրենակիցներին: Նախ, սիրահայերը ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ ՀՀ սահմանային կետերում, իսկ Հայաստանի անձնագրի հանձնումը և երդման արարողությունը կարող են իրականացվել Սիրիայում և Լիբանանում՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում (առանց պետական տուրքերը վճարելու): Սիրիահայերի սեփական օգտագործման ավտոմեքենաները մինչև 2014-ի դեկտեմբերի 31-ը ազատվում են համապատասխան պետական տուրքերից, ՀՀ մուտքի արտոնագիր և կացության կարգավիճակ ստանում են առանց պետական տուրքերը վճարելու: Մեր հայրենակիցները, ովքեր վարորդական վկայականները փոխանակում են ՀՀ ազգային վարորդական վկայականներով, որակավորման քննություններ չեն հանձնում (1 տարի ժամկետով՝ 2012-ին, 2013-ին, 2014-ին):
Սփյուռքի նախարարությունից նաև տեղեկացնում են, որ իրենք մի քանի անգամ բյուջեից գումարներ են հատկացրել Դամասկոսում ՀՀ դեսպանին, որն իրեն կից խմբի միջոցով (նրա կազմում են եկեղեցիների ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների, դպրոցների տնօրեններ), որոշում են կայացրել և այդ գումարները հատկացրել են դպրոցներում ուսուցիչների վարձատրությանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ