Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Արտաքի՞ն, թե՞ ներքաղաքական քայլեր

Արտաքի՞ն, թե՞ ներքաղաքական քայլեր
30.01.2015 | 01:17

Հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Միայն: Սա առաջին դեպքն էր, երբ համանախագահները խախտում էին իրենց սակրալ դարձրած պարիտետը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ նրանք չհանդիպեցին: Պարիտետը խախտվեց նաև երկրորդ անգամ: Նրանք հավարտ հանդիպման տարածեցին հայտարարություն, որտեղ կար աննախադեպ նախադասություն. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները»։ Հաջորդ նախադասությամբ համանախագահները առավել շեշտում էին նախորդի բովանդակային տարբերությունը. «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար»։ Իհարկե, հաջորդեց նաև հիշեցումը, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը, որ բռնությունները նվազեցնում են խաղաղության ջանքերը: Բայց համանախագահները Մամեդյարովին հասցրել են նաև երրորդ հարվածը. «Մենք նախարարին հիշեցրինք մեր մանդատի մասին և մտահոգություն հայտնեցինք բանակցությունների գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերի և ԵԱՀԿ-ի դիտորդների պարտականությունների վերաբերյալ քննադատությունների առնչությամբ»: Թերի կլիներ, սակայն, միայն Մամեդյարովին կամ Ադրբեջանի իշխանությանը համարել այս հայտարարության հասցեատեր: Բուն հասցեատերը նրանք են, ովքեր տարբեր երկրներում Մինսկի խումբը կազմալուծելու, ձևաչափը փոխելու, կոնֆլիկտի լուծումը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու անդուլ ջանքեր են գործադրում: Մինսկի խումբը կա, եղել է ու լինելու է հակամարտության հաղթահարման ՄԻԱԿ ձևաչափ՝ սա էր Մամեդյարովին ասվածի ենթատեքստը: Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում և շփման գծում վերջին իրադարձությունների առնչությամբ, հորդորել կողմերին ապահովել հրադադարը և ռազմական գործողությունների կասեցումը՝ համաձայն 1994-ի մայիսին ստորագրված համաձայնագրի։ «Ես դատապարտում եմ բռնությունների ավելացումը, որոնց հետևանքը մարդկային կյանքերի կորուստն է, կոչ եմ անում կողմերին պատասխանատվություն հանդես բերել և խուսափել այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության հետագա աճի»,- հայտարարել է Դաչիչը։

Առաջին հայացքից ԵԱՀԿ գործող նախագահի խոսքը նահանջ է Մինսկի խմբի համանախագահների նոր դիրքերից, քանի որ Իվիցա Դաչիչը վերահաստատել է «կողմերին» դիմելու պարիտետը: Սակայննաևհավելելէ. «ԵԱՀԿ-ն շարունակում է կազմակերպել ուղղակի շփումները, բայց միայն կողմերն են,որ կարող են և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը»: Այս հավելումը, նկատի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, հրադադարի խախտման պատասխանատվությունը դնում է Բաքվի վրա:

Ինչպե՞ս է Էլմար Մամեդյարովը պաշտպանել Ադրբեջանի քաղաքականությունը, հայտնի չէ: Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Մամեդյարովը չի էլ պաշտպանել, նա ընդամենը կրկնել է բազմիցս ասվածը. «Առաջին հերթին Հայաստանը պետք է դուրս բերի զինված ուժերը Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Այսինքն՝ նոր ոչինչ չի ասվել, եթե հակամարտության կարգավորման գործընթացից դուրս դիտենք Ստեփանակերտում դատված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու նրա բարձրացրած հարցը: Ինչո՞ւ Մամեդյարովը չի ընդվզել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ օր առաջ արած հայտարարությունների դեմ, առ այն, որ «մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն: Մինչև վերջերս մեր ձեռնարկած պատասխան գործողությունները եղել են սիմետրիկ իրենց ձևով և ասիմետրիկ՝ ավելի մեծ կորուստներ հասցնելու առումով: Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»: Կրակովյան հանդիպումը հիանալի առիթ էր հակադարձելու, թե Հայաստանն է իրական ագրեսորը, որ նախագահի մակարդակով հայտարարում է, որ… Բայց Մամեդյարովը չի օգտագործել առիթը, իսկ եթե օգտագործել է, այդ մասին լռություն է:

Հայկական բանակի հակահարվածները, ՀՀ նախագահի հայտարարությունները ոմանք համարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պարիտետային վերաբերմունքի փոփոխության պատճառ: Գուցե: Բայց դա պատճառներից մեկն է:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չհապաղեց արձագանքել: Նա բանակցային գործընթացում հաջողությունների նախապայման անվանեց վստահության մեխանիզմների ձևավորումը, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում՝ հրադադարի պայմանագրի կատարմամբ:

«Հրադադարի պայմանագիրը պարունակում է բոլոր տիպի կրակոցների դադարեցում, դիպուկահարների հետքաշում սահմանից, դիվերսիոն-հետախուզական գործողությունների դադարեցում, հրադադարի պայմանագրի խախտման դեպքում հետաքննական մեխանիզմների ձևավորում»,- ասաց նախարարը: Հրադադարի պայմանագրի խախտման դեպքում հետաքննական մեխանիզմների ձևավորման նրա առաջարկը հազիվ թե հնչի՝ առանց նախապես այդ մեխանիզմների ստեղծման հավանականությունը պարզելու: «Հետաքննական մեխանիզմների ձևավորումն է, որ հստակ կորոշի, թե որ կողմն է խախտում իրականացրել»՝ պնդել է Սեյրան Օհանյանը՝ համոզված, որ հակառակ դեպքում կշարունակվեն երկու կողմերին ուղղված հորդորները: Այդ մեխանիզմների ստեղծման համաձայնությունը և նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կարող է լինել այն զսպող գործոնը, որն Ադրբեջանը այլևս չի կարող շրջանցել:

Բաքուն լավ հասկանում է, որ պատերազմի սպառնալիքների ամենօրյա հայտարարությունները, «օկուպացված տարածքների» ու փախստականների վերադարձի պահանջները վաղուց կրակված փամփուշտներ են, եթե, Թուրքիայից բացի, ոչ ոք այդ տեսակետները պատրաստ չէ գործով պաշտպանել: Անկարան էլ կարող է վերապահումներ անել, եթե խոսքից գործի անցնելու պահը գա: ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ Մինսկի խումբը պահպանելու և հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը բացառելու վճռականությունը Բաքուն կարող է վիճարկել, բայց չընդունել։ Եթե հաշվի առնենք, որ Սեյրան Օհանյանն ունի և Հայաստանում նախագահական իշխանության իրավահաջորդ դառալու շանսեր, արդեն դժվար է ասել՝ իրադարձությունները Հայաստանի արտաքի՞ն, թե՞ ներքաղաքական կյանքին են վերաբերում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ամենահեշտը ասելն է՝ «Ժամանակը ցույց կտա»: Բայց ժամանակը միայն ցույց է տալիս, իսկ հասկանալը, գնահատելն ու եզրակացություններ անելը ժամանակի գործը չէ: Եթե մեր գործը ժամանակին ապավինելն է, ժամանակի ոչ մի ցույց տված կամ չտված նշանակություն չունի:

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ