ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Գայիք, հաշվեիք, միգուցե խախտումներ հայտնաբերեիք»

«Գայիք, հաշվեիք, միգուցե  խախտումներ հայտնաբերեիք»
29.04.2014 | 11:46

Երեկ մեկնարկած ԱԺ եռօրյան շարունակվեց արտահերթ նիստով. քննարկվեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը։ ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալով՝ ՀՀԿ խմբակցության վիճակն այս հանձնաժողովում ավելի է վատացել։ Հերթական փոփոխության իմաստն այն է, որ այս հանձնաժողովի շնորհիվ ՀՀԿ-ն միանձնյա կարողանա օրենքները կյանքի կոչել։ Այսպիսով, մեծամասնությունն առաջարկում է, որ 13 անդամից բաղկացած հանձնաժողովում լինեն 7 ՀՀԿ, երկու՝ ԲՀԿ և մեկական անդամներ մյուս խմբակցություններից։

Բավականին աշխույժ անցնող արտահերթ նիստում, որի ընթացքում գեներալները պարբերաբար ռեպլիկներ էին անում ընդդիմադիրների ելույթների ժամանակ, ՀՀԿ-ն կարողացավ որոշումն անցկացնել 68 ձայնով։ Մինչ այդ ընդդիմադիրները ներկայացրին իրենց անհամաձայնությունը հիշյալ հարցի վերաբերյալ։ Հարցի մասին զեկուցող ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այս որոշումը պատճառաբանեց ԱԺ աշխատանքների բնականոն կազմակերպմամբ և նկատեց, որ այս փոփոխությամբ ոչ մի օրենք չի խախտվում, ու այն համահունչ է ԱԺ կանոնակարգ օրենքին։
«Եկեք միանգամից գրենք, որ հանձնաժողովը ձևավորվում է այնպես, որ ՀՀԿ-ն միշտ ունենա մեծամասնություն։ Ավելի ազնիվ կլինի։ Մեր կողմից այսպիսի առաջարկություն ենք անում, գրեք։ Իզուր տեղն ինչո՞ւ եք թվերը մեծացնում և անհասկանալի վիճակներ առաջացնում»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Մեկ այլ ընդդիմադիր էլ՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, վստահեցրեց, որ այս փոփոխությամբ ՀՀԿ-ն օրենք է խախտում՝ հիշեցնելով ԱԺ կանոնակարգը, որով սահմանվում է, թե հանձնաժողովը ձևավորվում է նստաշրջանի սկզբում և պահպանում է իր լիազորությունները մինչև հերթական նստաշրջանի սկիզբը։ «Որևէ մեկն օրենքի այս կետը խախտելու իրավունք չունի։ Դուք իրավունք չունեք ԱԺ-ի օրենքում փոփոխություն անելու»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը։
Նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ, առաջ անցնելով իր գործընկերոջից, փաստեց. «Թվաքանակի փոփոխությունը նշանակում է նոր հանձնաժողովի ստեղծում։ Եթե այս պարզ ճշմարտությունը դուք չեք հասկանում, ես չգիտեմ այս դահլիճում ինչ տրամաբանություն է գործում»։ Ի պատասխան Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, խնդրում եմ՝ խոսքերի մեջ չափավոր լինել։ Մենք ենք որոշել 11 հոգին, հիմա իրողություն է փոխվել, և ԱԺ բնականոն աշխատանք ապահովելու համար նման առաջարկություն է ներկայացվել»։ ՀՀԿ խմբակցությունն այս անգամ ընդդիմադիրների դեմ «կռիվ տալու» ուղարկեց Մանվել Բադեյանին, որը նախ նշեց, թե այս փոփոխությանն իրենք պարտադրված են գնացել։ «Է՜, դուք չեք ուզում հաշվել, էդ չի նշանակում, որ ԱԺ-ն չպետք է որոշում կայացնի։ ԱԺ-ն որոշում կայացնում ա և հաշվողներին գտնում ա։ Գայիք, հաշվեիք, միգուցե խախտումներ հայտնաբերեիք, դա կլիներ բնականոն աշխատանք»,- ասաց պատգամավորը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հերթական անգամ հիշեցրեց ՀՀԿ-ի «վիճակը», որ, փաստորեն, վեց խմբակցություն չի մասնակցելու «ամենաարդար» հանձնաժողովի նիստերին։ Իսկ Լևոն Զուրաբյանն էլ իշխանությանը մեղադրեց «խաբեության» մեջ։ Ավելին, ըստ նրա, ԱԺ նախագահի ընտրությունը վերածվում է «բալագանի», և իրենք նպատակ չունեն մասնակցելու նման գործընթացի։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք կողմ կամ դեմ են քվեարկում այն նախագծերին, որոնք բխում են ԱԺ կանոնակարգ օրենքից։
Վերջում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին։ «Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Դուք հանձնաժողովի աշխատանքներին չեք ուզում մասնակցել, ժողովուրդը մեզ ընտրել է, որ գանք աշխատելու։ Եթե տարբեր խմբակցությունների մեր գործընկերները որոշել են չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, դա իրենց խնդիրն է... Բոյկոտողը դուք եք, չաշխատողը դուք եք։ Հենց ձեր ոչ կառուցողական գործունեության արդյունքում է, որ մենք իրականացնում ենք արտահերթ նիստ»,- ընդգծեց փոխխոսնակը։
Արդյունքում ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» չմասնակցեցին քվեարկությանը, բայց որոշումը, բնականաբար, ընդունվեց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ