Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Քննարկում «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով

Քննարկում «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով
25.11.2015 | 15:47

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի է ունեցել «Գրաբարի կարևորությունն այսօր և դասավանդման արդի խնդիրները դպրոցում» խորագրով քննարկում, որին մասնակցել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառումը կայացել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ: Արմեն Աշոտյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Արարատյան Հայրապետական թեմը կրկին համախմբել է բոլորին` գրաբարի կարևորությանը վերաբերող ծրագրի քննարկմանը մասնակցելու համար: «Պետք է շեշտել, որ անկախ այն վարչական աջակցությունից, որ ցուցաբերել է ԿԳՆ-ն և ընթացիկ ծրագրի իրակացմանը, և մինչև այդ գրաբարը դիտարկելով որպես արտոնված դպրոցական առարկա, այս ամենը կմնար պարզապես վարչարարություն, եթե չլիներ Հայ առաքելական եկեղեցին: ԿԳՆ-ն հաճախ է համագործակցում եկեղեցու հետ` որպես մեր կրթական նախագծերի հենարան և ինչու չէ, որպես կառույց, որտեղից մեզ ենք վերադարձնում ազգային գանձարանի այս կամ այն մարգարիտը: Իրականում գրաբարը հնարավոր է վերադարձնել հանրակրթական համակարգ` բացառապես եկեղեցու աջակցությամբ»,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով հատկապես Արարատյան Հայրապետական թեմին և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին` ծրագրին ի սկզբանե աջակցելու համար: «Իհարկե, խոսել այն մասին, որ ծրագիրը պետք է դառնա պարտադիր բոլոր դպրոցներում, դեռևս վաղ է, որովհետև երկարամյա ծրագրերով և աշխատանքով պետք է նախապատրաստենք այդ կարևոր որոշման կայացումը: Դեռևս այդ որոշումը չի երևում, քանի որ ծրագրի հաջող ընթացքի համար միայն քաղաքական որոշումները և հոգևոր աջակցությունը քիչ են: Պետք է նաև ստեղծել մասնագիտական հմտություններով օժտված մանկավարժների շերտ, ուսումնական բովանդակություն, կրթական ծրագիր: Այն ամենը, ինչ արվում է հրաշալի է, բայց դա ավելի շատ լրացուցիչ, արտադասարանային կրթության ձևերի մեջ է մտնում, այլ ոչ թե դասական առարկայի: Հետևաբար, պետք է նպատակ դնենք` մի գեղեցիկ օր անցնել ծրագրի իրականացմանը բոլոր դպրոցներում, սակայն դրան հասնելու համար կուտակենք համապատասխան ներուժ: Վստահ եմ, որ նման որոշմանը կհաջորդի քննադատությունը, որի հիմնական պարզունակ բանաձևը հետևյալն է` 21-րդ դարում, երբ տեխնոլոգիական կրթությունը դառնում է կարևոր, երբ գիտությունն առհասարակ դառնում է գերակա` հասարակության տնտեսական զարգացման համար, ինչ ժամանակն է` վերադառնալ հետ, գնալ մի ծրագրի հետևից, որի հիմքում տնտեսական հետևանքներ չկան: Այս քննադատությունը, սակայն, զուրկ է հիմքերից, քանի որ հայկական դպրոցի գոյությունը ոչ միայն գիտելիքի ստեղծումն է: Իհարկե, պետք է ունենալ ժամանակակից դպրոց, սակայն այն պետք է ունենա նաև հստակ ընդգծված ազգային բաղադրիչ, դաստիարակության հավելյալ արժեք, իսկ դա հնարավոր է ստանալ բացառապես հումանիտար, մասնավորապես, հայագիտական առարկաների միջոցով, որոնց ցանկում է Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, և հույս ունենանք` մի օր կլինի նաև գրաբարը: Առհասարակ, շատ կարևոր է ունենալ տվյալ գաղափարով ոգևորված մարդկանց խումբ, ովքեր դառնում են գործի փոքրիկ, բայց կարևոր առաքյալները: Ուստի, շնորհակալ եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր կարողանում են վերադարձնել մեզ այն, որն իրականում մերն էր, պարզապես վերագնահատման կարիք ուներ»,-նշել է Արմեն Աշոտյանը:

«Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է` նոր սերնդի մոտ արթնացնել հետաքրքրություն գրաբարի նկատմամբ և խթանել դրա ուսուցումը: Քննարկման ընթացքում ամփոփվել են «Գրաբարյան օրեր» ծրագրի մեկամյա աշխատանքները, հնչել են մասնագետների ու կրթության պատասխանատուների կարծիքներն ու տեսակետները՝ գրաբարի կարևորությանն ուղղված ծրագրի շարունակության համար:
Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմի «Գրաբարյան օրեր» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցներում թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում: Բավականին շատ արձագանքներ են եղել նաև ուսանողների շրջանում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի մեկնարկած «Գրաբարյան օրեր» ծրագրով Երևանի մի շարք դպրոցներում իրականացվել են գրաբարի ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր: Ծրագրի շրջանակում կազմակերպված՝ գրաբարի առաջին օլիմպիադային մասնակցել էր շուրջ 90 պատանի՝ ՀՀ դպրոցներից:

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ