Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իմիտացիան և հերթապահ բանակցությունները Բաքվին մղում են պատերազմի

Իմիտացիան և հերթապահ բանակցությունները Բաքվին մղում են պատերազմի
12.07.2016 | 02:49

ՆԱՏՕ. Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում անընդունելի է


Անցած շաբաթվա առանցքային միջազգային իրադարձությունն Ադրբեջանի համար հուլիսի 8-9-ին ՆԱՏՕ-ի սամմիթն էր Վարշավայում, որին մասնակցեց նախագահ Իլհամ Ալիևը: Վարշավայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռակողմ ձևաչափով քննարկեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Քերին հաստատեց Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը՝ փոխանցում է АПА-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի տեղեկատվությամբ հանդիպման ժամանակ Ալիևը և Սարգսյանը «պատերազմի դեմ» են եղել և հաստատել են «բանակցությունների գործընթացի հակվածությունը»: Վաշինգտոնը շարունակում է աջակցել քննարկումներին, որ տանում են դեպի ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորում՝ հավելել է պետքարտուղարը:


ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Մեթյու Բրայզան Trend.az-ին ասել է, որ Ալիևի մասնակցությունը վկայում է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է: «Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Վարշավայի սամմիթին լիովին բնական է և վկայում է, որ կողմերը լավ, բարեկամական հարաբերություններ են ստեղծել: Բացի այդ՝ Ադրբեջանը, անկասկած, կարևոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է ԱՄՆ դիվանագետը:


Իրենց դիրքորոշումը բարձրաձայնեցին և Հյուսիսատլանտյան ալյանսի պաշտոնական դեմքերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը արտահայտեց մտահոգությունը խնդրով, որ «առավել ակնհայտ է դարձել» ապրիլյան քառօրյա սրացումից հետո: Ապաթուրայը նշել է, որ կան կոնֆլիկտի լուծման «շատ գաղափարներ»՝ հավելելով. «Ստատուս քվոն չի կարող այդքան երկար շարունակվել և պետք է փոխվի բանակցությունների ճանապարհով»: Բրայզան հասկացրել է, որ չպետք է սպասել ղարաբաղյան խնդրի մանրակրկիտ քննարկում, քանի որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն է: Սակայն, նրա խոսքով, եթե համանախագահները կոնֆլիկտը անտեսեն, շատ վտանգավոր ուղղությամբ կարող է զարգանալ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բաքվին ու Երևանին կոչ արեց «նվազեցնել լարումը, հրաժարվել բռնությունից և շարունակել աշխատանքը հարցի խաղաղ լուծման ուղղությամբ»՝ մեջբերում է Report.az-ը: Ամփոփիչ կոմյունիկեում ՆԱՏՕ-ն, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդմամբ արտահայտել է «աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը»:


ՆԱՏՕ-ի սամմիթում Ալիևը հանդիպել է Ֆրանսիայի, ԳԴՀ-ի, Լեհաստանի ու Թուրքիայի ղեկավարների հետ


Օգտագործելով առիթը՝ Ալիևը անհատական հանդիպումներ է ունեցել: Հուլիսի 9-ին, սամմիթի առաջին օրը Ադրբեջանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ տեղի է ունեցել տեսակետների փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման շուրջ: Կողմերը նշել են խաղաղ լուծման նպատակահարմարությունը, Օլանդն ակտիվ աջակցություն է խոստացել: Ալիևը հանդիպել է նաև ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Նախարարի հետ Ալիևը մտքեր է փոխանակել Ղարաբաղի վերաբերյալ, նախագահի հետ՝ տնտեսության, էներգետիկայի, անվտանգության ու տրանսպորտի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է վերջին բանակցությունների «դրական առաջընթացի մասին»:


Իրանը Հայաստանին փրկում է մեկուսացումից


Հուլիսի 12-13-ին Սոֆիայում Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի ու Հունաստանի ներկայացուցիչների նախապատրաստվող հանդիպման մասին տեղեկությունը Haqqin.az-ին հիշեցրել է Երևանի փորձերը՝ իր կողմը «քաշել» բեռնափոխադրումներն ու տարանցումը: Այդ երկրները մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցից մինչև Սև ծով: Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հասկացրեց, որ Իրանը Հայաստանը համարում է նախագծի մասնակից: «Հայաստանն Իրանի համար առավել ընդունելի երթուղի է, հաշվի առնելով, որ քաղաքական առումով երկու երկրները մրցակից չեն, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի»՝ բացատրում է գործակալությունը: Haqqin.az-ը վստահ է, որ նշված պետությունները «բոլոր միջոցներով փորձում են աջակցել Հայաստանին՝ ի հակակշիռ Ադրբեջանի» և «նրանցից ոչ ոք չի ցանկանում Ադրբեջանի հետագա հզորացումը՝ առանց այդ էլ տարածաշրջանի ամենազարգացած ու հզոր պետության»: Բաքվում գտնում են, որ նախագիծը քիչ հեռանկարներ ունի ֆինանսավորման պակասի, Հայաստանի ռելիեֆի բարդության և ինֆրակառույցների բացակայության պատճառով: Առավելագույնը, որ կարող են անել դիվանագետները Սոֆիայում, փոխըմբռնման հուշագիր ստորագրելն է: «Բայց եթե նույնիսկ այդ միջանցքը ստեղծվի, որևէ կերպ չի կարող ներգործել Եվրոպա-Կովկաս-Ասիա մասշտաբային միջանցքի վրա, որ ավարտվում է Ադրբեջանի մասնակցությամբ»՝ եզրակացնում է Haqqin.az-ը:


«Հերթապահ հանդիպումները» և լուծման «իմիտացիան» բարձրացնում են ռազմական բախումների հնարավորությունը


Չնայած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցին և ապագա այցին Բաքու, ադրբեջանցի փորձագետները հոռետեսական են գնահատում ղարաբաղյան կարգավորման առաջընթացի հնարավորությունը: Նրանք միջազգային ջանքերը համարում են լուծման «իմիտացիա», իսկ բարձրամակարդակ հանդիպումները «հերթապահ»: Մոսկվայի գլխավոր նպատակն է «մեծացնել շփումների թիվը հուլիսին և օգոստոսին, վերացնել կոնֆլիկտի գոտում մարտական բախումների հավանականությունը»՝ կարծում է քաղաքագետ Էլհան Շահինօղլին:
«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավարը կարծում է, որ Կրեմլը դեռ չի հասցրել նախապատրաստել «կոնֆլիկտի արագացված լուծման ծրագիրը», իսկ ճգնաժամով զբաղված ԵՄ երկրներում չի ձևավորվել խնդրի կարգավորման տեսակետ: «Եթե ԵԱՀԿ նախագահ Գերմանիայի կանցլերը, երկիր, որ պետք է զբաղվի ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմամբ, հայտարարում է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում կոնֆլիկտի կարգավորման մեջ, պարզ է, որ արևմտյան երկրների միջնորդական նախաձեռնությունները պարզապես իմիտացիա են»՝ ընդգծում է նա: Երևանում ու Բաքվում ԳԴՀ ԱԳ նախարար Շտայնմայերը խոսում էր «ամեն ինչից, բացի կոնֆլիկտի լուծումից»՝ նկատում է Շահինօղլին: Թեպետ փուլային տարբերակը Բաքվի համար իդեալական է, քաղաքագետը կասկածում է, որ բանակցությունները հենց այդ ուղղությամբ են գնում՝ փոխանցում է YeniMusavat-ը:
Դիվանագիտության հաջողությանը չի հավատում և ռազմական փորձագետ ՈՒզեիր Ջաֆարովը: «Ապրիլյան բախումներից հետո արժեր սպասել, որ միջազգային կառույցները, մասնավորապես, ռուսական կողմը, ագրեսորին կջանան բացատրել, որ այդ իրադրությունը երկար շարունակվել չի կարող: Բայց Ռուսաստանը ինչ-որ փաստաթուղթ է առաջադրել և իբր նրա շուրջ քննարկումներ է անցկացնում: Ես կարծում եմ, որ այդ փաստաթղթի իրականացումը սկզբում կթվա անհնար, իսկ իրականացման նախօրեին նորից խառնակություն կսկսվի: Մենք պարզապես ժամանակ ենք կորցնում, դա կլինի ուղղակի հերթական հերթապահ հանդիպում՝ նախապես հայտնի արդյունքով»: Նա կարծում է, որ Երևանը փորձում է ժամանակ շահել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ ձեռքբերումը իր դիտորդների թվի ավելացումն է: Այդ միտումը հաշվի առնելով՝ Ջաֆարովը կանխատեսում է «որոշակի պահի» մարտական բախումների կրկնություն:
Ֆիզուլի ՄԱՄԵԴՈՎ, REGNUM


Հ.Գ. Մի կողմ թողնենք «անկարևոր» մանրամասները, որ Վարշավայում եռակողմ հանդիպում չի եղել, այլ՝ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որ Մեթյու Բրայզան ոչ թե ներկա, այլ նախկին օգնական է, որ ՆԱՏՕ-ի ամփոփիչ կոմյունիկեն «աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը» չի արձանագրել, այս աղավաղումները ծառայում են մի նպատակի՝ ապացուցել սեփական ժողովրդին, որ Ադրբեջանը շատ վճռական է, շատ հզոր, և բոլորը դա ընդունում են: Նպատակը արդարացնելն է ապրիլյան պատերազմը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրավիճակի գնահատման տարբեր չափանիշներ ունեն և զարգացման տարբեր սցենարներ: Նրանք պատերազմի մեջ են լուծում տեսնում և խոշորացույցով փնտրում են «ստատուս քվո» բառակապակցությունը, որ սկսեն հերքել՝ մեջբերումներ սարքելով միջազգային կառույցների ու համաշխարհային քաղաքական դեմքերի հայտարարություններից կամ տեսակետներից: Լավ կյանքից չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ