Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակվում են ողջ թափով, արձանագրում են Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները` մատնանշելով լավատեսական հայտարարությունները, որ այս շաբաթ Բաքվում հնչեցրին Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:
«Դա իհարկե լավ նախանշան է, սակայն մանրամասների և գործողությունների բացակայության պայմաններում խնդրի երկարաժամկետ լուծման հեռանկարների հանդեպ թերահավատությունն արդարացված է»,- նշում են ամերիկացի փորձագետները Stratfor-ի կայքում զետեղված հոդվածում` մեկ անգամ ևս ընդգծելով, որ տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները ակտիվացան ապրիլյան պատերազմից հետո: «Ապրիլի սկզբի իրադարձություններից հետո ռազմի դաշտում իրադրությունը բավական հանգիստ է: Դիվանագիտական ասպարեզում, սակայն, ակտիվ զարգացումներ են: Ճիշտ է, Ադրբեջանը, որ բավարարված չէր 1994-ին կնքված հրադադարի պայմաններից, չկարողացավ [ապրիլին] լուրջ տարածքային ձեռքբերումների հասնել, բայց և այնպես նրան հաջողվեց Հայաստանին հանկարծակիի բերել և նոր լիցք հաղորդել բանակցություններին»,- նշում են փորձագետները` նկատելով, որ բանակցային գործընթացի ամենատեսանելի արդյունքը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ամենամսյա հանդիպումներն են:
«Միջազգային միջնորդներից ամենակարևորն ու ազդեցիկը Ռուսաստանն է: Դրա պատճառը ոչ միայն Հայաստանում 5- հազարանոց ռուսական ռազմակայանի առկայությունն է, այլև այն իրողությունը, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական պետությունը»,- ընդգծում են Stratfor-ի մասնագետները` մատնանշելով պետերբուրգյան հանդիպումից հետո հնչած հայտարարությունները, թե «երեք նախագահները փոխըմբռնման են հասել»:
«Այսօր, սակայն, հստակ չէ, թե ինչ է նշանակում այդ փոխըմբռնումը և թե որքանով է մոտ հարցի վերջնական լուծմանը»,- նշված է ամերիկյան վերլուծական կենտրոնի հրապարակման մեջ: «Տեղական մամուլի հրապարակումներից և ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններից դատելով` կարգավորման ծրագիրը նախատեսում է Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանների փուլ առ փուլ վերադարձը [Ադրբեջանին]` ռուսաստանցի խաղաղապահների միջնորդությամբ: Այս ծրագրի իրագործման ճանապարհին, սակայն, մեկ շատ լուրջ խնդիր կա` Հայաստանը կարող է ընդդիմանալ տարածքային զիջումների հեռնակարին` ցանկանալով պահպանել իր փաստացի քաղաքական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ»,- նշում են Stratfor-ի փորձագետները:
«Բացի այդ, գլխավոր արբիտրի դերը ստանձնած Ռուսաստանը կարող է իրապես շահագրգռված չլինել հարցի կարգավորմամբ: Իհարկե, խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայելով՝ Մոսկվան կարող է տարածաշրջանում շատ ավելի մեծ ռազմական ներկայություն ապահովել: Մյուս կողմից, սակայն, դա կարող է ռուսական զորքերին շատ ավելի խոցելի դարձնել հակամարտության մեջ ուղղակի ներգրավվման առումով` այն էլ մի տարածաշրջանում, որտեղ մինչ այժմ Մոսկվան գերադասել է զերծ մնալ զորքերի տեղակայումից: Նման պայմաններում Մոսկվայի համար ամենաօպտիմալ տարբերակը կարող է դառնալ ակտիվ դիվանագիտական դերակատարության ստանձնումն առանց [կողմերի միջև] էական համաձայնության ձեռքբերման»,- գրում են Stratfor-ի մասնագետները:
«Հարկ է նկատել, սակայն, որ երկարաժամկետ կտրվածքով այնքան էլ ճիշտ չէ շարունակել բանակցությունները, որոնք չեն հանգեցնում ստատուս քվոյի էական փոփոխության:
Ի վերջո, հենց բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը հանգեցրեց ապրիլյան բախումներին, և քիչ հավանական է, որ Ադրբեջանը անորոշ ժամանակով ձգձգվող բանակցությունների ևս մեկ փուլ հանդուրժի»,- նշում են Stratfor-ի վերլուծաբանները՝ հավելելով. «Եթե դիվանագիտությունը չկարողանա որևէ շոշափելի արդյունք ապահովել, չի բացառվում, որ Ադրբեջանը դիմի նույնատիպ կամ ավելի լուրջ ռազմական գործողության: Այս հանգամանքով են թերևս բացատրվում Ռուսաստանից հնչող դրական հայտարարություններն ու ապագա հաջողությունների մասին ակնարկները: Բայց, ի վերջո, ղարաբաղյան խնդրի լուծումը առավելապես գործողություններ է պահանջում, այլ ոչ թե խոսքեր»: