ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Սահմանադրական բարեփոխումների առաջարկը ընդդիմադիր բևեռին դրեց ինքնաբացահայտման վիճակում»

«Սահմանադրական բարեփոխումների  առաջարկը ընդդիմադիր բևեռին դրեց  ինքնաբացահայտման վիճակում»
11.11.2014 | 00:44

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Երկու հանրահավաք հոկտեմբերին, իշխանափոխության գործընթացի ազդարարում, և՝ քաղաքական դադար: Փաստորեն գործընթացի ապագան կախված է իշխանությունից, այո՞:
-Իրականում երկրի հանրային կյանքում իշխանությունից շատ ավելին է կախված, քան եռյակ-քառյակի գործունեությունը կամ այդ գործընթացի ապագան: Ընդդիմադիր ուժերի հենարանը բողոքական էլեկտորատն է, իսկ բողոքական էլեկտորատի ձևավորման պատճառը երկրի պրոբլեմներն են, որոնք լուծելու պարտավորությունն իշխանությանն է: Իշխանությունը պիտի սոցիալ-տնտեսական, հանրային կյանքի բարելավման արդյունավետ քայլեր ձեռնարկի: Դա է տրամաբանությունը՝ յուրաքանչյուր իշխանություն իր պաշտոնավարման ժամկետում ժողովրդական հավանություն ստացած իր ծրագրերը կատարելով՝ պիտի ապահովի նորից ընտրվելը: Ընտրական համակարգը յուրաքանչյուր քաղաքական ուժի համար վերարտադրվելու կամ ընտրվելու հնարավորություն է, որը իրականացվում է կատարված աշխատանքի կամ վստահություն վայելող ծրագրերի արդյունքներով: Իշխանությունը իր գործունեությունը նպատակաուղղում է իր ծրագրերը իրականացնելուն և ընտրությունների ժամանակ վերարտադրվելուն: Դա հանցակազմ պարունակող գործողություն չէ, այլ՝ ժողովրդավարական համակարգի հիմնադրույթներից մեկը:
-Այս ընթացքում հնչել են գնահատականներ, որ ոչ մի հեղափոխություն ու իշխանափոխություն չկա, գործընթացը ներհամակարգային փոփոխություններին է վերաբերում: Այդ գնահատականը իրավիճակին համարժե՞ք է:
-Գործընթացը, որ այսօր կա ընդդիմադիր բևեռում, դեռ պիտի որոշակիանա:
-Մենք ունե՞նք ընդդիմադիր բևեռ:
-Գուցե ոչ լավ ձևավորված, ոչ կայացած. բազմիցս ասվել է, որ ընդդիմադիր բևեռում գործընթացները պիտի բյուրեղանան, եռյակ ձևավորվեց, քառյակ, հետո նորից եռյակ՝ միավորվելու, վերակազմակերպվելու փորձեր են կատարվում, մեծ մասամբ դեռևս ռեալ, շոշափելի արդյունքների չբերող ¥հանրահավաքի հրապարակում հավաքված մարդկանց թիվը ենթադրվելիք արդյունքը չէ¤: Ընդդիմադիր բևեռը կայացած չէ, և գործընթացից նաև այդ արդյունքն է ակնկալվում: Բոլոր հայտարարություններով, հանրահավաքներով հանդերձ՝ ես, սակայն, կայացման արդյունք չեմ տեսնում: Ոչ էլ իշխանափոխության փաստարկում:
-Ինչո՞ւ: Բավականին հոդաբաշխ մեղադրանքներ են հնչում:
-Բևեռի կայացման արդյունքը չեմ ակնկալում, որովհետև առաջին և ամենակարևոր նախապայմանը՝ գաղափարական հենքը չկա, քաղաքական ուժերի խճանկար է՝ մեծ ու փոքր, թույլ ու ուժեղ, տարբեր խմբերի, խմբակների, անձերի, անհատների կամ չանհատների, որոնց միավորում է միայն իշխանությանը դեմ լինելը, իշխանության գալու ցանկությունը, որը գաղափարական հենք չէ: Եթե գաղափարական հենք չկա, ուժը, բևեռը չի կայանալու, ազգային, պետական խնդիրներ չի դնելու և չի լուծելու: Ի վերջո՝ արդեն մամուլով միմյանց դիմելը կենտրոնախույս միտումներ է բացահայտում, և ակնհայտ է, որ անիմաստ է պառակտել այն, ինչ արդեն պառակտված է:
-Դուք նկատի ունեք ՀԱԿ-ի վերջին հայտարարությո՞ւնը:
-Այո, և՝ ոչ միայն: Ի վերջո, գործ ունենք ոչ թե իշխանափոխության փորձի հետ, այլ՝ հեղաշրջման, մեղադրանքները բառակուտակումներ են, որոնց նպատակը անձերի կամ իշխող շրջանակի փոփոխությունն է: Եթե նկատել եք՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը դարձավ լակմուսի թուղթ, որ անմիջապես ի հայտ բերեց իրավիճակը՝ դուք համակարգային փոփոխությունների կողմնակից չեք, բարեփոխումների կողմնակից չեք, դուք արմատական փոփոխությունների կողմնակից չեք, գործնականում դուք այդ ամենին դեմ եք ու ընդամենն ուզում եք պահպանելով եղածը, կոնկրետ հասցեում կոնկրետ աթոռ ունենալ: ՍԴ բարեփոխումների առաջարկը իշխանության արդյունավետ տակտիկական քայլն էր, որն ընդդիմադիր բևեռին դրեց ինքնաբացահայտման վիճակում:
-Այդ պատճառո՞վ ոչիշխանությունը որոշեց ասպարեզ բերել գլխավոր խաղաթուղթը՝ ժողովրդին փողոց հանելը:
-Սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու իշխանության քայլը ճիշտ էր թե ստրատեգիայի, թե տակտիկայի իմաստով: Իսկապես երկիրն այսօր հիմնարար բարեփոխումների կարիք ունի: Այդ բարեփոխումը այն չէ՝ մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով քանի մարդ կընտրվի, ով ավելի շատ հնարավորություն ունի այս կամ այն տարածքում ընտրվելու: Պարզից էլ պարզ է, որ եթե կուսակցությունը մեծամասնականով կարողանում է պատգամավոր անցկացնել, համամասնականով էլ կանցկացնի: Վերարտադրվելու ավելի հեշտ ձևեր կան, քան սահմանադրական բարեփոխումները, ամբողջ հասարակության հետ հանրային քննարկումների մեջ մտնելը, մասնագիտական ու քաղաքական լայնամասշտաբ համաձայնության գալը: Ակնհայտ է, որ իշխանությունը գնում է ավելի դժվար ճանապարհով, ունենալով շատ ավելի հեշտ ճանապարհներ սոսկ իր, ինչպես նշում են, վերարտադրության խնդիրը լուծելու համար: Շատ հեռուն չգնալու համար՝ նշեմ միայն ՌԴ-ում կիրառած տարբերակը:
-Լավ, բայց եթե ոչիշխանությունը հրապարակի ժողովրդի գործոնն օգտագործում է իշխանությունից ցանկացածը ստանալու համար իբրև մանրադրամ, իշխանությունն էլ անտեսում է ժողովրդի գործոնը շարունակաբար: Ռեսուրսների՞ պակասի պատճառով, անարդյունավետ կառավարմա՞ն, քաղաքակա՞ն դրդապատճառներով, բայց մարդը չի դառնում քաղաքականության կենտրոն:
-Համաձայն չեմ, իշխանությունը չի կարող ժողովրդին անտեսել երբևիցե, հատկապես, երբ նախաձեռնում է երկրի կարևորագույն, ֆունդամենտալ խնդիրներում արմատական բարեփոխումներ, երբ երկու տարուց գնալու է ընտրության, դա հակատրամաբանական է: Առավել ևս, որ այս դեպքում իշխանությունն ընտրության է գնում պաշտոնավարման ժամկետն ավարտող նախագահով, որ լրացուցիչ բարդություններ է բերում, մենք առավելագույնս պիտի մարդուն ունենանք քաղաքականության կենտրոնում, նաև որովհետև այդ մարդկանց համախումբն է ընտրելու վաղը: Ձեր հարցում հնչեցին օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Ընդամենը վեց ամիս է պաշտոնավարում այսօրվա կառավարությունը, ու գնահատեք՝ ինչ աշխատանքներ է արել, ինչ արմատական խնդիրների է անդրադարձել:
-Անդրադարձը լուծո՞ւմ է:
-Առանց անդրադառնալու լուծում չի լինում: Օրինակ՝ շրջանառության հարկի մասին օրենքը, որ այնքան հակառակ ու խեղաթյուրված ներկայացվեց: Դժգոհող մարդկանցից որևէ մեկին հարցրեք՝ մեր երկրի կամ այլ երկրների պատմության մեջ ո՞ր կառավարությունն է հարկային բեռը 70 տոկոսով նվազեցրել, երբ 3,5 տոկոսից 1 տոկոս է դառնում:
-Հրաշալի քայլ է, բայց քայլերը գործուն են, երբ որոշումը կյանքի կոչելու պայմաններ են ստեղծված:
-Վեց ամսո՞ւմ: Կառավարությունը տեսնում է խնդիրները ու ուզում է լուծել, ժամանակ է պետք: Փոխադարձ արդյունավետություն ապահովելու համար եկեք անընդհատ չասենք՝ վատ է, սխալ եք աշխատում: Մի անգամ գոնե ասենք՝ դուք շատ կարևոր քայլ եք ձեռնարկել, բայց այս-այս խնդիրները լուծենք, միասին մտածենք ու այս-այս պակասները լրացնենք, որ առաջ գնանք: Նույն խնդիրը ծագեց հղի կանանց վերաբերող հայտնի օրինագծի դեպքում: Ո՞րն էր հիմքը՝ տարիներ շարունակ այս թեմայով հիպոթետիկ առաջարկներ էին արվում, ու որևէ մեկը մոտ չէր գալիս գաղափարին, որ չաշխատող մորը նույնպես նպաստ հատկացվի: Այսօր կառավարությունը 30-40 հազար չաշխատող կանանց 130-140 հազար դրամի վճարում է սահմանում, նպատակ ունենալով և սոցիալական վիճակի բարելավումը, և ծնելության բարձրացումը, ի վերջո կենսամակարդակի խնդիրները, որովհետև հավելյալ ծախսեր են կատարվում երեխա սպասող ընտանիքներում: Մեկ տասնամյակ այս խնդիրը կար, այսօր կառավարությունը ստանձնում է այդ պարտավորությունը: Վա՞տ է: Տնտեսապես ոչ փայլուն վիճակում, բյուջետային եկամուտների բավականին սուղ վիճակում:
-Վատ չէ, բայց ինչո՞ւ են հղի կանայք օրինագծից դժգոհ, ո՞ր իրավունքներն են ոտնահարվում, որ փողոց դուրս եկան:
-Ես կարծում եմ՝ նախ տեղեկատվական աշխատանքի լուրջ պակաս կա մեր երկրում, երկրորդը՝ մամուլն այսօր իր ազատությունը, իր լայն հնարավորությունները՝ մի մասը խորամուխ լինելով, մի մասը չլինելով, սևը սպիտակի տեղ է ներկայացնում ու նենգափոխում իրավիճակը: Կոնկրետ այս դեպքում կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ բարձրաձայնեցին, որ ոլորտում առկա իրավիճակից ելնելով խնդրի ուսումնասիրության և քննարկման անհրաժեշտություն կա, և որ հենց նման լայն քննարկումը հասարակական հատվածի մասնակցությամբ կարող է լուծման ուղիներ և մոտեցումներ մշակելու հնարավորություն լինել, որից հետո նախաձեռնվեցին բազմաթիվ քննարկումներ տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում, նաև խորհրդարանական լսումներ հրավիրվեցին: ՀՀԿ կանանց խորհուրդը ևս անդրադարձավ թեմային, կազմակերպելով քննարկում, որին մասնակցեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և ևս մեկ անգամ ընդգծվեց, որ խնդիրը ոլորտի թերությունները վերացնելն է, համակարգի արդյունավետության բարձրացումը, որը երբեք չի կարող զուգահեռվել իրավիճակի վատթարացում բերող քայլերի: Նույն պատկերն էր սահմանամերձ գյուղերի օրինագծի քննարկման ժամանակ: Յուրաքանչյուր գործի մեջ կարող են լինել լավ ու վատ կողմեր, քննարկեինք ու տեսնեինք՝ որն է հնարավոր անել, որը՝ դեռ ոչ, ոչ թե փնովենք ու հայտարարենք՝ վատ է, սխալ է, արդյունավետ չէ:
-Արդյունավետության ապահովման ցանկությո՞ւնն է կառավարության կառուցվածքային փոփոխությունների պատճառը:
-Հակառակ անմիտ պնդումների, թե նման փոփոխությունները նախաձեռնվում են անձերի խնդիրներ լուծելու համար, կառավարության կառուցվածքային փոփոխությունները շատ կարևոր ու լուրջ խնդիրների լուծման նպատակ ունեն: Հատկապես եվրասիական ու եվրոպական ինտեգրացիայի նախարարության ձևավորումը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ աշխարհի կառավարությունների մեծ մասում հենց տնտեսական ոլորտների համակարգման միջոցով են տնտեսական զարգացման խնդիրների առավել արդյունավետ լուծումների հասնում, երբ տնտեսական բլոկի նախարարությունների ու ենթակառուցվածքների աշխատանքների ներդաշնակեցման, նրանց համահունչ աշխատանքի ապահովման խնդիր է դրվում: Այսօր մենք իսկապես տնտեսական ոլորտում համակարգման, կառավարության տարբեր կառույցների աշխատանքները ներդաշնակելու, մեկ նպատակի ու թիրախի ուղղորդելու անհրաժեշտություն ունենք: Գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի նախարարություններից, ջրի, գազի, ենթակառուցվածքներից էականորեն կախված է մեր տնտեսական զարգացումը: Մենք ԵԱՏՄ մտնելով բարձրաձայնեցինք մեր քաղաքական դիրքորոշումը՝ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շարունակելու և խորացնելու վերաբերյալ, մենք նաև անհրաժեշտ ենք համարում, որ այդ համագործակցությունը լինի ռեալ դաշտում, գործնական, և այս նախարարությունը լուրջ աշխատանքներ ունի կատարելու: Գործադիրում ուժեղացվում են երկու կարևոր ուղղություններ՝ ԵԱՏՄ-ի համապատկերում տնտեսական զարգացումների հնարավոր բոլոր ռեսուրսներն օգտագործել ու իրականում արդյունավետ դարձնել, և երկրորդ՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը հաստատումների դաշտից իրական դաշտ տեղափոխելու:
-Արտաքին գործերի նախարարության ֆունկցիաները չե՞ն կրճատվում:
-Տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման իմաստով՝ ոչ: Բոլորովին պատահական չէ, որ մի քանի օր առաջ ԵՄ-ի հետ ստորագրվեց կարևոր համաձայնագիր՝ հարաբերություններն ընդլայնելու և մինչև 170 միլիոն եվրոյի տեխնիկական աջակցություն ստանալու մասին, հակառակ շահարկումների և պնդումների, թե ԵԱՏՄ անդամակցության հետևանքով եվրոպական կառույցների կողմից կփոխվի վերաբերմունքը և կնվազեցվեն Հայաստանի օժանդակման ծրագրերը: Ոչ միայն քաղաքական կամքն է արձանագրված, այլև համաձայնեցված են ռեալ ոլորտները՝ պետական կառավարման և արդարադատության համակարգի բարեփոխումներ, մասնավոր հատվածի զարգացում և այլն, որտեղ համագործակցությունը ԵՄ-ի հետ պիտի շարունակվի և ֆինանսավորվի:
-Անցած շաբաթ ԱԺ-ում էր ԼՂՀ ԱԺ պատվիրակությունը, ի՞նչ հարցեր քննարկեցիք:
-Միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի և ԼՂՀ խորհրդարանների միջև այս տարի բոլորում է իր 10-ամյակը, Երևանում գումարվեց համատեղ 10-րդ նիստը: ԼՂՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Երկու կարևոր հարց քննարկվեց՝ միջխորհրդարանական համագործակցությունը և ապագա ուղղությունների որոշարկումը: Լսեցինք արտաքին հարաբերությունների, պետաիրավական, կրթության ու մշակույթի հանձնաժողովների նախագահներին: Համագործակցությունը երկու խորհրդարանների միջև բավականին ակտիվ է, հանձնաժողովները իրոք լուրջ ասելիք ու անելիք ունեն թե արտաքին քաղաքական գործընթացներում մեր ջանքերը համալրելու, թե կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի ոլորտներում համատեղ աշխատելու և միասնական տարածք ձևավորելու ու միասնական քաղաքականություն վարելու ուղղությամբ:
-ԼՂ հարցով բանակցային գործընթացը քննարկվե՞լ է: Ղարաբաղում ի՞նչ կարծիքի են Փարիզյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակի մասին:
-Օրակարգի երկրորդ հարցը ԼՂ խնդրի քննարկումներն էին միջազգային ատյաններում: Մենք Արցախի մեր գործընկերների հետ փորձեցինք վերլուծել ու ամփոփել, թե տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունները տարբեր ձևաչափերով ինչ աշխատանք են կատարում ու ինչ իրավիճակ է այսօր, ինչ նոր մոտեցումներ են անհրաժեշտ նոր իրողությունների պայմաններում:
-Որո՞նք են նոր իրողությունները, ի՞նչ է փոխվել:
-Մի քանի գործոններ կան: Մեկը՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունն է, մենք այսուհետ պետք է պատրաստ լինենք այդ դաշտում մեր գլխավոր արտաքին քաղաքական խնդիրը ներկայացնելուն և շեշտադրումները պաշտպանելուն: Մյուս կարևոր իրողությունը՝ ելնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից, որ մշակել են հակամարտության կարգավորման սկզբունքներ, որոնց թեև ուշացումով՝ համաձայնել է Ադրբեջանը, բայց գործընթացը կանգնած է, ուրեմն համաձայնությունն այնքան էլ անկեղծ չէ: Ադրբեջանն այսօր ծավալում է ՄԽ աշխատանքը կասեցնելու ու բոլոր միջազգային հարթակներում ՄԽ-ին վարկաբեկելու քաղաքականություն: Ադրբեջանի երկդիմի խաղերի պատճառն առաջին հերթին այն է, որ այդ սկզբունքները ադրբեջանանպաստ չեն ¥հայանպաստ են¤, և բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են այդ սկզբունքների դեմ աշխատելու: Ազգերի ինքնորոշման իրավունքը, թեկուզ դժվարությամբ, քայլ առ քայլ, միջազգային իրավական հիմքերում որոշակի հանգրվանի է գալիս: Այս տարի տեղի ունեցավ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որը թեև մերժվեց, բայց պայքարող ժողովուրդներին ևս մեկ քայլով մոտեցրեց բաղձալի երազանքին, նույն ուղղությամբ զարգացումները շարունակվում են Իսպանիայում՝ հակառակ, որ Մադրիդը դեմ էր Կատալոնիայի հանրաքվեին, ոչ պաշտոնական հարցումը կայացավ: Փաստորեն ազգերի ինքնորոշման իրավունքը քայլ առ քայլ հիմնավորվում է միջազգային իրավահարաբերություններում: Դա արտաքին քաղաքական դաշտում բազմաթիվ խոշոր խաղացողների էական դժգոհությունն է առաջացնում՝ շատ երկրներ իրենց ներսում ունեն նման խնդիրներ, որոնց կասեցման արմատական ձևը կցանկանային կիրառել: Այս և բազմաթիվ այլ գործոններ մշտապես մեր երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են և պետք է օգտագործվեն Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մասնագիտական, վերլուծական-փորձագիտական մտքի և հասարակական կառույցների բոլոր հնարավորությունները, առաջին հերթին իր բախտը որոշելու իրավունքը Արցախին վերադարձնելու, բանակցային մեր քաղաքականությունը արդյունավետ ու ռեալ փոփոխությունների հանգեցնող դարձնելու համար:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ