ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Մենք չենք ամաչում մեր խորհրդային անցյալից, մենք հպարտ ենք այդ անցյալով»

«Մենք չենք ամաչում մեր խորհրդային անցյալից, մենք հպարտ ենք այդ անցյալով»
20.09.2014 | 12:40

Ալեքսանդր Շպակովսկին Բելառուսի Հանրապետության «Ցիտադել» վերլուծական նախագծի հեղինակն է: Նա Հայաստանում էր՝ մասնակցելու սեպտեմբերի 17-18-ը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կազմակերպված «Հայաստանի մարզերը հօգուտ եվրասիական ինտեգրման» միջազգային կոնֆերանսին, որը կազմակերպել էր «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը: Հանդիպելով մեկնումից առաջ՝ հնարավորություն ունեցա նրա հետ հանգամանալից հարցազրույց ունենալ, որը կտպագրվի «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 23–ի համարում:
-Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ:
-Ես իրավիճակը գնահատում եմ եվրասիական ինտեգրման կտրվածքով: Կտրականապես դեմ եմ բոլոր քաղաքագետներին ու քաղաքական գործիչներին, ովքեր ասում են, թե Հայաստանը քաղաքական արժեք չունի ԵԱՏՄ-ի համար: Այդպես չէ: Նախ՝ պետք չէ ամեն ինչ չափել առևտրատնտեսական տեսակետից, երկրորդ՝ և առևտրում, և տնտեսության մեջ Հայաստանը դեռ ամեն ինչ չի ասել և ամեն ինչ չեն ասել Հայաստանի գործընկերները ներքին շուկայում: Բացի այդ՝ Հայաստանը այն երկիրն է, որ վիթխարի սփյուռք ունի իր քաղաքական ազդեցությամբ ու ֆինանսներով: Եթե մենք կարողանանք Հայաստանին հետաքրքրել եվրասիական ինտեգրմամբ, շատ օգտակար կլինի: Հարցը պետք է ձևակերպել ոչ թե ի՞նչ ենք մենք ստանում Հայաստանի ինտեգրումով, այլ՝ ի՞նչ ենք մենք առանց Հայաստանի կորցնում: Ես գտնում եմ, որ Հայաստանում համարժեք չընդունվեց նախագահ Սերժ Սարգսյան որոշումը՝ միանալ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը: Ձեր ազատական-ազգայնական խավը, որ շատ ակտիվ է հետխորհրդային մյուս երկրների համեմատությամբ, այդ որոշումը որակեց սպառնալիք հայկական ինքնիշխանությանը: Իբր՝ Ռուսաստանի ՛՛ուռռահայրենասիական՛՛, շովինիստական որոշ շրջանակներ պարտադրեցին այդ որոշումը: Այդպես չէ: Իմ կարծիքով՝ այն պայմաններում, որում Հայաստանը հիմա գտնվում է՝ թշնամական շրջապատման, տնտեսական շրջափակման մեջ, Ռուսաստանի ռազմաքաղաքական աջակցությունն ունենալով, ՀԱՊԿ-ի անդամ լինելով, Հայաստանն այլ ընտրություն ոչ թե չէր կարող անել, այլ չպիտի աներ: Դա նորմալ, սուվերեն, ադեկվատ ընտրություն էր հօգուտ ԵԱՏՄ-ի: Ինձ չի զարմացնում, որ Հայաստանը միացավ, այլ զարմացնում է, որ այդքան ուշ միացավ: Դա պետք էր անել, երբ Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ ծրագրեր էին մշակում: Դա Հայաստանին պետք է քաղաքական, ռազմական, տնտեսական տեսակետից: Հիշեցնեմ, որ ոչ թե Մաքսային միությունը Հայաստանի առաջ կամ/կամ ընտրության պայման դրեց, այլ եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն, որ հիմա, չգիտես ինչու որոշումը փոխել է: Ես կարծում եմ՝ տնտեսական նկատառումներով:
-Աշխարհը սրընթաց է փոխվում: Բայց Հայաստանը ոչ միայն Հայաստանն է, այլև՝ Լեռնային Ղարաբաղը: Իր հերթին՝ պարոն Լուկաշենկոն ևս դեմ էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միանա ԵԱՏՄ-ին:
-Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բելառուսը հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ իր արտաքին քաղաքականության մեջ ավանդաբար ելնում է իր խաղաղարար առաքելությունից: Մեզ համար հետխորհրդային տարածքը մեր հարազատ տարածքն է: ԽՍՀՄ-ի փլուզումը մենք հիվանդագին ընդունեցինք: Մեր ժողովուրդը 1990-ին հանրաքվեում դեմ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմաքանդմանը, մենք չենք ամաչում մեր խորհրդային անցյալից, մենք հպարտ ենք այդ անցյալով: Այդ պատճառով հետխորհրդային տարածքի ցանկացած դժբախտություն մենք ծանր ենք տանում: Եվ ոչ մի դեպքում մենք ոչինչ չենք անի, որ հակամարտությունը լրացուցիչ սրենք: Մենք կողմերից ոչ մեկին ոչ կաջակցենք, ոչ կմեղադրենք: Լեռնային Ղարաբաղի հարցը, իմ կարծիքով, Երևան-Բաքու-Մոսկվա քաղաքական կամքի դրսևորման հարթության մեջ է: Բարդ հարց է, բայց այնպես պետք է լուծվի, որ բոլորը գոհ մնան: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, պետք է հավատալ ոչ թե կուլուարային ասեկոսեներին, այլ փաստերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ