Ապրիլի 16-ին ժամը 13.00-17.00-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում էր հարցերի՝ հիմնականում՝ տնտեսական, սոցիալական, առողջապահական, անձնական, նաև քաղաքական: Հարցերի թվով ՌԴ նախագահն ինքն իրեն գերազանցեց, բայց նրա ասուլիսներն ավելի բովանդակալից են, գուցե այն պատճառով, որ վերաբերում են բոլորին: Երեկ ուղիղ եթերում էին և՛ պատժամիջոցները, և՛ նավթի գնանկումը, և՛ սառը պատերազմը, և՛ ՈՒկրաինան: 2486 հազար հարց, որից 1 700 հազարը՝ հեռախոսազանգով, 400 հազարը՝ SMS-ով, պատասխանեց 74-ին: Տարին ամփոփելով՝ ՌԴ նախագահը առանձնացրեց Ղրիմի միացումը և աշխատանքը ծանր արտաքին քաղաքական պայմաններում, բայց նշեց, որ ռուբլու դիրքերն ամրապնդվում են, ֆոնդային շուկաները՝ աճում, ՀՆԱ-ն աճել է 0,6 տոկոսով: Հազիվ թե պատժամիջոցները հիմա հանեն՝ ասաց ՌԴ նախագահը, հավելելով, որ պատժամիջոցները զուտ քաղաքական ու ռազմավարական խնդիր են լուծում՝ զսպել Ռուսաստանի զարգացումը, և հայտարարեց, որ պատժամիջոցներից պետք է ոչ թե բողոքել, այլ օգտագործել դրանք, կարևորը՝ կան և՛ ռեսուրսներ, և՛ մարդկային կապիտալ: Ե՞րբ կկարգավորվեն Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք չենք փչացրել: Մենք կողմ ենք նորմալ հարաբերություններին և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ: Հարաբերությունների վերականգնման գլխավոր պայմանը՝ հարգանք Ռուսաստանի և նա շահերի նկատմամբ: Որոշ գերտերությունների, որ իրենց համարում են բացառիկ և ուժի միակ կենտրոնն աշխարհում, դաշնակիցներ պետք չեն, նրանց պետք են վասալներ: Ռուսաստանը հարաբերությունների այդ համակարգում չի կարող լինել: Դա պետք է հասկանան բոլորը: Մենք բաց ենք համագործակցության համար, որը երբեք չենք ընդհատել»,- ասաց ՌԴ նախագահը: Չորս ժամում որևէ անդրադարձ չեղավ Հարավային Կովկասին, ԵԱՏՄ-ին, Հայոց ցեղասպանությանը: Միայն մեկ անգամ Հայաստանը հիշատակվեց. «Մենք նորմալ հարաբերություններ ունենք Ղազախստանի, Բելառուսի, արդեն նաև Հայաստանի ու Ղրղզստանի հետ: Մենք չենք ուզում, որ այդ գործընթացը փլուզվի: Դա է գլխավորը, հիմնականը, ոչ թե հարևաններին սեփական ազդեցության դաշտում պահելը: Մենք չենք պատրաստվում կայսրությունը վերականգնել, չունենք այդ նպատակը, որի մեջ մեզ միշտ մեղադրում են: Մենք չունենք կայսերական ամբիցիաներ: Մենք ուզում ենք արժանապատիվ կյանք ապահովել, նաև այն ռուսների համար, ովքեր ապրում են երկրից դուրս, ԱՊՀ պետություններում»: Այսքանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. -ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարց ու պատասխանի մասին առավել ընդարձակ՝ հաջորդ համարում, կարևորը, ինչպես նա ասաց՝ Աստծո շնորհը ձվածեղի հետ չշփոթելն է, իսկ մնացածն ինքն իրեն կկարգավորվի: