ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ամեն ինչ արե´ք աչքերի փայլով

Ամեն ինչ արե´ք աչքերի փայլով
10.03.2015 | 12:55

«Ականջդ բեր ասեմ» խորագրով հոգեբանական անդրանիկ հանդիպումը մեկնարկել է մարտի 6-ին սփյուռքահայ, ջավախքցի և տեղացի երիտասարդների ու ուսանողների համար։ Այն կազմակերպել էր «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հետ համատեղ։
Ըստ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի ղեկավար Աշխեն Մկոյանի` ծրագրի նպատակն է երիտասարդներին փոխանցել փորձ` կյանքում արդեն հստակ հաջողությունների հասած մարդկանց օգնությամբ։
-Մենք փորձելու ենք օգնել երիտասարդներին ինքնակատարելագործվելու և կյանքում իրենց հստակ տեղը գտնելու համար,- ասաց նա։
Աշխեն Մկոյանը նաև պարզաբանեց «Ականջդ բեր ասեմ» խորագրի ընտրությունը.
-Այն ընտրված է Պարույր Սևակի խոսքերից և բուն գաղափարը, որ դրել ենք ծրագրի հիմքում, լավ արտահայտվում է այս երեք բառով , այսինքն՝ ջերմ, բաց միջավայրում, հետաքրքիր, կարևոր, միգուցե նաև մի քիչ «գաղտնի» տեղեկություն։
Հանդիպման առաջին հյուրը Մարիամ Դիլբանդյանն էր, ով «Տեսնող ձեռքեր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն է։ «Տեսնող ձեռքեր» կազմակերպությունը, կարելի է ասել, սոցիալական բիզնեսի առաջին օրինակն է Հայաստանում, քանի որ տվյալ մերսման կենտրոնում կույրերն են մերսում տեսնող մարդկանց։
Հենց առաջին հյուրի ընտրությունն էլ պայամանավորված էր նրանով , որ Մարիամը դեռ երիտասարդ տարիքում կարողացել է հասնել նման հաջողության և երիտասարդներին փոխանցելու փորձ ունի։ Նա, ստեղծելով վերոնշյալ կազմակերպությունը, իրականացրել է սոցիալական մեծ ծրագիր և մյուս կողմից ստեղծել է սեփական բիզնես։
Հենց իր անցած ճանապարհի՝ մերսման կենտրոնի ստեղծման պատմությանը, դժվարությունների, անկումների, ձեռքբերումների, վերելքների մասին էլ երիտասարդներին պատմեց Մարիամը։ Նա հորդորեց երիտասարդներին ոչ մի դեպքում չընկճվել, հավատալ իրենց ուժերին, ունենալ մեծ գաղափարներ և ծրագրեր ու հավատալ դրանց հաջողություններին։
-Ինչ անում եք, «աչքերի փայլով» արեք, անպայման ունեցեք խանդավառություն, սիրեք ձեր սխալները, որովհետև դրանք են մեզ սովորեցնում, ու գնացեք առաջ։ Բոլոր հաջողակ մարդիկ արել են հազար ու մի սխալներ, բոլոր լավ լեզվաբանները ունեցել են վատ գնահատականներ, բոլոր լավ գործարարներն ունեցել են երկու-երեք մեծ ձախողումներ,-այսպես էր հորդորում Մարիամը մասնակից երիտասարդներին։
«Ականջդ բեր ասեմ» հանդիպումների շարքը լինելու է երկու շաբաթը մեկ պարբերականությամբ: Հյուրերը լինելու են տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց փորձով ու հմտություններով կիսվել երիտասարդների հետ։
Անուշիկ Ստամբոլցյան

Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ