«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-Ձեր կարծիքով՝ հերթական թեժ աշունը կկայանա՞, թե՞ ամեն տարվա «թեժության» է մնալու:
-Եթե հասարակությունը քաղաքական գործընթացների նկատմամբ սեզոնային վերաբերմունք ունի ու որոշ չափով էլ իրոնիկ, նաև մեղքի իմ բաժինը կա:
-Դուք ի՞նչ անեք, որ տարվա բոլոր եղանակներին «թեժի» գաղափարը ծնվում է ու մեռնում:
-Ես միշտ մտածել եմ ու իմ բոլոր ելույթներում, հարցազրույցներում ջանացել եմ մարդկանց հույս ներշնչել, որ կարող են սեփական ուժերով փոփոխությունների հասնել և հայրենիքը չլքել: Բայց ռեալ քաղաքականությունը ոչ միայն դաժան է, այլև վրեժխնդիր. չհիմնավորված հույսը բերում է ավելի մեծ հուսախաբություն: ՈՒստի այսուհետ ես ասելու և անելու եմ այն, ինչ կարող է իրականություն դառնալ:
-Ոչիշխանական քառյակը հեռո՞ւ է ռեալ իրականությունից:
-Այդ հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանալ, թե քառյակից որ ուժն ինչ է ասում և ինչքանով է այդ տեսակետը համահունչ մյուս ուժերի ցանկությանը կամ տեսակետներին: Հեռո՞ւ են, թե՞ մոտ, ի՞նչն են համարում իրականություն կամ հնարավոր, նախ թող պարզեն, հետո փորձեն իրականացնել: Ես իրենց ձեռնարկած ու ձեռնարկելիք քայլերից որևէ ակնկալիք չունեմ, որովհետև եթե ոչ ծիծաղելի, ապա անիմաստ է իրավիճակի փոփոխություն սպասել այն ուժերից, որոնք Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են անցյալում, որ նույնն է՝ ԵՏՄ կազմում:
-Դուք չե՞ք հավատում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին:
-Եթե հոկտեմբերի 10-ին փաստաթուղթը ստորագրվի, դառնալու է դատավճիռ Հայաստանի ոչ միայն այսօրվա քաղաքացիների, այլև ապագա սերնդի համար: Իհարկե, այդ գործընթացն անդառնալի չէ, անպայման որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն, բայց այդ ընթացքում մենք լուրջ կորուստներ ենք ունենալու՝ քաղաքական, տնտեսական ու վարկանիշային: Մեզ, հասկանալով հանդերձ մեր բոլոր պրոբլեմները, հուսալի և կանխատեսելի գործընկեր չեն համարելու դեռ տևական ժամանակ: Իսկ ԵՏՄ-ի հեռանկարների մասին, հիշեք, թե ինչ ելույթներ էին ունենում Մաքսային միության հիմնադիր երկրների նախագահները մեկ տարի առաջ՝ այդ միության փաստաթուղթը ստորագրելիս, այսօր արդեն նրանք իրար մեղադրում են նախկինում պետություն չունենալու, տարածքային հավակնությունների, միմյանց հաշվին տնտեսական շահույթ հետապնդելու, քաղաքական վարկանիշ բարձրացնելու քայլերի մեջ: Ընդամենը մեկ տարի, ու դեռ անկառույց կառույցն արդեն ինքն իրեն վարկաբեկում է, ոչ միայն նախկին պաթոսը չկա, այլև տնտեսական արդյունավետությունն է կասկածի տակ: Առավել ևս ՈՒկրաինայի իրադարձություններից հետո, երբ միջազգային հանրությունը պատժամիջոցներ սկսեց կիրառել ՌԴ-ի դեմ, այդ կառույցում ընդգրկվելը ոչ միայն սխալ է, այլև անթույլատրելի: Ճիշտ կլինի, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ թե հույսները դնեն Լուկաշենկոյի կամ Նազարբաևի դեմ լինելու վրա, այլ իրենք քաղաքական կամք ցուցաբերեն և հրաժարվեն անդամակցությունից: Բանակցվող համաձայնագրում տասնյակ պատճառներ կան, իսկ ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հարցն է, որ հիմնավոր պատճառ է անդամակցության գործընթացը հետաձգելու, հետո էլ կասեցնելու համար: Դրանով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն մանևրի տարածք, այլև իսկապես ճկուն և իր համար շահավետ քաղաքականություն վարելու հնարավորություն:
-Քառյակի 12 կետերը Հայաստանի քաղաքական օրակարգին ադեկվատ համարո՞ւմ եք: Ինչո՞ւ նրանք համառորեն շրջանցում են Հայաստանի ապագայի ընտրության ամենաէական հարցը, փոխարենը շեշտադրում են կարմիր գծերն ու բերքատվության ծավալները:
-Քառյակի ուժերի տեսակետները քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ բացահայտորեն ոչ միայն տարբեր են, այլև հակառակ: Իմ տպավորությամբ՝ քառյակը կառավարվում է ինչ-որ մեկի կողմից, որ տարբեր միջնորդների (ենթադրենք, տարատեսակ սմբատկարախանյանների, ռոբերտքոչարյանների, արաաբրահամյանների) միջոցով ուղղորդում և հորդորում է չորսին էլ միասնական լինել, որպեսզի համապատասխան իրավիճակներում այդ քաղաքական ուժերին օգտագործի իր սեփական ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար: Հակառակ դեպքում՝ ծանոթ լինելով քառյակում գտնվող ուժերի վերաբերմունքին միմյանց հանդեպ, խորապես կասկածում եմ, որ առանց դրդապատճառի համագործակցեին: Ի վերջո ակնհայտ է, որ քառյակը ԲՀԿ-ն է, որին ես քաղաքական ուժ չեմ համարում, այլ ի սկզբանե բիզնես-նախագիծ, իսկ նրա շուրջը համախմբված միավորները իրենց գործունեությամբ գնացին հենց այն ճանապարհով, որ գծել էին ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները, այսինքն՝ քաղաքական դաշտում ազդեցություն ու լծակներ կարող է ունենալ այն ուժը, որն ունի վարչական ռեսուրսներ ու ֆինանսական միջոցներ: Եվ այդ երկու միջոցների գործադրմամբ կարող է գնել քվեարկողների ձայները: Արդյունքում ստացվեց, որ հանձինս քառյակի երեք ուժերի՝ Հայաստանում գործում է երկու կուսակցություն, և ՀՀԿ-ից ազատվելու միակ ու անփոխարինելի տարբերակը ԲՀԿ-ն է: Վատի ու շատ վատի միջև ընտրության ավելի վատ տարբերակ հնարավոր չէր հնարել, և քաղաքական դաշտին ավելի մեծ վատություն անելու ձև չկար: Այսօր հասարակության հիմնական մասը հենց այդ պատճառով է հիասթափված քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից:
-Հասարակական տրամադրությունների փոփոխություն Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարո՞ղ է առաջացնել:
-Հասարակության մեջ ցանկացած ընտրություն քաղաքական ակտիվացում է առաջացնում: Քաղաքական որոշ ուժեր իրենց տեսակետներն առաջ տանելու համար չեն խնայում նյութական միջոցները, խոստումներ են շռայլում, չարաշահելով սեփական պաշտոնը՝ իրենց ծառայություններ մատուցած մարդկանց աշխատանքի են նշանակում: Այդ շրջանում ի հայտ են գալիս ակտիվ խմբեր, որոնք հաշվառում են, ցուցակագրում են, աշխատանքի տպավորություն են ստեղծում, դժբախտաբար ամենաքիչ տեղը տրվում է բուն գաղափարին: Եթե ինչ-որ տեղ էլ տրվում է, ապա գաղափարը պարզապես ոչնչանում է քաղաքական նորմերից դուրս ինքնագովազդի ու բառաժայթքումների վերածված բանավեճերում, որ հորդում են տարբեր քաղաքական ուժերի վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային լրատվամիջոցների էկրաններից:
-Մեզ պե՞տք է Սահմանադրություն փոխելը:
-Իմ կարծիքով՝ Սահմանադրությունը փոխելը պետք չէ ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: Իրականում երկուսն էլ այդ ճանապարհով համակարգային փոփոխության խնդիր չեն լուծում: Համակարգային փոփոխության գնալու համար պիտի ստորագրվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ապագայի ու անցյալի միջև ընտրությունը պիտի կատարվեր հօգուտ ապագայի: Քաղաքականության մեջ, չգիտես ինչու, բոլորն ամեն ինչ գնահատում են, բացի ժամանակից: Անընդունելի եմ համարում գործող նախագահի հայտարարությունը, թե բացի ժամանակից ուրիշ առարկություն չի նշվում: Ժամանակը քաղաքականության մեջ ոչ միայն լուրջ, այլև ամենակարևոր պայմաններից է, այն քաղաքական գործիչը, ով չի զգում փոփոխությունների ժամանակը, իրեն քաղաքական գործիչ չի կարող համարել, առավել ևս նման բարձր պաշտոնում: Հասարակության մեծամասնությունը միանշանակ և իրավացիորեն այն կարծիքին է, որ իր կեցության դժվարությունների ու դժբախտությունների պատճառը ոչ թե անկատար օրենքներն ու Սահմանադրությունն են, այլ օրենքներից ու Սահմանադրությունից իրենց վեր դասող պետական չինովնիկները՝ սկսած նախագահից ու վարչապետից մինչև որևէ ԾԻԳ-ի պաշտոնյա: Սա չտեսնելը, դեպի ԽՍՀՄ տանող ԵՏՄ-ի ճանապարհն ընտրելը, Սահմանադրության փոփոխությունը համակարգային փոփոխություն համարելը միանշանակ իմիտացիա է: Ինչքան էլ չարչարվեն, անգամ իրենց տնեցիներին չեն կարող համոզել, որ դա անում են անկեղծ, երկրի շահերից ելնելով, երկրի բարեկեցությունը բարձրացնելու համար:
-Լավ, իսկ ի՞նչ է պետք այսօր Հայաստանին:
-Հայաստանին առաջին հերթին պետք է ունենալ իրական անկախության գիտակցություն, կախվածությունը որպես պրոբլեմ դիտարկելն արդեն դեպի անկախություն տանող առաջին ու հիմնական քայլերից մեկն է: Ես խորապես համոզված եմ, որ օր օրի Հայաստանի հասարակությունն ավելի ու ավելի է սկսում գիտակցել կախվածությունից բխող պրոբլեմները: Նույնիսկ իշխանական ԳԵԼԱՓ-ի հարցումներով, որ հրապարակվեց բոլոր լրատվամիջոցներով, նման մարդկանց թիվը 43 տոկոս է, դա լուրջ ցուցանիշ է: Շատ լուրջ: Բոլոր առումներով՝ թե ներքաղաքական գործընթացներին մասնակցելու, թե ՀՀ ապագայով մտահոգ մարդկանց համախմբման գործունեություն ծավալելու: Այդ գործընթացներն են, որ կարող են բերել իրական համակարգային փոփոխություններ՝ կենտրոնում ունենալով քաղաքացուն իր կոնկրետ խնդիրներով: Անկախության հռչակագրից հետո Հայաստանում մի ստվար զանգված իր բարեկեցությունը կապեց սեփական պետության անկախության հետ, բայց եղան մարդկանց խմբեր, ովքեր իրենց բարեկեցությունը կապեցին պետությունից ու օրենքներից անկախ լինելու հետ: Ովքեր ունեին այդ հնարավորությունը, իրենց վեր դասեցին օրենքներից, երկիրը բաժանեցին իմի ու քոնի և քաղաքական բանավեճը տեղափոխեցին թայֆաների ու թիմերի դաշտ: Մյուս մասն էլ, որ չուներ այդ հնարավորությունը և չէր ուզում կախված լինել այդպիսի պետությունից և այդ թիմերից, ստիպված լքեց երկիրը։ Հայերս ինքներս մեզ բազմիցս ապացուցել ենք, որ կարող ենք հաջողություն ունենալ, երբ միասնական ենք: Իսկ մենք կարող ենք միասնական լինել մեկ պարագայում, երբ երկրում ու պետության մեջ, անկախ զբաղեցրած պաշտոնից, օրենքի առաջ բոլորս հավասար կլինենք: Դրա օրինակը ես տեսել եմ արևմտյան զարգացած գրեթե բոլոր երկրներում: Նման հավասարության օրինակ ես չեմ տեսել և, դժբախտաբար, չեմ տեսնում ոչ միայն Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, այլև նախկին ԽՍՀՄ այն հանրապետություններում, որ կամովին կամ պարտադրված շարունակում են մնալ ՌԴ-ից կախվածության մեջ:
-Երկու օրից ՀՀ Անկախության տոնն է, Ձեր կարծիքով՝ եթե անկախության գիտակցությունը չկա, անկախության տոնը իրակա՞ն է։
-Ես կասեի՝ ձևական է: Ինձ ամեն տարի ՀՀ նախագահները, բացառությամբ երկրորդի, հրավիրել են տոնական միջոցառումներին, որոնց չեմ գնացել: Պատճառն այն չէ, որ ես խնդիրներ ունեմ նրանց հետ, ես ուղղակի չեմ հավատում, որ նրանց գործունեությունը միտված է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության, իրական անկախությանը, ՀՀ քաղաքացու արժանապատվության բարձրացմանը: Ցավոք, տոնական միջոցառումներն ավելի շատ ձևական են, քան բովանդակային: Անկախությունը հարգող իշխանությունը առաջին հերթին պարտավոր էր բարձրացնել ՀՀ անկախությունը տնտեսության ոլորտում, կոմունիկացիաների, գիտության և պաշտպանվածության: Այս ոլորտներում ՀՀ նախորդ և ներկա իշխանությունների գործունեությունն ավելի շատ ուղղված է եղել երրորդ երկրի շահերի դեմ որևէ քայլ չանելուն, քան սեփական երկրի տնտեսական, քաղաքական և անվտանգության խնդիրները լուծելուն: Ցավոք: Բազմաթիվ քայլեր կան, որոնք եթե այսօրվա իշխանություններն անեն, անկախ նույնիսկ իրենց լեգիտիմության աստիճանից, հասարակությունը կգնահատի: Դժբախտաբար նման քայլերի փոխարեն ձեռնարկվում են ցուցադրական շքերթներ, ընդունելություններ ու բանկետներ:
-Որո՞նք են այդ քայլերը և ինչո՞ւ չեն արվում:
-Այդ քայլերի մասին բազմիցս ասել եմ, բայց քանակը չի պակասում և բովանդակությունն արդիական է մնում: Հյուսիս-հարավ ճանապարհն արագ և բարձրորակ կառուցելը, Հայաստան-Իրան երկաթգծի, Արաքս գետի վրա հէկի կառուցումը, արևմտյան ընկերությունների, մասնավորապես ֆրանսիական ընկերության հետ, նոր ԱԷԿ-ի շինարարությունը, ՀՀ օդային տարածքի ազատականացումը, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, թվարկումը երկար է… Այդ քայլերն այլընտրանք կլինեն քաղաքական պատժամիջոցների տակ գտնվող ՌԴ-ից կախվածությանը, պատժամիջոցներ, որոնց ազդեցությունն այսօր արդեն զգում են ռուբլու կտրուկ արժեզրկմամբ, ինչից օգտվում են նաև ՀՀ բանկերը՝ իրենց հերթին իջեցնելով արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները, որը կարճ ժամանակից կտրուկ վատացնելու է վիճակը:
-Այդքանից հետո Դուք դեռ հավատո՞ւմ եք Հայաստանի իրական անկախությանը:
-Այո, որովհետև լույսի համար խավարը թափանցիկ է:
Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ