Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինի դաշնակից Բելառուսը ՆԱՏՕ-ի ամրապնդումը սպառնալիք չի համարում

Պուտինի դաշնակից Բելառուսը ՆԱՏՕ-ի ամրապնդումը սպառնալիք չի համարում
14.07.2016 | 12:30

«Մենք բալթյան երկրներում ու Լեհաստանում զորքերի լրացուցիչ տեղակայումը չենք դիտարկում անմիջական սպառնալիք Բելառուսի անվտանգությանը»՝ ՆԱՏՕ-ի Վարշավայի հուլիսի 8-9-ի սամմիթում ընդունված որոշումը մեկնաբանելով՝ ասել է Բելառուսի ԱԳ փոխնախարար Ելենա Կուպչինան: Դամիեն Շարկովը Newsweek-ում գրում է, որ բելառուս դիվանագետի հայտարարությունը հնչում է մի փուլում, երբ ՌԴ կառավարությունը բելառուսականից շատ է շահագրգռված ՀԱՊԿ-ի ուժեղացմամբ, որի անդամ են Ռուսաստանն ու Բելառուսը:

Վերջին մեկ տարում ՌԴ նախագահն ու վարչապետը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկում էին Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայման հարցը, սակայն Լուկաշենկոն հերքում է այդ քննարկումը: «Ռուսները հաճախ են խոսում, որ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի նոր ստորաբաժանումներ են տեղակայվում: Պետք է ընդգծել՝ նախ և առաջ՝ մեր սահմանների, բելառուսական սահմանների: Մենք դա տեսնում ենք և ընդունում ենք առանց աղմուկի, առանց իրարանցումի համարժեք քայլեր ենք ձեռնարկում»,- ասել է Լուկաշենկոն հունիսին, երբ Լեհաստանի կառավարությունն արդեն հայտարարել էր ՆԱՏՕ-ի լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայման մասին:


«Փոխնախարար Կուպչինայի մեկնաբանությունները և ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացման բելառուսական գործող ծրագիրը Բելառուսի անկախության խիզախ հայտարարություն է, որ երկրին չվերաբերվեն իբրև Ռուսաստանի հերթական նահանգի,- կարծում է Ռուսաստանի հարցով փորձագետ Քեյր Ջայլսը (Chatham House, Լոնդոն): - Սակայն Բելառուսը ակնհայտորեն տագնապով է հետևում ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի առճակատմանը»: Ռուսական բանակի հարցերով փորձագետ Իգոր Սուտյագինը (Լոնդոն) կարծում է, որ Լուկաշենկոն փորձում է հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ ՈՒկրաինայի ճգնաժամը սկսվելուց հետո: «Պուտինին երկրորդել՝ հայտարարելով ՆԱՏՕ-ի «սպառնալիք» լինելը Լուկաշենկոյին նպատակահարմար չէ, դա կհակասեր նրա ջանքերին: Այդ պատճառով նա չի շտապում աջակցել Կրեմլի հռետորաբանությանը»,- կարծում է Սուտյագինը: «Լուկաշենկոն տագնապում է Կրեմլին բելառուսական հողում պլացդարմ տրամադրելու մտքից,- ասում է Սուտյագինը Բելառուսում ռուսական ավիաբազա տեղակայելու մասին:- Նա դեռ հիշում է ռուսական բազան Սևաստոպոլում, և՝ ինչի դա հանգեցրեց»:

Առևտրի վերաբերյալ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի ցանկանում սահմանափակվել ոչ Ռուսաստանով, ոչ Արևմուտքով: Պետք չէ մոռանալ, որ Լուկաշենկոյի այցեքարտն է՝ խելոք հորթը երկու մոր կաթ է ծծում: Լուկաշենկոյի համար այդ ամենը վաղուց փորձարկված քաղաքականություն է:

Դամիեն ՇԱՐԿՈՎ, Newsweek


Հ.Գ. Փորձարկված և արդյունավետ՝ Ռուսաստանը ստիպված է հաշվի նստել Բելառուսի անկախության դրսևորումների հետ և հաշտվել Արևմուտքի հետ Լուկաշենկոյի սիրալիր հարաբերություներին: «Խելոք հորթի» իր կարգավիճակում Լուկաշենկոն անգերազանցելի է: Համենայն դեպս՝ Բելառուսում այդպես էլ ռուսական ավիաբազա չի տեղակայվել:
Այնպես չէ, որ Կրեմլը Մինսկի նկատմամբ իր սովորական քաղաքականությունը չի գործադրում: Հուլիսի 12-ին Մոսկվայում ՌԴ-ի ու Բելառուսի վարչապետների բանակցությունները չլուծեցին ածխաջրածինների առևտրի հարցերը: Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ընթացիկ հարցերից բացի «կա մեկ բավականին նշանակալից հարց, որ վերաբերում է էներգակիրների ոլորտում ստեղծված իրավիճակին, գազային ոլորտին, նավթի մատարակարարումների ոլորտին», Անդրեյ Կոբյակովը հավատացրել է, որ կառուցողական է տրամադրված: «Այդ թեմայով մենք խորհրդակցություններ ենք վարել, մեր նախարարները, փոխվարչապետը քննարկել են այդ հարցը: Նրանք գործակցում են, բայց լուծումներ դեռ գտնված չեն»՝ մեջբերում է ՌԴ կառավարության մամլո ծառայությունը Բելառուսի վարչապետի խոսքերը:


«Անցած տարիների փորձից մենք գիտենք, որ այդպիսի հարցերը չի կարելի ինքնահոսի թողնել, որովհետև հետո շատ դժվար է լուծումներ գտնել, նույնիսկ հաշվի առնելով փոխգործակցության շատ բարձր մակարդակը և գործընկերային հարաբերությունները: Կան թեմաներ, որոնց շուրջ անպայման անհրաժեշտ է պայմանավորվել՝ չստեղծելով երկարաժամկետ պրոբլեմներ, իրավիճակը փակուղի չմտցնելով: Եկեք խոսենք այդ մասին»՝ առաջարկել է ՌԴ վարչապետը: ՌԴ կառավարության մամլո ծառայությունը մոսկովյան հանդիպման մասին գրել է. «Բանակցությունների արդյունքներով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը գնահատականներ փոխանակեցին ռուս-բելառուսական փոխհարաբերությունների ընթացիկ վիճակի մասին՝ ներառյալ առևտրատնտեսական հարաբերությունները: Կողմերը պայմանավորվեցին խորացված խորհրդակցություններ անցկացնել երկու երկրների կառավարությունների անդամների և ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ»: Փաստացի՝ երկու վարչապետները որևէ արդյունքի չեն հասել և ընդամենը պայմանավորվել են շարունակել քննարկումները: REGNUM-ը գրում է, որ Մինսկը վաղուց է ձգտում վերացնել սահմանափակումները ածխաջրածինների վաճառքում Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: 2016-ին Բելառուսի պետական ձեռնարկությունները դադարեցին վճարել օգտագործված ռուսական գազի լրիվ գինը: Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը հայտարարեց, որ «Գազպրոմի» արտադրանքի գինը պետք է իջեցնել մինչև 73 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ հարցում 2015-ից Մոսկվային ապարդյուն փորձում է համոզել Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:
Արժի՞ մեկնաբանություններ հավելել, թե՞ պարզ են Հայաստանի ու Բելառուսի տարբերությունները և Մինսկի նկատմամբ Մոսկվայի հարգանքի պատճառներն ու հետևանքները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ