Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գուցե մե՞նք ենք այսօր ծառից ծառ թռչկոտում

Գուցե մե՞նք ենք այսօր ծառից ծառ թռչկոտում
08.07.2016 | 00:31

«Երբ հայերը քրիստոնյա էին, ռուսները ծառից ծառ էին թռչկոտում»: Եթե այս հնամաշ, կեղծ նացիոնալիստական ինքնասփոփիչ արտահայտությունը հռչակեր թերի միջնակարգ կրթությամբ սնոտիապաշտ մի անձ, կարելի էր ներողամիտ լինել նրա նկատմամբ: Բայց երբ դա մամլո ասուլիսում ի լուր համաշխարհային առաջադեմ հասարակայնության հայտարարում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Բագրատ Ասատրյանը…


Ռուսներն առանձնապես չեն արձագանքում Հայաստանում բռնկած հակառուսական հիստերիային: Առաջինն էիք ելել խորհրդային կայսրության դեմ, հիմա ապրեք ինչպես կարող եք. մոտավորապես այսպիսին է ոչ պաշտոնական վերաբերմունքը: Բայց Ասատրյանի՝ իրեն չսազող էժանագին ասույթը իրոք վրդովմունք առաջացրեց Մոսկվայում: Ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությունը նրան հայտարարեց անցանկալի անձ: Հայաստանի ԿԲ-ի նախկին ղեկավարի պրիմիտիվ, սադրիչ, աղաղակող և, վերջին հաշվով, անգրագետ հայտարարությունները սպառնալիք են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև (ուշադրություն դարձրեք) Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայ համայնքի անվտանգության համար. սա «Ռեգնումի» հետևություններից մեկն է: Նաև հիշեցնենք, որ նշյալ մամլո ասուլիսում Ասատրյանը Ռուսաստանը համարել է հետամնաց, կիսաարևելյան երկիր: Հայերս եվրոպացիներ ենք, և պիտի ձգտենք դեպի իսկական քրիստոնեական արժեքների վրա կառուցված Եվրոպա՝ ոգեկոչել է նա:


Պարոն Ասատրյան, եթե Ռուսաստանը հետամնաց երկիր է, ապա ինչպիսի՞ն է մեր այսօրվա Հայաստանը: Ինչի՞ համար են այդ անհամ «պատմական» էքսկուրսները։ Գուցե մե՞նք ենք այսօր ծառից ծառ թռչկոտում միջուկային գերտերության խրոխտ հայացքի առաջ: Ինչի՞ է վերածվել երբեմնի ինդուստրիալ, բարգավաճ Խորհրդային Հայաստանը անկախության տարիներին, որի կառուցողներից մեկն էլ, ինչքան հասկացանք, Դուք եք եղել: Ինչո՞ւ մենք այսքան ագրեսիվ ենք օտարի նկատմամբ և նույնքան սուբյեկտիվ՝ մեր սեփական անկատարությունների հանդեպ: Ի՞նչ է մնացել 4,5-միլիոնանոց Հայաստանից, կենսագործունեության ո՜ր բնագավառում ենք առաջընթաց ապրել: Որպես բանկիր՝ Ձեզ չե՞ն հուզում հայաստանցիների բանկային կապանքները, հատկապես՝ գյուղացիների: Շահել ենք Ղարաբաղը, բայց պետք չէ կույր ձևանալ չնկատելու համար, որ իրապես կորցնում ենք Հայաստանը: Եթե այդքան անհաջող պետություն է Ռուսաստանը, ինչո՞ւ է այնտեղ ավելի շատ հայություն ապրում, քան հայրենիքում, և երկրի մարման այդ գործընթացը, նաև դեպի ռուսաց երկիր արտագաղթի տեսքով, շարունակվում է: Այս ամենը չի ասվում ի պաշտպանություն Ռուսաստանի: Եթե կողք կողքի դնենք Հայաստանն ու Ռուսաստանը, ապա պարզ կդառնա, որ վերջինս կարիք չունի պաշտպանության:


Առհասարակ, ապշեցնում է նման հակառուսական կեցվածքի սնանկությունն այն իմաստով, որ հայաստանյան բոլոր բացերը արդարացվում են «դավաճան», «հետամնաց» ու «վայրենի» Ռուսաստանով: Ո՜վ ասես մեղքի բաժին չունի՝ Պուտինը, Մեդվեդևը, Լավրովը, Ռոգոզինը և չգիտես էլ ով: Պարոն Ասատրյան, անկախ Հայաստանն ունեցել է երեք նախագահ, և ինչու չենք ուզում ընդունել, որ մեր երկրի ներկայիս ողորմելի վիճակը առաջին հերթին նրանց ապաշնորհ գործունեության հետևանքն է: Ինչո՞ւ քննադատության սայրը առաջին հերթին ուղղվում է օտարների դեմ:


Զավեշտական են Ձեր հավաստիացումները ժամանակակից Եվրոպայի «իսկական քրիստոնեական արժեքների» մասին: Որո՞նք են այդ արժեքները՝ ավանդական ընտանիքի վերացո՞ւմը, միասեռականության քարոզչությո՞ւնը, մանկապղծությո՞ւնը, տղամարդ հասկացության վերացո՞ւմը, եկեղեցիների վերածումը մզկիթների՞, ոչխարային հանդուրժողականությո՞ւնը իսլամական ծայրահեղականության նկատմամբ բուն Եվրոպայում: Խեղճ Քրիստոսը երևի հարություն չառներ, եթե իմանար, որ տղամարդու և կնոջ փոխարեն Եվրոպայում 6 թե 7 նորահայտ սեռ են ճանաչելու, որ որոշ «քրիստոնեական» եվրոպական երկրներում քննարկում են քրոջ և եղբոր, մոր և որդու, հոր և աղջկա ամուսնության հարցերը:
Պարոն Ասատրյան, Դուք բանկիր եք, ֆինանսիստ, գուցե իմաստ ունենար ոչ թե ռուսներին ծառից ծառ թռցնելու, այլ որպես մասնագետ խորագիտակ վերլուծությա՞ն ենթարկել Հայաստանի «քրիստոնյա» կառավարության անկարողությունները, բացահայտել դրանք:

Եվ հետո, թվում է, Հայաստանում այսօր առավոտից երեկո պիտի խոսեն ոչ այնքան ցեղասպանության մասին, որքան երկիրը կործանող սպիտակ ջարդի մասին: Փորձեք վերծանել այդ ողբերգության հիմքերը, որոնք գերազանցապես ներհայաստանյան բնույթի են և կապ չունեն Ռուսաստանի հետ:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ