ԲՀԿ-ն որերորդ օրն արդեն կրկնում է՝ բոլոր հարցերի պատասխանը համագումարից հետո: Իրականում՝ համագումարն է գումարվում բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո: Վերջին անգամ Իսակովի պողոտայում (իսկ առաջ համագումարները որտե՞ղ էին գումարվում ու ինչպե՞ս՝ հիշո՞ւմ եք՝ կարմիր գորգով, ծափերի տարափով, փուչիկներով… Հիմա ո՞ւմ փուչիկները պայթեցին՝ ՀՀԿ-ի, թե՞ ԲՀԿ-ի) կուսակցության անդամների հետ ոչ թե կքննարկվի ինչ անել ու ինչպես անել ստեղծված վիճակում, այլ համագումարի պատվիրակներին կներկայացվի վճիռ, համարյա՝ դատավճիռ: ՈՒ այլևս երբեք չի լինի ԲՀԿ-ն՝ ինչպես կար: Իսկ կա՞ր: Ոմանք հեռացան: Այդպես է, գործարարները, որ հրահանգով մտնում են որևէ կուսակցություն, հրահանգով էլ հեռանում են: Նրանց պետք է քաղաքական տանիք, իշխանական: Միմիայն իշխանական: ՈՒ՝ գործարարներն իրենց թափորով կուսակցությունից կուսակցություն կգնան այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունները կուսակցություն չեն դարձել, այլ հավաքատեղի են, որտեղ լուծվում են աշխատանքի տեղավորման ու բիզնեսի պահպանման հարցեր: Կհեռանան նաև գաղափարականները: Առայժմ միայն Վարդան Օսկանյանի դեմքով: ՈՒրիշ «գաղափարական» գրեթե չկար էլ: Իսկ Վարդան Օսկանյանը անգործ չի մնա մանդատը դնելուց հետո: Նա նոր կուսակցություն կունենա: Ռոբերտ Քոչարյանը չփորձեց պահպանել իր հոգեզավակին, որ արդեն սպառել էր քաղաքական կապիտալը և առանց Գագիկ Ծառուկյանի համարյա նույնն էր լինելու, ինչ քաղաքական դաշտի մարդ-կուսակցությունները, որոնց նախագահները ընտրություններից առաջ ի հայտ են գալիս քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծելու համար: Բայց դա չի նշանակում, որ նրան կուսակցություն պետք չէ: Ռոբերտ Քոչարյանը մինչև ընտրություններ ունի բավարար ժամանակ նոր կուսակցություն ստեղծելու ու քաղաքական ասպարեզ մտցնելու ճիշտ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Մնացածը ևս տեխնիկայի հարց է, քաղաքական պայմանավորվածությունները որոշում են ԿԸՀ-ի վերջնական տվյալները: Իսկ ԲՀԿ-ն կհանձնվի ՀՀԿ-ի խնամքին ու հոգածությանը, ի վերջո վարչապետին էլ է քաղաքական ուժ պետք, սեփականը: Սեփական նպատակների համար: ՀՀԿ-ն նախագահինն է ու ՀՀԿ-ով հնարավոր չէ սեփական խաղ խաղալ՝ վտանգավոր է: Ներսուդրսի գործընթացներից հետո կպարզվի, որ կուսակցությունն այնքան էլ չի տուժել: Ոչ միայն խմբակցությունը, այլև՝ կառույցները: Պատգամավորները կստանան իրենց հավելավճարը, շարքայիններն՝ իրենց: Ավելին՝ նույնիսկ խնդրի փոփոխություն չի լինի, իշխանափոխությունը կմնա օրակարգում: Կփոխվեն ժամկետները, ձևերը, գուցե՝ մոդելը: Սահմանադրական բարեփոխումներին կողմ կամ դեմ լինելը այլևս ԲՀԿ-ի համար չի կարող խնդիր լինել: Նոր ԲՀԿ-ն կունենա նոր ու արդիական պատասխաններ՝ քաղաքական օրակարգի հարցերին: Չեն փոխվի անգամ դրսի տերերը: ՈՒ հենց նրանց թելադրանքով՝ նրանք, ովքեր նախորդ նախագահի մեջ տեսնում են հաջորդին, կմիանան Վարդան Օսկանյանին: Քաղաքական դաշտի վերադասավորում չի լինի, բոլորն էլ կմնան իրենց տեղերում, ընդամենը հանդես կգան սեփական իրական անուններով: Չկա չարիք՝ առանց բարիքի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիմա արդեն նոր ԲՀԿ-ականները ԱԺ այգում կդիմավորեն Նաիրա Զոհրաբյանին, իսկ նա չի շարունակի նախորդի ավանդույթները և չի բացակայի նիստերից, Տիգրան ՈՒրիխանյանն էլ հարկադրված չի լինի պատասխանել թարս ու շիտակ հարցերի՝ նոր նախագահին հին խոսնակներ պետք չեն: Իսկ Գագիկ Ծառուկյա՞նը: Բայց ՀՀԿ-ն հո չի՞ կարող փակել Միջազգային օլիմպիական կոմիտեն: Համենայն դեպս՝ Հայաստանի: Այնպես որ Ծառուկյանը նախագահ կմնա: Բայց «Կենտրոնը» այլևս չի լուսաբանի նրա առօրյան: Պետք էր, չէ՞, ՀՀԿ-ին սեփական հեռուստաընկերություն, երբ բոլորն ունեն, իսկ Հանրայինը հանրությանն է: ՈՒ մեկ էլ ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակը կտեղափոխվի Իսակովի պողոտայից՝ ո՞վ լինի՝ հանդուրժի, որ իր գործարանին կպած կուսակցական գրասենյակ լինի: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ Երևանի քաղաքական մայրաքաղաքը Մելիք-Ադամյանն է: Այնքան քաղաքական փողոցներ կան Երևանում: