Վրաստանում քաղաքական ճգնաժամ է: Բոլոր հատկանիշներով՝ արտաքին քաղաքական, թեպետ իրականում ճգնաժամը ներքաղաքական է, պարզապես հերթական ապացույցն է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունները միմյանց շարունակությունն են: Ամբողջ ամառ մամուլը տեղեկություններ էր հրապարակում նախագահի ու վարչապետի հակասությունների մասին՝ շեշտելով, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտպանում է վարչապետին: Ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին, իր խոր հիասթափությունն էր արտահայտել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուց, երբ նա տեղափոխվել էր Միխեիլ Սաակաշվիլու կառուցած նախագահական շքեղ նստավայրը, նրան մեղադրելով համարյա պետական ցոփության մեջ: Բայց Մարգվելաշվիլին մնաց նախագահական նստավայրում, և շարունակվեց նախկին ու ներկա վարչապետեր-նախագահ դիմակայությունը: Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին, բայց ոչ Վրաստանում, ոչ Վրաստանից դուրս ոչ ոք այդ կարծիքին չէ: Իվանիշվիլին մնում է Վրաստանի ստվերային նախագահն ու վարչապետը միաժամանակ՝ փորձելով, եթե ոչ ուղղորդել նրանց, համենայն դեպս, նախագահի ու վարչապետի հակասությունների վրա հիմնել իր իշխանությունը: Եվ քանի որ Վրաստանը խորհրդարանական կառավարում ունի, Իվանիշվիլին, բնականաբար, գերադասում է վարչապետին: Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությանը հետևեց եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլու հրաժարականը, ապա՝ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի ու փոխնախարարների: Հրաժարական տվեց ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Լևան Դոլիձեն: Թե Իրակլի Ալասանիան, թե Մայա Փանջիկիձեն համարում են, որ վտանգված է Վրաստանի ապագան: Պաշտպանության նախարարը իր պաշտոնանկությունից հետո շեշտել էր, որ քննարկվելու է ՆԱՏՕ-Վրաստան փոխհարաբերությունների վերաբերյալ ալյանսի ներկայացրած փաթեթը, և այժմ իրադարձությունները կարող են այլ ընթացք ունենալ, և պահանջել էր կոալիցիայի նիստ: Նիստը կայացավ, սակայն նիստին մասնակցեց Բիձինա Իվանիշվիլին, և խոսակցություն, ըստ էության, չկայացավ: «Մեր Վրաստան. Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախագահը Իրակլի Ալասանիան է, դուրս եկավ «Վրացական երազանք» կոալիցիայից և խորհրդարանում դարձավ ընդդիմություն:
Արձագանքելով Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց. «Իվանիշվիլին մասնավորեցրել է Վրաստանը և այնտեղ գավառական բռնատիրություն հաստատել: Չեղարկված է դասական քաղաքականությունը, ժողովուրդը կորցրել է վստահությունը իշխանությունների նկատմամբ»: Նա զգուշացրեց, որ Իվանիշվիլին չեղյալ կհայտարարի ընտրական համակարգը: Նա այլ անելիք չունի, քան իշխանությունն ընտրությունների միջոցով ինչ-որ մեկին փոխանցել: Արևմուտքն առայժմ զգուշավոր է վերաբերվում վրացական ճգնաժամին, միայն Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը իր միկրոբլոգում գրեց, որ Վրաստանի քաղաքական կուրսը վտանգի տակ է: Իսկ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարեց, որ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ կուլիսներից՝ ակամայից խոստովանելով «ինստիտուտների» թուլությունը և «կուլիսների» ուժը: Չի բացառվում, որ վրացական ընդդիմությունը միավորվի և նորից փողոց դուրս գա իր համար հեղափոխական նոյեմբեր ամսին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Forbes ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Գուցե ամերիկացիները նրա մասին ավելի՞ն գիտեն ուրիշներից: