Ապրիլի 23-24-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնում է Վրաստան: Այցի նպատակները չեն նշվում, բայց ժամկետները տարակույս են առաջացնում՝ ԵԱՏՄ անդամ Բելառուսի նախագահը տրամաբանորեն Երևան պիտի գար, ոչ թե Թբիլիսի մեկներ: Այդ օրերին Երևանում պիտի լինեն նաև Վրաստանի նախագահը կամ վարչապետը, բայց հազիվ թե գան: Հազիվ թե Հայաստան գա Ղազախստանի վարչապետը կամ նախագահը: Այս օրերին Նուրսուլթան Նազարբաևն ընդունում է Թուրքիայի նախագահին, ու դա բավական է Երևանի տեղը քարտեզի վրա կորցնելու համար: Աստանան նույնիսկ դեսպան չունի Հայաստանում՝ ինը տարի պաշտոնավարած Այիմդոս Բոզջիգիտովն արագ հետկանչվեց ու նշանակվեց Ղրղզստանի դեսպան, իսկ նոր դեսպան դեռ չկա:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ապրիլի 23-ին մասնակցելու է Բեռլինում հիշատակի պատարագին ու ելույթ է ունենալու, սպասվում է, որ իր ելույթում նախագահը հետևելու է Հռոմի պապի օրինակին՝ «ցեղասպանություն» է որակելու հայոց եղեռնը, իսկ հաջորդ օրը Բունդեսթագում բանաձև է ընդունվելու, որտեղ, իշխող կուսակցությունից բացի, մյուս քաղաքական ուժերը կողմ են «գենոցիդի»արձանագրմանը: Բայց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և նախագահ Յոահիմ Գաուկը մերժել են Թուրքիայի հրավերը՝ ապրիլի 24-ին մասնակցել Գալիպոլիի միջոցառումներին։ Նրանք երկուսն էլ տրամաբանորեն կարող էին և ավելի շատ հիմնավորումներ ու իրավունքներ ունեին այդ օրը լինել Ստամբուլում՝ իբրև Դարդանելի նեղուցների պատերազմում հաղթող կողմ: Թուրք-գերմանական բանակն է Առաջին աշխարհամարտի այդ ճակատամարտերում հաղթել: Եվ հաղթել է անգլիացիներին, ռուսներին ու ֆրանսիացիներին, մինչդեռ Մեծ Բրիտանիան Գալիպոլիի 100-ամյակին մասնակցելու է արքայազն Չառլզի, Ռուսաստանը Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի մակարդակով, և միայն Ֆրանսիան է, որ առաջին դեմքերի մակարդակով չի մասնակցի մի տոնակատարության, որտեղ իր բանակը պարտվել է: Ֆրանսուա Օլանդը կգա Երևան: Երևան կգա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանը փաստորեն ընտրեց և/և-ը, խաչաձևվող շահերի այդ օրը երկրի նախագահը կլինի Արաքսի այս ափին, խորհրդարանի նախագահը՝ այն ափին: ԱՄՆ-ն ընդհանրապես չի մասնակցի Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը՝ Առաջին աշխարհամարտում այդ ժամանակահատվածում ընդգրկված չլինելու հիմնավորմամբ: ՆԱՏՕ-ի դաշնակից ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա չի գնա: Փոխարենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արդեն Վաշինգտոնում է՝ համոզելու Բարաք Օբամային չանել այն, ինչ արեց Հռոմի պապը: Եվրախորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև և Թուրքիային հաշտեցումի կոչ արեց, Անկարան Էրդողանի մակարդակով ասաց՝ մի ականջիցս մտավ, մյուսից դուրս եկավ: Խաչմերուկում արագությունը սահմանափակված չէ, բայց երթևեկությունը պարբերաբար միակողմանի է դառնում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չեխիան, Չիլին, Սերբիան՝ վերջին երկրներն են, որ դատապարտել են ցեղասպանությունը: Բացահայտորեն մենք արդեն գործընթացի պասիվ կողմ ենք, արդեն համակարգերն են գործում՝ մեզ վերաբերող որոշումներ կայացնելով: Առայժմ՝ մեր անցյալին, բայց՝ որևէ ներկա չի կարող անցյալից չբխել: Համահայկական ալիքի վրա պասիվ կողմ լինելուց՝ ակտիվ կողմ դառնալու և անցյալից՝ ներկա վերադարձնելու խնդիրը պետք է արագ լուծել՝ ալիքն ինչպես բարձրացել է, այնպես էլ իջնելու է: Առաջին հայացքից անտրամաբանական խաչմերուկում արտահայտվում են տրամաբանական շահեր ու տրամաբանական իրավիճակ՝ աշխարհաքաղաքական կտրվածքով միմյանց կողմ ու միմյանց դեմ քայլերի տրամաբանությունը պրոյեկտվում է մեր խաչմերուկում: Հարցը արդեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շրջագծում չէ և միայն ցեղասպանությանը չի վերաբերում: Մենք պիտի անենք հաջորդ քայլը: Դեպի ո՞ւր: Մենք խաչմերուկից ո՞ւր ենք գնալու: Մենք կարող ենք կանգ առնել, բայց գործընթացը՝ ոչ: