ԲՀԿ-ի հրավիրած հայտնի խորհրդաժողովը իր բոլոր ելույթներով ու ուղերձներով այնքան արձագանքներ չունեցավ, ինչքան ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծը, որի հետևանքով նա հայտնվեց հիվանդանոցում և հարուցվեց քրեական գործ: Դա պատմության միայն սկիզբն է, շարունակությունը դարձավ ԲՀԿ-ի հայտարարությունը և «Մենք բոլորս Արտակ ենք» բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Արտակ Խաչատրյանի: Թեև ակցիան իրականում կապ չունի ոչ Արտակ Խաչատրյանին պաշտպանելու, ոչ էլ նրա հետ: Նրան հիմա պետք է բուժել, ոչ թե պաշտպանել: Մենք բոլորս Արտակ կլինենք, թե մեզնից ոմանք, այնուամենայնիվ, կգերադասեն մնալ՝ ինչ կան, Արտակ Խաչատրյանի համար մեկ է: Բայց մեկ չէ ԲՀԿ-ի համար: Այն դերը, ինչ չունեցավ խորհրդաժողովը, պիտի ունենա ծեծված Արտակը՝ սա էր ԲՀԿ-ի հայտարարության ենթատեքստը: Պարզ է, որ ՀՀԿ-ն չէր կարող այդ ամենին պատասխանել միայն դատապարտելով բռնությունն ու հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները իրական մեղավորներին կբացահայտեն։ Կամ՝ հորդորելով գործընկերներին խիստ էմոցիոնալ գնահատականներից զերծ մնալ, ինչպես արեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երբ նախկին արտաքին գործերի նախարարը հայտարարում է՝ «Սա պատերազմ է մարդկանց դեմ, ոչ թե կոնկրետ կուսակցության», իսկ Վարդան Օսկանյանն այն դիվանագետն է, որ 2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում հավատարմագրված դեսպաններին բացատրում էր, որ ժողովրդավարությունը Հայաստանում վտանգված չէ ու հիմնավորում էր արտակարգ իրավիճակ մտցնելը, երբ ԲՀԿ նախագահը շարունակում է լռել ու իր խոսքը չի ասում, կուսակցության հայտարարությունն է դառնում նրա տեսակետը, որին արդեն ՀՀԿ-ն չպատասխանել չի կարող շատ ավելի առարկայական ու անվանական: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ ոչ միայն «Շրջանառության հարկի մասին» օրենքի ու այդ օրենքի ոդիսականի պատասխանատվությունն է ստանձնել, այլև հայտնվել է «Կասեցում» շարժման թիրախում, հարկադրված էր ասել.
«Նախ մեր կուսակցությունը խստորեն դատապարտել է կատարված բռնությունը: Մենք դատապարտել ու դատապարտելու ենք հարցերը բռունցքով լուծելու ցանկացած փորձ: Սա միանշանակ է, և սրա վերաբերյալ ցանկացած շահարկում անձամբ ես համարում եմ քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ որ այն արվի:
Սա` մեկ: Երկրորդ՝ մենք ակնկալում ենք իրավապահների արդյունավետ ու համակողմանի աշխատանք: Ով էլ լինի միջադեպի պատվիրատուն կամ կազմակերպիչը, պետք է բացահայտվի և պատասխան տա օրենքի առաջ:
Երրորդ՝ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»: Եթե առաջին երկու դրույթներն ինքնին հասկանալի ու սպասելի էին, երրորդը հիմնական մեսիջն է, որ Հովիկ Աբրահամյանն ուղղել է Գագիկ Ծառուկյանին: Հենց սա է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների X պահը, որ հանգամանքների բերումով բարձրաձայնեցին Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության վիճահարույց հայտարարությամբ և Հովիկ Աբրահամյանը իր հարկադրական պատասխանով: X պահի ամբողջ հմայքն այն է, որ Հովիկ Աբրահամյանի ոչ պակաս էմոցիոնալ խոսքը չի կոնկրետանում ԲՀԿ-ի վերջին հայտարարության վրա և կարող է ամբողջովին վերագրվել ԲՀԿ խորհրդաժողովում հնչած հայտարարություններին ու տեսակետներին՝ որպես «իր քաղաքական կառույցից դուրս եկող»: Իսկ եթե ԲՀԿ-ն Վարդան Օսկանյանի շուրթերով կարծում է, որ պատերազմ է սկսված, ՀՀԿ-ն չի կարող վայր գցել իրեն նետված ձեռնոցը, թեև հենց իրեն են անվանում պատերազմ հրահրող: Հասունացած հակասություններին ընդամենը պատրվակ է պետք՝ փոխհարաբերությունները այլ հարթության մեջ պարզելու համար: Իսկ հարթությունը մեկն է՝ սկսվելու է հաշվապահությունը, կողմերը հիմա հաշվելու են, թե քանի «Արտակ» որ կողմում կա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այնուամենյանիվ, կա նաև ավետիս՝ աշխարհի վերջը դեռ չի եկել: ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը պայմանավորվել են փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնել՝ «Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով»։ Ամբողջ վեց օր ՀՀԿ-ն ունի՝ որոշելու, թե իր կողմից ո՞վ է պատերազմողն ու ո՞ւմ վրա է էմոցիոնալ ու ոչ էմոցիոնալ քաղաքական պատասխանատվությունը:
Իսկ մինչև ապրիլի 24-ը դեռ կա 73 օր: