Մինչ Ադրբեջանը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում պաշտպանում է իր նավթագազային շահերը նախագահի մակարդակով, Հայաստանը արտաքին գործերի նախարարի մակարդակով փորձել է պաշտպանել իր շահերը ԼՂՀ հակամարտության մասով: Նախապես Էդվարդ Նալբանդյանը ամրագրել էր իր դիրքերը՝ հրապարակելով «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» ընդարձակ հոդվածը Փարիզում լույս տեսնող ՛՛Politique Internationale՛՛ հանդեսում, բայց ակնհայտորեն Մյունխենում չեն կարդում այն, ինչ տպագրվում է Փարիզում:
Փետրվարի 6-ին Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի, Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովի, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ: Փետրվարի 7-ին՝ Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսի, Նորվեգիայի արտգործնախարար Բորգե Բրենդեի, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիի, Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ ու քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նրանք անհանգստություն են հայտնել՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ և ընդգծել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Նույն օրը Էդվարդ Նալբայդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով իրենց անհանգստությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` ներառյալ քաղաքացիական տարածքներում, միջադեպերի աճի վերաբերյալ: Նախարարի հետ նրանք քննարկել են միջադեպերի նվազեցման միջոցառումները՝ քայլերը, որոնք կկանխեն նոյեմբերի 12-ին ուղղաթիռի խոցման միջադեպերի կրկնությունը: Համանախագահները նորից են կրկնել, որ կողմերի միջև լարվածությունն ու բռնությունը ընդգծում են հնարավորինս շուտ տևական խաղաղության հասնելու համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը և նախարարին առաջարկել են ավելի մեծ ճկունություն ցուցաբերել բանակցություններ սկսելու հարցում:
Ինչու՞ Մյունխենում գտնվող համանախագահները չեն հանդիպել Ադրբեջանի նախագահին՝ անիմա՞ստ էր նրան ճկունություն ցուցաբերելու կոչ անել, թե՞ այդ կոչը պատասխանն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած նոր մարտավարության, որ Հայաստանին է վերապահում ոչ միայն պատասխան, այլև կանխարգելիչ հարվածի իրավունքը: Համենայն դեպս հայտարարությունից մեկ օր անց նրանք Կրակովում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո առաջին անգամ խախտել էին պարիտետը ու լարվածության մեղավոր համարելով Բաքվին՝ կրկնել էին, որ հարցի կարգավորման միակ ձևաչափը Մինսկի խումբն է:
Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը և գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ու իրենց անհանգստությունն են հայտնել շփման գծում ստեղծված իրավիճակից: "Մենք բոլորս համաձայն ենք, որ ռազմական վիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին վատացել է, որը վտանգում է տարածաշրջանի կայունությունը և խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնալիքներ է ստեղծում: Անջեյ Կասպրչիկի դիտարկման հաշվետվության մեջ նշվում է, որ 2015-ի հունվարին եղել է 12 զոհ և 18 վիրավոր, որ ամենաբարձր թիվն է 1994-ի հրադադարի կնքումից հետո: 2014-ից հետո, երբ մոտ 60 մարդ զոհվեց, մենք անհանգստացած ենք, որ բռնության տագնապալից միտումները շարունակվում են"՝ հայտարարել են նրանք՝ կրկնելով, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և կողմերը պետք է դադարեցնեն ուժի կիրառումը: ՄԽ համանախագահներ + ԵԱՀԿ նախագահ և գլխավոր քարտուղար ձևաչափով հայտարարության մեջ ասված է նաև. "Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել ներխուժումներն ու հարձակումները, դադարեցնել գյուղերի խաղաղ բնակիչների վրա կրակոցները, դադարեցնել բռնությունների սպառնալիքներն ու ասիմետրիկ ուժի կիրառումը, լրացուցիչ ջանքեր ձեռնարկել լարումը նվազեցնելու ու հրադադարի ռեժիմը ամրապնդելու համար: Մենք անթույլատրելի ենք համարում, որ անվտանգության երաշխիքները ամբողջությամբ չեն պահպանվում զինավարժությունների ժամանակ և ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ": Հիշեցնելով հումանիտար հարցերի կարգավորման Բազելի 2014-ի դեկտեմբերի համաձայնությունը, նրանք անդրադարձել են սպանվածների դիակների վերադարձի անհրաժեշտությանը և պատրաստակամություն են հայտնել գործընթացը, որ տարածաշրջանի համար մեծ պրոբլեմ է, խաղաղ կարգավորմամբ ավարտելուն, հորդորել են կողմերին քաղաքական կամք դրսևորել ու սկսել խաղաղ կարգավորման գործընթացն առանց վերապահումների ու անհապաղ:
Դառնալու՞ է Մյունխենը հակամարտության հաղթահարման գործընթացում հանգուցային կետ, թե՞ հերթական հայտարարություններն են հնչում ու հերթական կոչերը կողմերին ՛՛անհապաղի՛՛ ու ՛՛առանց վերապահումների՛՛ մասին: Կոչերը՝ կոչեր, պատրա՞ստ են կողմերը նոր հանդիպման, տեսնու՞մ են օրակարգ այդ հանդիպման համար: Այս ընթացքով՝ հազիվ թե, քանի դեռ համանախագահներն ու ԵԱՀԿ-ն հետևանքների վերացման են նախանձախնդիր, պատճառները խանգարելու են հաջողության հասնելուն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում հայտարարել է, որ ՌԴ-ԵՄ գործընկերությունը փորձությանը չդիմակայեց, որովհետև ԵՄ-ն նախընտրեց առճակատման ճանապարհը. «Վերջին մեկ տարվա իրադարձությունները հաստատում են մեր նախազգուշացումների իրավացիությունը՝ եվրոպական անվտանգությունն ունի համակարգային խնդիրներ»,- ասել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ եվրոպական անվտանգության համակարգը, որը հենված է ՄԱԿ-ի դրույթների և Հելսինկյան սկզբունքների հիման վրա, վաղուց փոխարինվել է ԱՄՆ-ով և իր դաշնակիցներով: Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է ապակառուցողականության մեջ` նշելով, որ ուկրաինական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ն այնպիսի քայլեր է նախաձեռնել, որոնք ավելի են խորացրել ճգնաժամը: «Յուրաքանչյուր բարդ իրավիճակում մեր ամերիկացի գործըներները փորձում են սլաքներն ուղղել դեպի Ռուսաստանը»,- ասել է Լավրովը: