Փաստորեն ոչ միայն Հայաստանին, Եվրոպային էլ իր անցյալը հանգիստ չի տալիս: Առաջին աշխարհամարտի տարելիցները չավարտված՝ երկրորդինն է սկսվում: Ի տարբերություն այլ տարիների՝ հոբելյանական տարում, պատերազմին մասնակցած տերությունների ղեկավարները չեն շտապում Մոսկվա՝ ոչ շքերթին ներկա լինելու, ոչ տոնակատարությանը մասնակցելու: Ռուսաստան-Արևմուտք հակասությունների համապատկերում՝ Կարմիր հրապարակում ռազմական շքերթը որակվում է Մոսկվայի ուժի ցուցադրություն, որին Եվրոպան չի ուզում ներկա գտնվել: Ավելին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակը համարվում է ընդհանրական՝ նվազեցնելով Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ի վճռական դերը: Եվրոպական «ժխտողականությունը» ավելի շատ ուղղված է ՌԴ ներկա քաղաքականությանը, քան պատմական անցյալի հզորությունը կասկածի տակ դնելուն: Պատմության «վերանայումը» Ռուսաստանի Դաշնության այսօրվա քաղաքականության գնահատականն է, որ գուցե պրագմատիկ է, բայց չի արդարացվում իր կողմնակալությամբ և պատմական իրադարձությունների ու փաստերի շրջանցմամբ կամ աղավաղմամբ: Օբյեկտիվորեն ԽՍՀՄ-ը հաղթեց Երկրորդ համաշխարհային պատերազմում, ճիշտ է՝ իր դաշնակիցների հետ, բայց պատերազմի հիմնական ծանրությունը տարավ և ամենաշատ զոհերը ԽՍՀՄ-ը տվեց: Այլ հարց է, թե հետո ինչպե՞ս տնօրինվեց այդ հաղթանակը և Պոտսդամում ինչպես վերաձևվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը, ինչպե՞ս ու ինչո՞ւ ստեղծվեց «սոցիալիստական ճամբարը», ի՞նչ դեր ունեցավ ԽՍՀՄ-ը Արևելյան Եվրոպայի ճակատագրում: Կամ՝ որքանո՞վ է Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ-ի իրավահաջորդը:
«Եվրոպայի ղեկավարները չունեն միասնական տեսակետ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարության վերաբերյալ»,- գրում է գերմանական Der Freitag-ը: Անգելա Մերկելը որոշել է ներկա չլինել Մոսկվայում հաղթանակի շքերթին, այլ զոհվածների հիշատակը հարգել պսակադրությամբ` մայիսի 10-ին: Սակայն դա քիչ է: Այդ «դոզավորված հարգանքը» արդար չէ պատերազմի զոհերի նկատմամբ և Մերկելի դիվանագիտությունը դարձնում է «ֆատալ»:
Տասը տարի առաջ մայիսի 9-ին Մոսկվայում հանդիպեցին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Այդ միասնականությունը ցուցադրական չէր՝ բոլորն էին ճիշտ համարում հարգանքի տուրք մատուցել ԽՍՀՄ-ի ու Ռուսաստանի պատմությանը՝ գրում է Der Freitag-ը, հիմա, երբ Արևմուտքն անդադար ընդլայնում է իր ազդեցության տարածքները, Մոսկվան հարկադրված է մշտապես հիշեցնել, որ իր շահերը ևս աշխարհում պիտի հաշվի առնվեն: Սառը պատերազմի ժամանակներում Արևմուտքում գերակայող ռեալիզմի տրամաբանությանը փոխարինել է «հետազգային լիբերալիզմը», որ հաճույքով մեծացնում է իր ազդեցությունը բոլոր պատեհ պահերին, այդ թվում՝ ռազմական ճանապարհով: Այդպես էր 1999-ին, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Հարավսլավիան: Այդ պայմաններում Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները 1990-ականներից նկատելիորեն վատացան: Համբերության բաժակը լցվեց, երբ սկսվեց ՈՒկրաինայի ճգաժամը և հեղաշրջում եղավ Կիևում՝ «Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ու Գերմանիայի քաղաքական ղեկավարությամբ»: Հիմա Ռուսաստանի ու Եվրամիության մեջ բաժանված Եվրոպայում չկա միասնական տեսակետ պատերազմի ավարտի 70-ամյակի տոնակատարության վերաբերյալ: Դեռ 2010-ին Արևմուտքը պախարակելի ոչինչ չէր գտնում Հաղթանակի տարելիցի առիթով շքերթում, իսկ Կարմիր հրապարակում ռուս զինվորների հետ քայլանցում էին և ամերիկացի, և բրիտանացի, և ֆրանսիացի զինվորականները՝ հիշեցնում է Der Freitag-ը:
Այսօր ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան հրաժարվել են շքերթի մասնակցել Մոսկվայում: ԵՄ-ից հանդիսություններին կմասնակցեն միայն Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Մոսկվա կգնան պաշտոնական պատվիրակություններ հիսուն երկրներից՝ Բրազիլիայից Հնդկաստան ու Հյուսիսիային Կորեա:
Անգելա Մերկելը մայիսի 10-ին Մոսկվայում պսակ կդնի ի հիշատակ զոհված սովետական զինվորների: Դա շատ քիչ է, եթե հաշվի առնենք, որ ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման պատճառով զոհվել է 27 միլիոն մարդ: Ռուսաստանի համար Մայիսի 9-ը միայն զինվորական շքերթ չէ, այդ օրը վետերանները հանդիպում են միմյանց: «Գուցե կանցլեր Անգելա Մերկելը հանդիպեր գոնե նրանց»՝ «Մերկելի ֆատալ դիվանագիտությունը իր դոզավորված հարգանքի տուրքով» արդար չէ 1941-1945 թթ. զոհերի առաջ: Ինչ տարաձայնություններ էլ ունենան ներկա պետությունները, բարբարոսության դեմ հաղթանակի 70-ամյակին նրանք մի հարցում համաձայն պիտի լինեին՝ չի կարելի պատմությունը վերածել քաղաքական գործիքի: Բայց հենց այդպես էլ վարվեց Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը սեպտեմբերին, երբ հայտարարեց. «Պատմությունը մեզ սովորեցնում է, որ տարածքային զիջումները սովորաբար միայն մեծացնում են ագրեսորի ախորժակը»: Նա փաստորեն համեմատեց Ռուսաստանը 1939-ի Գերմանիայի հետ, որը անթույլատրելի է: Նման համարձակ դիտարկումները վկայում են, որ Գերմանիան կարողացել է ազատագրվել իր անցյալի ծանրությունից հանուն նոր ինքնագիտակցության և վերացնել «վախը, որ պատմության կտավից կարելի է ուրիշների կամ սեփական պատանք ձևել»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Der Freitag-ը, թերևս, եվրոպական անաչառության դրսևորում է: Համենայն դեպս, շատ ավելի ազնիվ դիրքորոշում է ներկայացնում, քան նախկին ԽՍՀՄ երկրներից շատերը: Կիևում ընդհանրապես համարում են, որ օկուպանտները եղել են ռուսները: Մինսկում որոշել են սեփական շքերթ անցկացնել, Բելառուսի նախագահը ևս Մայիսի 9-ին Մոսկայում չի լինի: ՈՒ դեռ հայտնի չէ, թե նախկին ԽՍՀՄ-ից քանի՞ երկիր Մայիսի 9-ին Մոսկվայում կհարգի իր հաղթանակը: Իհարկե, անկախ պետությունները սեփական մայրաքաղաքներում կարող են այդ օրը տոնել, և դա պետք է ու ճիշտ է, բայց փաստացի անգամ ընդհանուր Հաղթանակի 70-ամյակը չի հավաքում նախկին կայսրության բեկորները: Թերևս նոր կայսրության մաս չդառնալու վախից: Պատմության կտավից պատանք ձևելը իրապես վտանգավոր է՝ հայտնի չէ՝ ում պետք կգա: