Կատալոնիան անկախության գործընթաց է սկսում: Եթե Շոտլանդիան հրաժարվեց անկախությունից ու նոր հանրաքվեի մասին է մտածում՝ մեկ տասնամյակ իր համար մտածելու ժամանակ թողնելով, Կատալոնիան Իսպանիայից հեռանալու կտրուկ փորձ արեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով: «Միասին՝ կողմ» կոալիցիան, որ խոստանում էր անջատման գործընթաց սկսել, ստացել է ձայների 48 տոկոսը՝ 62 մանդատ: Եթե հավելենք ևս 10 մանդատ, որ ստացել է գաղափարակից կուսակցությունը, կստացվի 72 մանդատ՝ 135-ից: Մեծամասնություն, որ նշանակում է Իսպանիայից անջատման գործընթացը կսկսվի: Ընտրողների մասնակցությունը ռեկորդային էր՝ 77 %, որ ամենաբարձր թիվն է 1980-ից: «Այլընտրանք չկա: Ամբարտակը ճեղքված է: Սկսում ենք աշխատել»՝ հայտարարել է հաղթած կոալիցիան: Խորհրդարանական ընտրությունները որոշում էին ոչ միայն խորհրդարանի նոր կազմը, այլև՝ Կատալոնիայի ճակատագիրը: «Միասին՝ կողմ» կոալիցիայի հաղթանակից հետո կառավարությունը նորից կգլխավորի Արթուր Մասը: Նա բազմիցս հայտարարել է, որ Կատալոնիան Մադրիդի հետ ընդհանուր ճանապարհ չունի:
Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ շրջանն է: Ինքնավարությունը թագավորությանը վճարում է ամենաբարձր հարկերը և դժգոհ է, որ բաշխումը կատարվում է նաև աղքատ նահանգների վրա: Հիմա ավելացել է Մերձավոր Արևելքից ու Աֆրիկայից միգրանտների խնդիրը: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը համաձայնել է ընդունել 2700 փախստականի և 2000- ին տեղավորել Բարսելոնայում:
Շատերին մտահոգում է «Բարսելոնա» ֆուտբոլային թիմի ճակատագիրը՝ Կատալոնիայի այցեքարտը դարձած թիմը՝ դարավոր ավանդույթներով, անկախացումից հետո կդառնա արտասահմանյան ակումբ և չի կարող մասնակցել Իսպանիայի առաջնությանը: Թիմի մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ անկախության կողմնակից է, անկախության կողմնակից է և նախկին մարզիչը՝ Խոսեպ Գվարդիոլան: Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն մեկ շաբաթից:
Միգրանտները քիչ էին Եվրամիությանը, հիմա էլ Կատալոնիան է ուզում անջատվել Իսպանիայից, Մադրիդը, իհարկե, իրավական բոլոր ճանապարհներով արգելակելու է երկրի մասնատումը: Եթե շոտլանդացիներին կանխեց Եվրամիությունից դուրս մնալու հեռանկարը, ի՞նչ է սպասվում Կատալոնիային, եթե Բարսելոնան հասնի անկախության Մադրիդից: Բրյուսելը, իհարկե, չի ցանկանա կորցնել «նոր պետությունը», բայց Կատալոնիա անկախ պետության անդամակցումը ԵՄ-ին, ուժեղացնելու է կենտրոնախույս ձգտումները ամբողջ միությունում: Անջատողական տրամադրություններ կան Բելգիայում, Իտալիայում ու նույնիսկ Գերմանիայում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Որևէ կատալոնացու մտքով անցնո՞ւմ է, որ Մադրիդը հաուբիցներից կրակ է բացելու ու «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար պատերազմ է սկսելու: Հաստատ՝ ոչ: Հաստատ Մադրիդն էլ չի մտածում Բարսելոնայի հետ հարցերը այդկերպ լուծելու անգամ հնարավորության մասին: Ահա թե ինչ է նշանակում աշխարհագրություն՝ Եվրոպան ա՞յդ պատճառով չի ընկալում Լեռնային Ղարաբաղի հարցը ու չի կողմնորոշվում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներից որի՞ն գերակայություն տալ, երբ ինքն է սահմանել նաև հանրաքվեի ու ընտրության մեխանիզմները: Թե՞ խաղի կանոնները փոխվում են ըստ տարածքների: Եվրոպան այլ է, Հարավային Կովկասն այլ է, Մերձավոր Արևելքն այլ է, Աֆրիկան այլ է, ու՝ այդպես: